ՊՊԾ գնդի գրավումն ազդել է Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա

ՊՊԾ գնդի գրավումն ազդել է Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա

Ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած իրադարձությունները ազդել են դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա, այն նվազել է։ Այս մասին են վկայում հայաստանյան տուրիստական գործակալությունները: Մեր զրուցակիցների խոսքով՝ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը՝ ընթացող պատերազմական գործողությունները, ֆինանսա-տնտեսական անկայուն վիճակը, ահաբեկչությունը եւ մի շարք այլ գործոններ, անխոս, ազդել են համաշխարհային տուրիզմի տենդենցների վրա։ Սակայն կան երկրներ, որոնք գրագետ գովազդի եւ այլ մարկետինգային հնարքների միջոցով կարողանում են մանեւրել առկա իրավիճակում եւ ապահովել զբոսաշրջիկների հոսք դեպի իրենց երկիր։ Հայաստանը, ցավոք, ետ է մնում այդ տենդենցից եւ, նրանց ձեւակերպմամբ, գրագետ քաղաքականություն չի իրականացնում այդ ուղղությամբ։



«Լեվոն Թրավել» տուրիստական գործակալության տուրիստական բաժնի ղեկավար Դավիթ Խաչիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո իրենց կողմից դեպի Արցախ ուղեւորությունները հանվել են, իսկ դեպի Հայաստան ուղեւորությունների վրա ապրիլյան պատերազմը որեւէ կերպ չի ազդել։ Մինչդեռ հուլիսի 17-ի դեպքերը սկսել են անհանգստություն պատճառել։ «Իսկ թե ազդել են տուրիստների հոսքի վրա, թե ոչ՝ մենք կիմանանք օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին»,-ասաց Խաչիյանը։ Մեր զրուցակիցը որքան էլ որ զբոսաշրջիկների հոսքի նվազման եւ ապրիլյան պատերազմի, հուլիսի 17-ի դեպքերի միջեւ որոշակի կապ տեսնում է, սակայն, ըստ նրա, զբոսաշրջիկների հետաքրքրության աճող նվազումը Հայաստանի նկատմամբ ավելի խորքային պատճառներ ունի։ Մասնավորապես՝ Հայաստանը հավուր պատշաճի չի գովազդվում դրսում, ինչը նշանակալիորեն ազդում է զբոսաշրջիկների հետաքրքրության վրա։ Ըստ մեր զրուցակցի՝ իրենց կողմից իրականացված անցած մի քանի տարիների մոնիտորինգը հուշում է, որ, ի տարբերություն Հայաստանի, աճում է հետաքրքրությունը հարեւան Վրաստանի նկատմամբ։ Արդյո՞ք դա կապ ունի գնային քաղաքականության հետ։ «Ոչ, բացարձակ կապ չունի, դա կապ ունի երկրի ընդհանուր գովազդի եւ առաջխաղացման հետ, որը բացարձակապես չի արվում»,-ի պատասխան ասաց Դավիթ Խաչիյանը։



«Այտուր» գործակալությունից եւս հայտնեցին, որ հուլիսի 17-ի դեպքերը անհանգստություն են պատճառել իրենց հաճախորդներին, որոնք մինչ այդ ամրագրումներ էին արել եւ այս ընթացքում պարբերաբար զանգում եւ հետաքրքրվում էին՝ արդոք ի՞նչ իրավիճակ է Հայաստանում։ Արաբական երկրի խումբը, ըստ մեր զրուցակցի, չնայած անհանգստությանը, ժամանել է Հայաստան։



«Ռիմաթրավել» տուրիստական եւ ավիատոմսերի վաճառքի գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանը, ի տարբերություն մյուս գործակալությունների, ասաց, որ ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած օրերին իրենց գործակալությունը հակառակ պատկերն է արձանագրել՝ մեծ ակտիվություն է նկատվել զբոսաշրջիկների կողմից, ովքեր, չնայած պատերազմական իրավիճակին, ցանկություն են հայտնել գնալ Արցախ։ «Այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները այդ օրերին ձգտում էին դուրս գալ Հայաստանից եւ մեր գործակալությանը տոմսերի գնի հետ կապված բազմաթիվ հարցումներ էին անում, դրսում գտնվող քաղաքացիները ընդհակառակը՝ ցանկություն էին հայտնում Հայաստան գալ։ Ինքս զարմացած էի, թե ինչպես են մարդիկ ցանկություն հայտնում լինել Արցախում, իմանալով, թե ինչ վիճակ է այնտեղ»,-նշեց գործակալության տնօրենը։ Նրա խոսքով՝ հուլիսի 17-ի դեպքերը նույնպես էապես չեն ազդել իրենց տուրիստական գործակալության միջոցով Հայաստան եկող զբոսաշրջիկների աճի վրա։ «Դրսում գտնվող մեր հայրենակիցները այս ընթացքում պարբերաբար զանգել են, հետաքրքրվել են, թե ինչ իրավիճակ է, արժի՞ գալ, թե՞ ոչ։ Հավատացեք, արտասահմանում Հայաստանի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը լրատվամիջոցներն են։ Երբ մեր երկրում որեւէ իրադարձություն է տեղի ունենում ու լրատվամիջոցները սկսում են ակտիվորեն լուսաբանել դա, այդ լուսաբանումները երբեմն խանգարում են տուրիզմի զարգացմանը։ Մենք բացատրում ենք մեր հաճախորդներին, որ գալով Հայաստան եւ այցելելով օրինակ Էջմիածին կամ Դիլիջան, իրենց ոչ մի բան չի պատահի, քանի որ Երեւանում տեղի ունեցող անհանգիստ իրադարձությունները չեն կարող «սպառնալ» մյուս վայրերում հանգստի մեկնողներին։ Երբ տարիներ առաջ Եգիպտոսում քաղաքական իրավիճակը լարված էր եւ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում, Հայաստանի բնակչությունը տեղեկանալով այդ մասին, բնականաբար խուսափում էր մեկնել այդ երկիր, սակայն մենք մեր քաղաքացիներին ուղարկում էինք Շարմ էլ Շեյխ, ովքեր բարեհաջող իրենց հանգիստն անցկացնում եւ ետ էին վերադառնում։ Իսկ վերջին միջադեպը, երբ պայթեց Շարմ էլ Շեյխից եկող ինքնաթիռը, իրավիճակը փոխվեց, հետաքրքրությունը կտրուկ նվազեց այդ ուղղությամբ, որում իր մեծ դերակատարությունն ունեցավ նաեւ մամուլը»,-նշեց Ռիմա Խաչատրյանը։ Նա նաեւ շեշտեց, որ ներգնա տուրիզմի զարգացման հարցում մեծ դեր է խաղում նաեւ սպասարկման որակը, ինչը միշտ չէ, որ կարողանում են ապահովել հայաստանյան գործակալությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես ռուսական շուկան։ «Ես օրերս զրուցում էի նաեւ ֆրանսիական առաջին տուրիստական գրասենյակի տնօրենի հետ; Այնտեղից ինձ ասացին, որ ակնկալում են այս տարի մինչեւ 30 հազար տուրիստ բերել Հայաստան»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, թե բոլոր այն երկրներում, որտեղ իրենք ունեն զբոսաշրջային կազմակերպություններ, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի նպաստեն Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության աճին։



Հեղինե Մանուկյան