Ոչինչ չենք մոռացել եւ չենք էլ պատրաստվում մոռանալ

Ոչինչ չենք մոռացել եւ չենք էլ պատրաստվում մոռանալ

Սերժ Սարգսյանի ներողությունը՝ ուղղված լրագրողներին, ուշացած էր։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հանրապետության նախագահի ելույթի այն հատվածին, որտեղ նա առաջարկել էր լրագրողներին մոռանալ հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները, որի հետեւանքով մի քանի լրատվամիջոցների շուրջ մեկ տասնյակ լրագրողներ էին տուժել։ «Այս էքստրեմալ իրադարձությունների պայմաններում երեւաց, որ գործող իշխանությունները նաեւ ինտելեկտուալ ճգնաժամ են ապրում։ Դա արտահայտվում էր եւ իշխանությունների գործողություններում, եւ լեքսիկոնում։ Նախագահի այդ ելույթը գրողը անհաջող արտահայտություն է կիրառել՝ հորդորելով մոռանալ լրագրողներին տեղի ունեցածը՝ «եղել է, անցած լինի» տարբերակով, ինչը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Առհասարակ Սերժ Սարգսյանի ներողությունն էլ բավականին ուշացած էր։ Հիշենք Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւանի» հետ կապված՝ 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը, որոնք իրենց մասշտաբներով ավելի մեծ էին ․ես նկատի ունեմ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները։ Այն ժամանակ խոչընդոտվել էր 24 լրագրողի եւ օպերատորի աշխատանք, որոնցից 13-ը դաժան ծեծի էին ենթարկվել։ Դրան նախագահը մատների արանքով նայեց եւ այն քրեական գործը, որը հարուցված էր, դա զուտ ձեւական էր եւ միտում ուներ կոծկելու տեղի ունեցած դեպքերը։ Մինչդեռ գիտենք, որ այս գործում 21 տուժող լրագրող եւ օպերատոր կա, բայց չկա որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ։ Դա խոսում է այն մասին, որ իշխանությունները մտադիր չեն պատժել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ իրենց հրամանները ջանասիրաբար կատարողներին, ովքեր չարաշահում էին իրենց լիազորությունները՝ դաժան բռնությունների ենթարկելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,-վերհիշեց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այդ անպատժելիության մթնոլորտն էլ բերեց, հանգեցրեց օրերս տեղի ունեցած իրադարձություններին, լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին։ «Ճիշտ է՝ այս անգամ տուժած լրագրողների թիվը փոքր ինչ քիչ է, քան մեկ տարի առաջ, բայց այստեղ էլ աննախադեպ էր հատուկ միջոցների կիրառումը, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնի ու դաժան գործողությունները։ Փաստորեն, լրագրողներին հավաքել էին մի տեղ, որից հետո կիրառել էին հատուկ միջոցները, ինչից էլ վիրավորվել էին իրենց մասնագիտական պարտքը կատարող մարդիկ։ Եւ այս դեպքերից հետո առաջին անգամ նախագահը ներողություն խնդրեց։ Այդ ներողությունը կարող է տեղ հասնել միայն այն դեպքում, երբ բոլոր մեղավորները համապատասխան պատիժ ստանան այդ ամենի համար, ինչ արել են» ,-հայտարարեց մեր զրուցակիցը։



Իսկ ինչպես պետք է արձագանքի լրագրողական հանրույթը Սերժ Սարգսյանի այդ հորդոր-կոչին՝ հարցին Մելիքյանն արձագանքեց․ «Կարծում եմ, որ լրագրողական հանրությունը ժամանակ առ ժաանակ պետք է ցույց տա իշխանություններին, որ ոչ միայն չի մոռացել, այլեւ հիշում է տեղի ունեցածը։ Մենք ուշադիր հետեւելու ենք իրավապահ մարմինների, եւ ընդհանրապես իշխանությունների գործողություններին եւ արձագանքելու ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք հայտարարությամբ հանդես կգանք, թե ինչ փուլի է հասել հետաքննությունը եւ դրանով իսկ կհիշեցնենք իշխանություններին, որ ոչինչ չենք մոռացել եւ չենք էլ պատրաստվում մոռանալ, ավելին՝ հետամուտ ենք լինելու մեղավորների պատժմանը, ովքեր էլ որ նրանք լինեն»։



Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր օգոստոսի 1-ի իր ելույթում մասնավորապես ասել էր․ «Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»:



Նշենք, որ Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ «ՍիվիլՆեթի» լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Վնասվածքներ են ստացել նաեւ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանին եւ Հովհաննես Մովսիսյանին: Քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Տուժել են Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը, «Լայֆ.ռու»-ի եւ Panorama.am-ի օպերատորները: 



Հեղինե Մանուկյան