Էջմիածնում «առեւանգել» են պոտենցիալ թեկնածուին

Էջմիածնում «առեւանգել» են պոտենցիալ թեկնածուին

Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել։ Օգոստոսի 19-ին Էջմիածնի բնակիչ Կարեն Խաչատրյանը գնացել է Էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձեւով «առեւանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը։ Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առեւանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ։ Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաեւ Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան` զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր։ Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են եւ միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլեւս առաջադրման ժամկետն սպառված է եղել։ Պոտենցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն։ Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ է։ Միայն հայտնի է, եւ կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել։



Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որն ընտրությունների նախաշեմին հայտնաբերել էր, որ 2014-ից ինքը եւ իր ընտանիքն ապօրինի դուրս են մնացել Էջմիածնի գրանցումից, մեզ հայտնեց, որ ինքն անձամբ անձնագրայինում տեսել է, որ Կարեն Խաչատրյանը եկել է համապատասխան փաստաթղթի հետեւից։ «Եղբորս տղան ավագանի է առաջադրվում, մենք էլ էինք գրանցման թղթի հետեւից գնացել, անձնագրայինում տեսա, խոսեցի, ու դրանից հետո ասում են, որ անհետացել է»,- պատմեց Հրաչիկ Աբգարյանը։ Էջմիածնում Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված իրական թեկնածու էլ կա՝ Արթուր Թումանյանը, որն անձամբ է Կարեն Խաչատրյանից ճշտել եղելությունը. «Ես գիտեմ, որ Կարենին տարել-պահել են, որ ժամանակն անցնի, ու 7-ի կողմերը նոր բերել են։ Հեռախոսն էլ անջատած էդ տղու, զանգում էինք, չէինք կարողանում կապվել։ Հետո, այդ տղու ասելով, իրեն տարել են Աշտարակի ձոր՝ իբր հաց ուտելու, ինքն էլ չի կարողացել ինչ-որ բան անի, տարել-պահել են, որ Կարեն անունով մարդ չլինի իրենց դեմ։ Ասում էր, որ իրեն տանողը հարեւանի տղա էր, քաղաքապետարանի աշխատող, ասել է՝ նստի մեքենան, գնացել են։ Գուցե բաներ կան, որ ինքն ինձ չի ասում, գիտեք, որ վախի մթնոլորտ է այստեղ, մեր պայքարն էլ վախի մթնոլորտի դեմ է»։ Ուշագրավ է, որ Էջմիածնում առաջադրված երրորդ թեկնածուի անունը նույնպես Արթուր է՝ անկուսակցական, քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը։ Չի բացառվում, որ Կարեն Գրիգորյանն իրական մրցակից Արթուր Թումանյանի անվանակցին է խաղի մեջ մտցրել, որպեսզի ընտրողների շրջանում շփոթ առաջացնի, Արթուր Թումանյանն էլ է փորձել հակընդդեմ քայլ կատարել եւ Կարեն Խաչատրյանին փորձել է բերել արենա, բայց ապարդյուն։ Թումանյանը վստահեցրեց, թե իրականում շփում չունի Կարեն Խաչատրյանի հետ, ընդամենը «բարեւ-բարլուս», սակայն փոխանցեց Խաչատրյանի բնակության հասցեն՝ Միչուրինի 30։



Արթուր Թումանյանը «Հայջրմուղկոյուղու» Էջմիածնի տեղամասի պետն էր՝ 10 տարի, 2014-ին ինքնակամ լքել է պաշտոնը, եղել է նաեւ ավագանու անդամ։ Թումանյանն ասաց, որ ինքը միշտ պայքարել է Գրիգորյանների «ապօրինությունների» դեմ. «Իրենց ապրելաձեւի, իրենց աշխատանքի դեմ եմ եղել, Էջմիածնում գիտեք, որ նրանք ծեծում-ջարդում, խլում, հայհոյում են, իսկ մենք նման բաների դեմ ենք ելել։ Էջմիածինցիք հոգնել են, հոգնելուց էլ են հոգնել, այստեղ չեք պատկերացնի ինչ վախի մթնոլորտ կա, բայց մենք կպայքարենք դրա դեմ»։ Թեկնածուի խոսքով, Գրիգորյանի նախընտրական կամպանիան արդեն սկսվել է. «Տուն-տուն ընկած՝ ձայն են հավաքում»։ Գրիգորյանները, մեր զրուցակցի կարծիքով, Էջմիածինը դարձրել են ընտանեկան բիզնես-կենտրոն. «Մանվել Գրիգորյանի փոքր որդին՝ Արման Գրիգորյանն էլ ավագանու թեկնածություն է առաջադրել, փեսան՝ Արտակ Պողոսյանը, նույնպես, ու այդպես ընտանեկան բիզնես են դարձրել։ Ես այնպես եմ անելու, որ Էջմիածինը վերադարձնեն էջմիածինցուն, դա հոգեւոր կենտրոն է, Մանվելի հոր սեփականությունը չէ»։



Արթուր Թումանյանն ասաց նաեւ, որ ինքը պայքարի կեսից դուրս կգա միայն մի դեպքում, «երբ մեռած լինի»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ