Օշականում ընտրություններին կխառնվեն նաեւ գողականները

Օշականում ընտրություններին կխառնվեն նաեւ գողականները

ՏԻՄ ընտրությունները կատաղի պայքար են խոստանում ոչ միայն մեծ համայնքներում, այլեւ որոշ գյուղերում, որտեղ մրցապայքարը գյուղապետի աթոռի համար հասնում է մինչեւ միջկուսակցական, ներթիմային եւ անգամ կրիմինալ հարթություն։ Օշական գյուղը դրանցից մեկն է, այստեղ առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու։ 17 տարի պաշտոնավարող գյուղապետն է կրկին հայտ ներկայացրել՝ Արամ Ներսիսյանը, վեցերորդ անգամ։ Բայց նա նաեւ այն եզակիներից է, Կարմիր գրքի պոտենցիալ հավակնորդ, որ հինգ անգամ պաշտոնավարելուց հետո էլ մնացել է անկուսակցական, թեեւ տարբեր կուսակցություններից հրավեր է ստացել ու մերժել։ Նույնիսկ Հանրապետականին չի հաջողվել «կոտրել» նրան։



ՀՀԿ-ն այս անգամ էլ Ներսիսյանին պաշտպանելու որոշում է կայացրել, բայց գործող գյուղապետին դա չի զարմացնում, ասում է, որ ինքն իր գործն է անում ու լավ է անում եւ չի դավաճանում իր սկզբունքներին՝ մնում է անկուսակցական։ «Ամենակարեւորը ժողովրդի աջակցությունն է, որն ունեմ արդեն տարիներ շարունակ, ես իրենց ցավը տանեմ»,- զգացմունքները չի զսպում գյուղապետը։ Առաջադրված թեկնածուներից մյուսն Օշականի մշակույթի տան տնօրենն է՝ դարձյալ անկուսակցական Հայկ Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով, նրան «տակից» աջակցում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը որոշել է «վրեժ լուծել» Արամ Ներսիսյանից, որին ՀՀԿ տանելու համար ահռելի, բայց ապարդյուն ջանքեր է թափել։ Բացի դրանից, մենք անդրադարձել ենք, որ Սահակյանն այս ՏԻՄ ընտրություններին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, նա «ներքեւից» հեղափոխություն է կազմակերպում, փորձում գյուղերում ու քաղաքներում իր կամակատարներին ղեկավար դարձնել, որպեսզի կաթվածահար անի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի աշխատանքը եւ նորից վերադառնա նախկին պաշտոնին։ Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀԿ-ականը պայքարելու է հարազատ կուսակցության դեմ, որն Օշականի գյուղապետին աջակցելու որոշում է կայացրել։
Օշականի գյուղապետը տեղյակ չէ այդ ստվերային աջակցություններից. «Ես չէի ասի, որ այդ թեկնածուին ինքն է դրել, թեկնածուն իմ կուլտուրայի տան տնօրենն է, որը չգիտեմ ինչի դրել է, փորձում է գյուղապետ դառնալ։ Ժողովուրդն ում կհարգի, թող նա էլ դառնա»,- հանգիստ արձագանքում է Օշականի գյուղապետը։ Տեղեկություններ կան, որ ժամանակին Ներսիսյանն ու Հայկ Հովհաննիսյանն ընկերներ են եղել, հետո ինչ-որ պահի տարաձայնություններ են առաջացել նրանց միջեւ, ինչ-որ բան չեն կարողացել կիսել, խառնվել են գողականները, ու հիմա Հայկ Հովհաննիսյանը որոշել է գալ ու ջրի երես հանել Ներսիսյանի «մութ» գործերը։ «Ճշմարիտ ասում եմ՝ ոչ»,-մրցակցի հետ նախկինում բիզնես գործընկերության մասին մեր լուրերը հերքեց Ներսիսյանը, իսկ իր եւ Հովհաննիսյանի ներկայիս հարաբերությունների մասին ասաց. «Ես նորմալից էլ լավ եմ տրամադրված իր հանդեպ»։ Իսկ ի՞նքը։ «Չեմ կարող ասել»։



Լուրեր կան, որ գործող գյուղապետին չի ընդունում նաեւ տեղի գողական համայնքը՝ Օշականցի Գեւորիկի գլխավորությամբ, անցած ընտրություններին էլ այս հանրույթը Ներսիսյանի դեմ է աշխատել։ Համայնքի ղեկավարի պաշտոնում իր երկարակեցության գաղտնիքը Ներսիսյանն այսկերպ է բացատրում. «Մեր մարզում չկա Օշականի պես համայնք, մեզ մոտ այսօր ոչ մի գլոբալ խնդիր չկա, բոլոր հարցերը լուծված են իմ պաշտոնավարման ընթացքում։ Մանկապարտեզներ, դպրոցներ, գազ, ջուր, ճանապարհ եւ այլն»։ Այդ դեպքում ի՞նչ է անելու վերընտրվելու դեպքում։ «Մի գործ կգտնեմ»,- կատակում է գյուղապետը։ «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգման հարց կա, եւ, բացի այդ, ամենադժվար բանը եղածը պահպանելն է, դա ավելի դժվար է... հենց սկսեցին ինձ հայհոյել, այլեւս չեմ առաջադրվի»,- անընդհատ կատակում էր Արամ Ներսիսյանը։ Նա վստահեցնում է, որ անկուսակցական էլ կմնա. «Իմ սկզբունքն է դա»։
Մշակույթի պալատը 30 տարուց ավելի ղեկավարած Հայկ Հովհաննիսյանը չի ցանկանում տարաձայնությունների մասին խոսել։ «Դա իմ անձնական կյանքն է»՝,-թեման կտրականապես փակում է նա։ Իրականում, ասում է, առաջադրվել եմ, որ փոփոխություն լինի, գործող գյուղապետի գործունեությունն էլ այսպեսէ գնահատում․ «Բոլոր աշխատանքային տեղերում էլ թերի տեղ կա, իր մոտ էլ թերի տեղ կա, իմ մոտ էլ։ Պարզապես փոփոխություն եմ ուզում»։ Թեկնածուն հերքում է Սահակյանի՝ իրեն առաջադրելու լուրերը, պնդում է հակառակը. «Նախկին մարզպետը գյուղապետին է պաշտպանում։ Ինձ թեթեւ օգնում է Դաշնակցությունը։ Դաշնակցական որոշ ընտանիքներ ինձ ձայն կտան»։ Մինչդեռ ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, գործող գյուղապետին է սատարում։ Երրորդ թեկնածուն Վերա Զաքարյանն է, առաջադրվել է «Ալյանս» կուսակցության կողմից: Նա «Ալյանսի» վարչության, Հանրային խորհրդի անդամ է, «Գյուղի կին» ՀԿ հիմնադիր նախագահը եւ ղեկավարում է «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ն: 2005-ին էլ է առաջադրվել ու պարտվել Արամ Ներսիսյանին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ