Թումանյանի հեքիաթները՝ զուգարանի թո՞ւղթ

Թումանյանի հեքիաթները՝ զուգարանի թո՞ւղթ

Բնական կարիքները քաղաքավարի հոգալու հարցում մեզանում այդպես էլ մշակույթ չի ձեւավորվում: Առնվազն ողբերգություն կարելի է որակել այն, որ մեզ համար ցանկացած վայր կարող է ծառայել որպես զուգարան՝ գետնանցում, բնակելի շենքի մուտք, այգի կամ էլ ցանկացած վայր, որտեղ այդ պահին հետեւող աչք չկա: Անգամ բնական կարիքները հոգալու համար ի սկզբանե նախատեսված վայրերը՝ զուգարանները, կարող ենք ապականել՝ «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, չմտածելով, որ նույն այդ վայրից մեզնից հետո օգտվողները կարող են անասելի զզվանք ապրել ու արդարացիորեն հայհոյել «անանուն ստեղծագործության» հեղինակին: Թեման ամենացավոտներից է տուրիզմը որպես տնտեսության զարգացման հեռանկար ու ռեսուրս համարող մեր երկրի համար: Փաստ է, որ մեր երկիր ոտք դրած հարգելի զբոսաշրջիկը կամ հենց մենք՝ տեղացիներս, հիանալով մեր բազմադարյա պատմության վկայություններով՝ Գառնի-Գեղարդով եւ այլ հուշարձաններով, հաջորդ պահին, երբ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն ենք զգում, փաստի առաջ ենք կանգնում ու բախվում դառը իրականությանը՝ տեղանքում զուգարան չկա, իսկ եղածն էլ այն աստիճան գարշահոտ ու նողկալի է, որ գերադասելի է ռիսկի չդիմել: Օրերս մեր թղթակիցը եղել է Տաթեւում եւ ականատես եղել ամոթալի մի տեսարանի: Աշխարհով մեկ թնդացվող «Տաթեւեր» ճոպանուղով Տաթեւի վանական համալիրից ետ դարձող զբոսաշրջիկներն իրենց զզվանքն են հայտնել շրջակայքում տեղակայված զուգարանի վերաբերյալ՝ ծամածռելով դեմքերն ու նողկանքի ժեստեր անելով: «Ужас»,-մի գլուխ կրկնել է ռուսախոս զբոսաշրջիկը: Ի դեպ, ավելի դաժան մի տեսարանի էլ է մեր թղթակիցն ականատես եղել՝ բուն «օբյեկտի» մոտ: Գարշահոտ զուգարանի առաջ կանգնած մի տարեց կին իր թարգմանիչ որդու հետ օտարազգի զբոսաշրջիկներին է առաջարկել մեծն Թումանյանի հեքիաթները՝ գերմաներեն թարգմանված: Զբոսաշրջիկներից մեկը թերթել է գիրքը եւ սկզբում հրաժարվել է գնել այն, քանի որ, հավանաբար, այդ պահին ավելի կարեւոր «հոգս» է ունեցել՝ բնական կարիքները հոգալու հոգսը: Մի քանի րոպե հետո դուրս գալով զուգարանից, գիրք առաջարկող կնոջ կողքով անցնելիս, նույն այդ զբոսաշրջիկը հայտարարել է. «Իզուր էլ չվերցրի գիրքը, այն որպես թուղթ պետք կգար զուգարանում»: Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս․ 3-հազարամյա պատմություն ունեցող, աշխարհին Թումանյան տված ժողովուրդ ես, բայց որքա՞ն արժե սնապարծությունդ, երբ նորմալ պետքարան չունենալու հանգամանքն օտարազգիին ստիպում է Թումանյանիդ գրվածքները դիտել որպես պոտենցիալ զուգարանի թուղթ:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ