Ինչ չհանդգնեց բարձրաձայնել վարչապետը

Ինչ չհանդգնեց բարձրաձայնել վարչապետը

Երեկ սպասում էինք, որ վարչապետը կառավարության նիստն սկսելուց առաջ կհայտարարի իր հրաժարականի մասին: Սակայն վարչապետն առանց նախաբանների անցավ օրակարգին: Այն բավականին արագ սպառելով՝ նա խոսքը տվեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որը հայտարարություն արեց պետպատվերի շրջանակներում սրտի ստենտավորման վիրահատությունների էժանացման մասին: Եվ միայն ամենավերջում կարդաց իր հրաժարականի ելույթը, որը հաշված րոպեների ընթացքում ողողեց համացանցը: 



Վարչապետը խոսեց մոտ 5 րոպե եւ չասաց, թե ուր է գնում եւ, ի վերջո, ինչ պատճառով է հրաժարական տալիս, սեփակա՞ն որոշմամբ է հեռանում, թե՞ հարկադրված: Կառավարությունը, ՀՀ իշխանական համակարգը դարձել է մի մեծ սովետական հիմնարկ, որտեղ բոլորի համար տեղ գտնվում է: Ուստի մի պաշտոնից հեռանալիս պաշտոնյաները չեն էլ տխրում, որովհետեւ գիտեն, որ անաթոռ չեն մնալու: Եվ վարչապետն էլ երեկ տխուր չէր, այլ գործնական, աշխատանքային տրամադրություն ուներ: Միայն մի պահ ձայնը ռոմանտիկ դարձավ, երբ ասաց. «Անհրաժեշտ է նոր սկիզբ»: «Ապահով Հայաստան», «Հավատանք, որ փոխենք», հիմա էլ՝ «Նոր սկիզբ»: Հովիկ Աբրահամյանը, առհասարակ, «սկզբի» մասնագետ է: Մի քանի անգամ սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ: 



2015-ին ստեղծեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որում ներգրավված էին կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներ՝ նախարարներ, տարբեր հայտնի դեմքեր: Որպես կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետ՝ նա պետք է առաջին հերթին դուրս շպրտեր իշխանություն թափանցած գործարարներին կամ բիզնեսի հետ անգամ հեռահար կապ ունեցող անձանց պետական կառավարման համակարգից, ավելի ճիշտ՝ պահանջեր այդ իրավունքը ՀՀ նախագահից: Այ, դա կլիներ իսկական սկիզբը: Մինչդեռ ՀՀ կառավարությունը տաքուկ օջախ է դարձել օլիգարխների, անօրինական ճանապարհով հարստացածների, բիզնեսը գործադիրի հետ սերտացրած անձանց համար: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, վարչապետի խորհրդական, Կոտայքի նախկին օլիգարխ-մարզպետ Կովալենկո Շահգալդյան, մեկ այլ խորհրդական, բիզնես լեդի Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյան, Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Լոնդիկ՝ Էդիկ Բարսեղյան, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան, ՊԵԿ միլիարդատեր նախագահ, Հովիկ Հովսեփյան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան, գյուղնախարար Սերգո Կարապետյան. ցուցակը կարելի է շարունակել: Զարմանալի չէ, որ հասարակությունը քմծիծաղով վերաբերվեց վարչապետի հակակոռուպցիոն քայլերին:



2016-ի մայիսին նա կրկին նոր սկիզբ ավետեց. պետական ապարատը պետք է կոմպակտ դառնա, պետք է կրճատել ապարատի ներկայացուցչական եւ այլ ծախսերը, ծառայողական մեքենաներն ու գործուղումները: Բայց մեքենաներից կրճատում էին հիմնականում հին թվերի սովետական մոդելները, ներկայացուցչական ծախսերի կրճատումը հանրության համար դարձավ հավասարում՝ մի քանի անհայտներով: Անհայտներից մեկն այն էր, թե ինչու ծախսերի կրճատման այս շրջանում նոր, լրացուցիչ հատկացումներ արվեցին գործուղումների համար, օրինակ, պետական պահպանության ծառայության աշխատողներին, որոնք ապահովում են բարձրաստիճան անձանց արտասահմանյան այցերի ժամանակ, վերջին նիստերից մեկում հատկացրին լրացուցիչ 50 մլն. դրամ:



Արդարադատության նախարարությունն ապօրինի հարստության դեմ օրենքներ է մշակում, սակայն նախարարը նշում է, որ դրանք չեն վերաբերելու մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելու պահը կուտակված հարստությանը: Մի նոր ու իսկական սկիզբ կլիներ, եթե վարչապետն իրական պայքար սկսեր մենաշնորհների դեմ, սահմանափակեր Սաշիկ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի, Միհրան Պողոսյանի, Էդուարդո Էռնեկյանի մինի-կայսրությունները Հայաստանի ներսում: Այս վերջինը խայտառակ վիճակ է ստեղծել ավիացիայում, փոստում, բոլոր ոլորտներում, որոնց վրա ձեռքը դրել է: Բայց այս ամենի փոխարեն վարչապետը «պռառաբություն» էր անում իր ողջ վարչապետության շրջանում՝ ուշադիր հետեւում էր կառավարության նոր շենքի կառուցմանը, ընթացիկ հարցեր էր փորձում լուծել, մի քիչ աշխատավարձ էր բարձրացնում, մի երկու դպրոց ու մարզադաշտ էր կառուցում, հիվանդանոց, աղետներից տուժած գյուղացիների էր օգնում: Վարչապետը չասաց, թե ինչ ներքին խոչընդոտների էր հանդիպում իր կառավարման ընթացքում, չասաց, թե ով եւ ինչու իրեն չէր թողնում աշխատել, թե ինչու նրան չէին ենթարկվում ուժային նախարարները: Ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության աշխատանքները, «Հին Երեւան» ծրագրի գլուխ բերումը, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ. դրամով ավելացված աշխատավարձերը. սրանք են, ըստ Հովիկ Աբրահամյանի, նրա հիմնական ձեռքբերումները: Ելույթում նա չխոսեց նաեւ իր իրական ձախողումների մասին:



Ընդամենը խոստովանեց, որ պայքարել է քաղաքական անջրպետների դեմ, «աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար», հանդիպել է դժգոհների հետ՝ գյուղացուց մինչեւ «կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացիներ»: Ի դեպ, վերջիններս ամենաշատն են տպավորվել, հավանաբար, որովհետեւ նրանք էին մյուսներից հաճախ գալիս կառավարության շենքի մոտ: Այս հանդիպումների արդյունքում կամուրջներ չկառուցվեցին, փաստորեն: Հասարակությունը մնաց բեւեռացված, շեշտում է վարչապետն ու պատճառներ նշում՝ «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնությունները»:



Տիգրան Սարգսյանն էլ ամեն ինչ գցում էր համաշխարհային ճգնաժամերի վրա: Փաստորեն, արտաքին ուժերն են մեղավոր, որ մեր հասարակությունը բեւեռացված է, ու խնդիրները չեն լուծվում: Ոչ թե կոռուպցիան, մենաշնորհները, հարկային եւ մաքսային «բեսպրեդելը», որոնք ինչպես կային Տիգրան Սարգսյանի օրոք, այնպես էլ մնացին:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ