Ուրիխանյանը դեմ քվեարկեց դատախազի թեկնածուին

Ուրիխանյանը դեմ քվեարկեց դատախազի թեկնածուին

«Ալյանս» կուսակցության գրասենյակը էլետրոնային փոստով մեզ է ուղարկել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քվեարկած թերթիկը, որտեղ երեւում է, որ նա դեմ է քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին: Նա փաստորեն քվեարկել է, իր քվեաթերթիկը լուսանկարել եւ հրապարակել։ Գուցե պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի նախորդ ընտրություններին ընդամենը 3 դեմ ձայն կար եւ այդ ձայներին մի քանի «տիրություն» անողներ, ուստի մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց իր քվեարկած թերթիկը հրապարակել, որ ապացուցի իր դեմ քվեարկելը։ Բայց չենք կարծում, որ սա ճիշտ մոտեցում է։ Ի վերջո, քվեարկած թերթիկները լուսանկարելն ինքնին մերժելի է։ Առավել եւս երբ դա անում են օրենսդիրները։ Բոլորս գիտենք, որ քվեարկած թերթիկները լուսանկարել պարտադրում են, որպես կանոն, ընտրակեղծարարները՝ որպես ընտրողի՝ իրենց նկատմամբ հավատարմության առհավատչյա։ Երբեմն այդ լուսանկարների դիմաց գումար վճարելու պայմանով։ Եւ պատգամավորի կողմից նման քայլն ակամայից այս արատավոր երեւույթին նպաստել է նշանակում։



Ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի դեմ քվեարկելուն, փաստը հետաքրքիր է այն առումով, որ դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը համարվում է պատգամավորի քեռու տղայի` ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի մտերիմը եւ սրանով Ուրիխանյանը փորձում է տարանջատվել իր ազգականից: