Հնարավոր առճակատում Կ. Պոսլի Տիեզերական պատրիարքության եւ Մոսկովյան պատրիարքության միջեւ

Հնարավոր առճակատում Կ. Պոսլի Տիեզերական պատրիարքության եւ Մոսկովյան պատրիարքության միջեւ

Ուկրաինայում կրոնական երկպառակտությանն ուղղված գործողությունները շարունակվում են, որն ուղղված է նախևառաջ ուկրաինական ուղղափառության դեմ: Այս մասին գրում է KATHPRESS-ը՝ մանրամասնելով, որ օգոստոսի 31-ին Ուկրաինայի երկու նախկին նախագահները` Լեոնիդ Կրավչուկը (1990−1994) եւ Վիկտոր Յուշչենկոն (2005−2010) հանդիպում են ունեցել Կ. Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ, եւ ըստ մամլո հաղորդագրության՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ:



Զրույցին մասնակցել են նաեւ Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքության երկու նշանավոր եւ ազդեցիկ միտրոպոլիտներ՝ Պերգամոսի միտրոպոլիտ Իոան Զիզիուլասը եւ Փարիզի միտրոպոլիտ Էմանուել Ադամակիսը, վերջինս նաեւ Ֆրանսիական ուղղափառ եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահն է հանդիսանում: Բանն այն է, որ Ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում բաժանված է երեք մասի` Մոսկվայի պատրիարքության իրավասության ներքո գործող Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի՝ այսպես կոչված Կիեւյան պատրիարքությանը ենթակա Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցի եւ Ուկրաինայի Ինքնագլուխ Ուղղափառ եկեղեցի:



Համաուղղափառական կանոնական ճանաչում ունի միայն Մոսկվայի պատրիարքության ներքո գտնվող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին, եւ ռուսական պատրիարքության ազդեցությունը տեղում թուլացնելու նպատակով՝ վերջին տարիներին ուկրաինական քաղաքական եւ պետական գործիչները բավականին ակտվիորեն են միջամտում երկրի կրոնական գործերին եւ փորձում ստեղծել Ուկրաինական ազգային Ուղղափառ եկեղեցի, որը կճանաչվի որպես կանոնական եւ ինքնագլուխ եկեղեցի Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքության կողմից, որն իր հերթին ունի նախապատիվ դիրք եւ նախամեծարություն՝ ողջ Ուղղափառ աշխարհում:



Նշենք, որ կա նաև լուռ մրցակցություն Պոլսի Տիեզերական Պատրիարքության եւ Մոսկովյան Պատրիարքության միջեւ, եւ ներկայումս հարց է, թե կգնա արդյոք Պոլսի Աթոռը նման քայլի եւ կփչացնի արդյոք հարաբերությունները Ուղղափառ ընտանիքի ամենամեծ` Ռուս Ուղղափառ եկեղեցու եւ Մոսկվայի պատրիարքության հետ:



Ի դեպ երկու Աթոռների միջեւ հարաբերությունները նկատելիորեն սառել են վերջին Համաուղղափառյան ժողովից հետո, որին Մոսկովյան Աթոռը հրաժարվեց մասնակցել: