Ալիևի ամոթը

Ալիևի ամոթը

Բաքվում ավարտվել է շախմատային օլիմպիադան: Ադրբեջանական մամուլը հանրագումարի է բերում ռեժիմի տառապանքները, կատարված ահռելի ծախսերը եւ… զրոյական արդյունքները: Ադրբեջանի տղամարդկանց հավաքականն զբաղեցրել է 12-րդ, կանանցը՝ 8-րդ հորիզոնականը:



Բավական է նշել, որ այս օլիմպիադայում առնվազն բրոնզե մեդալներ նվաճելու համար Ադրբեջանը Ռուսաստանից՝ թիմապետ, Ֆրանսիայից՝ փորձառու մարզիչ, Ռիգայից չորրորդ խաղացող է հավաքագրել: Բնականաբար՝ վճարելով այնքան, որքան պահանջել են լեգեոներները: Եվ ոչինչ չի ստացվել: Շախմատային առաջին նոկաուտն Ադրբեջանի տղամարդկանց հավաքականին հասցրել է Հնդկաստանը: Տանտերերին ջախջախիչ պարտության են մատնել նաեւ ռուսները՝ 3:1, իսկ հաջողության նվազագույնի հասնելու հույսերը վերջնականապես փոշիացրել է Մեծ Բրիտանիայի հավաքականը:



Այսպիսով, Բաքվի շախմատային օլիմպիադայում Ադրբեջանի հիմնը չի հնչել, դրոշը չի բարձրացվել: Ալիեւի ռեժիմին մնացել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մխիթարանքը. «Շախմատային օլիմպիադայի պատմության մեջ սա լավագույնն էր կազմակերպական առումով»: Ամեն ինչ, կարծես, ասված է՝ կազմակերպական ծախսերը թող հոգա Ադրբեջանը, իսկ մեդալներ նվաճեն արժանիները:



Շախմատը «Եվրատեսիլ» չէ: Ոչ էլ, նույնիսկ՝ Ռիոյի օլիմպիադա, որտեղ կարելի է տանել օտարազգի լեգեոներների եւ մեդալներ նվաճել: Իհարկե՝ մեծամասամբ բրոնզե: Բայց նույնիսկ այդ դեպքերում է Ալիեւի ռեժիմը հայտնվում սկանդալային պատմություններում: Արդեն հայտնի է, որ Լոնդոնի օլիմպիադայի ադրբեջանական երկու մեդալները չեղյալ են հայտարարվել՝ մարզիկների կողմից դոպինգ օգտագործած լինելու համար:



Իսկ շախմատային օլիմպիադայի մեկնարկից առաջ Բաքվի մամուլը կեղտոտ քարոզարշավ էր սկսել Գարրի Կասպարովի դեմ, որը հրաժարվել էր ներկա գտնվել բացման հանդիսություններին: «Նա մոռանում է, թե որ երկրին է պարտական շախմատային փայլուն կարիերայի համար»,- աշխարհի նախկին չեմպիոնին «կերած հացը» հիշեցնում էին Ալիեւի ռեժիմի գրչակները: Այժմ, կարծես, ժամանակն է հարցնելու. «Իսկ ինչո՞ւ Կասպարովից հետո Բաքվում այդպես էլ շախմատային երկրորդ աստղ չի ծնվում»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ