Ալիեւի սարսափը

Ալիեւի սարսափը

Անկախության 25-ամյակի զորահանդեսն Ադրբեջանում խուճապ է առաջացրել: Այն, ինչի մասին ապրիլյան էսկալացիայի օրերին ակնարկում էր Հայաստանը, ցուցադրվել է: Եւ Բաքվում հասկացել են, որ «աղքատ Հայաստանը չի կարող ունենալ ժամանակակից սպառազինություններ» քարոզչական փուչիկն այլեւս պայթած է:



Լուրջ եւ հաշվետու իշխանությունը նման դեպքերում, թվում է, պետք է հայտարարեր, որ սպառազինությունների մրցավազքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, Արցախի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ փոխադարձ փոխզիջումների հիման վրա՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի:
Բայց Ադրբեջանը եւս մեկ անգամ հաստատեց, որ ահաբեկչական երկիր է: Բաքվի մամուլը հեղեղված է «Երեւանը եւ Մեծամորի ատոմակայանը թիրախ ընտրած ադրբեջանական հրթիռների» մասին ամենաբազմազան մտավարժանքներով: Իսկ Իլհամ Ալիեւը հասցրել է «ռազմական արդյունաբերության գործարաններից մեկում ներկա գտնվել նոր հարվածային ԱԹՍ-ի շնորհանդեսին»:



Օրվա վերջին հատուկ հայտարարություն է տարածել հակառակորդի ռազմական գերատեսչությունը: Ըստ այդմ, պաշտպանության նախարար Հասանովը հատուկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են «բոլոր զորատեսակների հրամանատարները»: Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հետախուզությունը՝ «հավաստանշելու հայկական կողմի ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք ոչնչացվեն»:



- Ադրբեջանի զինված ուժերը տիրապետում են հրթիռահրետանային միջոցների, որոնք կարող են կատարել այդ առաջադրանքը,- ամփոփված է հակառակորդի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:



Բաքվում, այսպիսով, անկախության 25-ամյակի զորահանդեսից մի բան են հասկացել. Հայկական բանակը փաստացի կարող է լուծել ցանկացած խնդիր: Եւ անցել են շանտաժի՝ սպառնալով «հարկ եղած դեպքում հարվածել Մեծամորի ատոմակայանին»: Ահա թե ուր կարող է մարդուն հասցնել անասնական սարսափը:



Բայց չէ՞ որ արդեն երկու տասնամյակ է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային բոլոր ատյաններում շահարկում է ՀԱԷԿ-ի «սպառնալիքի» թեման՝ աղաղեկելով, որ «տեխնոգեն աղետի դեպքում կվտանգվի ոչ միայն ողջ Հարավային Կովասը, այլեւ՝ Թուրքիան»: Հետաքրքիր է, ՀԱԷԿ-ը «շարքից հանելու» հարցում Ալիեւը խորհրդակցե՞լ է Էրդողանի հետ: Թե՞, ինչպես արցախցին է ասում՝ «արջն իր ահից է գոռում: Գործ ունենք, անկասկած, երկրորդ դեպքի հետ, որի համար արցախցին դարձյալ դիպուկ խոսք ունի. «Արջ պար ածելը հեշտ է, կեղտը հավաքելն է դժվար»: Բայց դա արդեն ադրբեջանցիների հոգսն է՝ երբ եւ ինչպես են մաքրելու ահից գոռացող «արջի» թողած անմաքրությունները…



Վահրամ Աթանեսյան