Արցախի հերոսը մենակ է մնացել

Արցախի հերոսը մենակ է մնացել

«Սասնա ծռերի» հետ անհաջող բանակցություններից եւ, ոմանց կարծիքով, տապալված միջնորդական առաքելությունից հետո Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի վարկանիշը ԼՂՀ-ում ընկել է: Ըստ ազատամարտիկների շրջանում տարածված կարծիքների, նա գլուխը կախ է ման գալիս, մնացել է առանց ընկեր եւ հարազատ: Իշխանավորները Վիտալի Բալասանյանի հետ լարվել են, վտանգ են զգում այն հանգամանքից, որ Բալասանյանը «Սասնա ծռերի» հետ բանակցություններում ակնհայտորեն Սերժ Սարգսյանին աջակցեց եւ հիմա կարող է որեւէ լուրջ պաշտոն ստանալ, ասենք, ՀՀ պաշտպանության նախարարի: Իսկ հասարակ ժողովուրդը հիասթափություն է ապրել՝ տեսնելով, որ Բալասանյանը ոչ թե անկողմնակալ միջնորդի, այլ նախագահի սուրհանդակի դիրքերից խոսեց Ղարաբաղում ոչ անհայտ ազատամարտիկների հետ:



Մեր տեղեկություններով, Բալասանյանի առաքելությունն ի սկզբանե այլ սցենար էր ենթադրում: Արցախի հերոսը պետք է հանդիպեր Սերժ Սարգսյանին, փորձեր նրան փոխանցել «Սասնա ծռերի» պահանջները եւ համոզել Սերժ Սարգսյանին դիմել ժողովրդին, խոստովանել, որ ստեղծված ծանր վիճակում ունի մեղքի իր բաժինը, եւ խոստանալ, որ բաց կթողնի «Սասնա ծռերին», իսկ մահացած ոստիկանի վերաբերյալ հետաքննություն կլինի: Սակայն նախագահի հետ հանդիպումից առաջ Վիտալի Բալասանյանը հանդիպել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին, որն էլ համոզել է Բալասանյանին այլ զրույց ունենալ նախագահի հետ: Արդյունքն այն եղավ, որ Բալասանյանը վերջնականապես կորցրեց ընդդիմադիր գործչի համարումը: 



Իսագուլյանը չի ժխտում, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին անընդհատ հանդիպումների ու քննարկումների մեջ է եղել Վիտալի Բալասանյանի հետ: «Ես հուլիսի 17-ին էլ եմ զրուցել Բալասանյանի հետ, խնդրել եմ, տարբեր տեղերում ասել եմ, որ լավագույն միջնորդը եւ բանակցողը կլինի Բալասանյանը: Բնականաբար, նա նախ դիմել է ԼՂՀ նախագահին, հետո՝ ՀՀ նախագահին: Նախագահներն իրար հետ քննարկել են, եւ որոշում է կայացվել, որ հանդիպմանը մասնակցելու է միայն Վիտալի Բալասանյանը: Նա հասցրել է «Սասնա ծռերի» բոլոր պահանջները նախագահին: Նա իր գործն անթերի կատարել է: Ես Վիտալիի հետ միասին քննարկել եմ հարցեր, բայց նրանց զրույցում ես դերակատարում չեմ ունեցել»,- ասաց Իսագուլյանը մեզ հետ զրույցում:



Գառնիկ Իսագուլյանը հայտնեց նաեւ, որ Վիտալի Բալասանյանն այժմ Երեւանում է, եւ ամեն օր ինքը հանդիպում է նրա հետ: Իսագուլյանը համաձայն չէ Արցախում եւ Հայաստանում տարածված այս գնահատականին, թե Բալասանյանի ռեյտինգն ընկել է: Պարզապես Բալասանյանը, ինչպես եւ ինքը` Գառնիկ Իսագուլյանը, այն մարդկանցից են, որոնք այդ բարդ օրերին, հանուն պետականության, կրակը վերցրին իրենց վրա: «Ես Վիտալիի հետ հանդիպել եմ եւ այսօր էլ հանդիպում եմ: Երեկ մենք զբոսնել ենք Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով, ես տեսնում եմ, թե մարդիկ ոնց են մոտենում նրան, եւ ես գիտեմ, թե նրան ինչպես են ընդունում: Կարող եմ ասել, որ նրան առաջվա պես շատ հարգում են, քանի որ նա կարողացավ հանգուցալուծել բարդագույն խնդիր՝ նախագահի հրամայականը կատարվեց, զինված խմբից որեւէ մեկը չզոհվեց: Ուղղակի մարդիկ մի բան չկարողացան հասկանալ` երբ որ Բալասանյանը պայմաններ առաջարկեց, ասելով` զենքը վայր դրեք, դրանք վերաբերում էին առաջին փուլին, երբ դեռ զոհ չկար, եւ հանկարծ Ենիգոմշյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ զենքերը վայր չեն դնում, եւ պայմանները խախտվեցին։ Իսկ երկրորդ փուլում այլեւս պայման չի եղել, տղաները զենքերը վայր դրեցին՝ ուղղակի հասկանալով, որ իրենք ոչինչ չեն կարող անել, եւ իմացան, որ հին պայմանները չեն աշխատում»:



Քանի որ Վիտալի Բալասանյանը հեռախոսազանգերի չի պատասխանում, Գառնիկ Իսագուլյանից փորձեցինք ճշտել նրա կարծիքն իրեն պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ տարածված լուրերի մասին: «Նա որեւէ նման ակնկալիք չունի, եթե այդպիսի ցանկություն կունենա նախագահը, որն այդ պաշտոնին նշանակելու բացառիկ լիազորություն ունի, դա այլ խնդիր է»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ