«Ժողովուրդ». Կախարդական փայտիկով արտահանված լոլիկը խորհրդավոր ձևով անհետացել է

«Ժողովուրդ». Կախարդական փայտիկով արտահանված լոլիկը խորհրդավոր ձևով անհետացել է

«Ժողովուրդը» գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ: Մասնավորապես, ապրիլին, մայիսին եւ հունիսին լոլիկի արտահանման ծավալները կազմել են ամսական մոտ յոթ հազար տոննա: Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 1130 տոննա լոլիկ է արտահանվել: Նկատենք, որ լոլիկի արտադրության նման մեծ ծավալները միայն կախարդական փայտիկի միջոցով կարող էին հայտնվել: Ինչո՞ւ, որովհետեւ դրանք արդեն անհետացել են: Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Հայաստանից ընդամենը 142 տոննա լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Հիշեցնենք, որ հուլիսից ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, եւ Ռուսաստանն իր շուկան կրկին բացեց թուրքական ապրանքների համար:



Իհարկե, հարց առաջացավ, թե մեր լոլիկի արտահանումը թուրքական լոլիկի հետ ինչ կապ ունի: ՉԷ՞ որ Հայաստանի նժդեհական իշխանությունները, հատկապես քառօրյա պատերազմից հետո, չէին կարող իրենց թույլ տալ թուրքական լոլիկ ներկրել ու հայկականի անվան տակ արտահանել Ռուսաստան: Մեր իշխանությունները չէին կարող այդքան անբարոյական գտնվել` մի կողմից քարոզել, որ թուրքական ապրանքները չգնեն, իսկ իրենք զբաղվեին Ռուսաստանում թուրքական լոլիկների իրացումը կազմակերպելով:



Բայց այս պայմաններում մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 723 տոննայի փոխարեն ՌԴ է արտահանվել ավելի քան 30 000 տոննա, մոտ 40 անգամ ավել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: