Վանաձորում ՔՊ-ի թեկնածուն՝ քարոզարշավի, մթնոլորտի, ԼՀ-ի հետ հարաբերությունների մասին

Վանաձորում ՔՊ-ի թեկնածուն՝ քարոզարշավի, մթնոլորտի, ԼՀ-ի հետ հարաբերությունների մասին

Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրություններին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանի խոսքերով՝ քարոզարշավը ընթանում է նորմալ՝ բակային հանդիպումներ, թռուցիկները բաժանվում են քաղաքացիներին, հարցազրույցներ, տեսահոլովակներ, քաղաքում էլ՝ նախընտրական մթնոլորտը ոչ լարված, ոչ էլ շատ հանդարտ վիճակում է` միջին. «Որոշակի լարվածություն, ակտիվություն կա կուսակցությունների կողմից, քարոզարշավ է, ես դա նորմալ եմ համարում, յուրաքանչյուրը իր ծրագրերն է ներկայացնում: Նախ ասեմ, որ մենք ներկայացրել ենք ծրագիր, որն ունի իր ժամանակացույցը և նշված են, թե որ տարում ինչ խնդիրներ պետք է լուծվեն՝ համայնքային նշանակության խնդիրների մասին է խոսքը, և եթե մենք չկատարենք այդ խնդիրները՝ ըստ մեր ժամանակացույցի, մենք պետք է հրաժարական տանք»:



-Նախընտրական շրջանում շատ է խոսվում ընտրակաշառքների մասին, մասնավորապես՝ գումարներ բաժանելու, ծանոթ-բարեկամին համոզելու սկզբունքով, արդյո՞ք Ձեր քաղաքում նման բաներ նկատվել է կամ Ձեր ականջին խոսակցություններ հասե՞լ են:



Եթե խոսքը գնում է ընտրակաշառքների մասին, ապա պետք է անկեղծ գտնվեմ՝ ես նման ինֆորմացիա չունեմ: Նման բաներ կարող են անել միայն իշխանությունները կամ այն կուսակցությունները, որին իշխանությունները թույլ կտան և դա մեզ համար, ամբողջ հանրության համար զարմանք չի լինի, բայց, ամեն դեպքում մենք մեր գործը պետք է անենք, պետք է լինեն վստահված անձիք, լրագրողներ կլինեն Վանաձորում և ամեն մեկը իր գործը պետք է կատարի, փորձենք պիտի նման երևույթները հնարավորինս կանխել:



-Ընտրվելու Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով նաև մյուս կուսակցությունների հնարավորությունները:



Գիտեք, քանի որ Վանաձորում առաջին անգամ են այն ձևաչափով ընտրություններ, մեր շանսերը այս պահի դրությամբ ես բարձր եմ գնահատում, բայց, ինչպես գիտեք, ընտրությունների ելքը որոշում է ժողովուրդը և ընտրությունը սարերի ետևում չէ, տեսնենք, բայց ամեն դեպքում բարձր ենք գնահատում և դա հիմնավորված է, որովհետև արձագանքներն են այդպիսին, ժամանակը ցույց կտա:



-Պարոն Խաչատրյան, ՔՊ-Լուսավոր Հայաստան, այսպես ասած, կոնֆլիկտը սկիզբ առավ Մարուքյանի հայտարարությունից հետո՝ ընդդիմադիր ուժերին դուրս գալ ՀՀԿ-ի դեմ, հաղթել նրան, և Վանաձորում ձևավորել «բազմակուսակցական տեղական իշխանություն»: Ինչպիսի՞ն է հարաբերությունները թեկնածուների միջև:



Նախ ասեմ Ձեզ, որ ոչ մի կոնֆլիկտ չկա, մենք փաստերն ենք ներկայացրել և մենք այսօր էլ մնում ենք նույն դիրքորորոշմանը, այն ինչ ասել ենք, և ընդհանրապես ոչ միայն «Լուսավոր Հայաստանի», այլեւ բոլոր կուսակցությունների հետ անձնական կամ թշնամական որևէ խնդիր չունենք, չենք էլ ունեցել: Սա ուղղակի մեր քաղաքական գնահատականներն ենք հնչեցրել և ինչպես նշեցի՝ մնում ենք մեր դիրքորոշումը:



-Մարուքյանը նշել էր, որ Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու գործընթացը, դրա առաջամարտիկն էլ ԼՀ-ն է:



Լինելով նորածին կուսակցություն, ինչո՞վ է պայմանավորված նրանց մեծամտությունը, որ պետք է իրենք հաղթեն. որովհետև իրենց հայտարարության մեջ է, թե կարող են միայն իրենք հաղթել հանրապետականին, բայց չգիտես ինչու Ազգային Ժողովում կողմ են քվեարկում բյուջեին, կառավարության ծրագրերին, իսկ Վանաձորում Հանրապետականի դեմ են պայքարում, ինձ համար այստեղ հակասություններ կան…: Դեռ ընտրությունները չեն ավարտվել, դրա մասին խոսելը վաղ է, երբ որ ընտրությունները մենք կամփոփենք, կտեսնենք: