Առա՜ջ… դեպի Խորհրդային Միությո՞ւն

Առա՜ջ… դեպի Խորհրդային Միությո՞ւն

Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով Դաշնային խորհրդում ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի ելույթը, կանխատեսում է, որ կառավարությունը մտադիր է սահմանել, այսպես կոչված, «պորտաբուծության հարկ»: Գոլոդեցն ասել է, որ ՌԴ աշխատունակ բնակչությունը 75 մլն. է, եւ կառավարությունը «բոլորին տեսնում է, անվանապես գիտի»: Գործող օրենսդրությունը ՌԴ քաղաքացուն չի պարտավորեցնում, որ պետք է աշխատի: Բայց կառավարությունը գտնում է, որ չաշխատող քաղաքացիները սոցիալական վճարումներ չեն կատարում, չեն մասնակցում առողջապահության ապահովագրմանը: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է օրինագիծ առաջարկել, որով չաշխատող քաղաքացիները կպարտավորվեն «հարկ վճարել՝ սոցիալական ենթակառուցվածքներից օգտվելու համար»: Վերջերս ՌԴ կառավարությունը որոշել է թոշակ չվճարել այն քաղաքացիներին, որոնք մշտապես երկրում չեն բնակվում: Խոսքը, մոտավոր հաշվումներով, ավելի քան կես միլիոն մարդու մասին է, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, բայց մշտապես բնակվում են արտերկրում:



Պարզ է, որ սահմանափակումները եւ «պորտաբուծության հարկը» պայմանավորված են Ռուսաստանի տնտեսական դժվարություններով: Երկրում մշտապես չբնակվող քաղաքացիներին հեշտ է թոշակ չվճարել: Բայց երեւի դժվար կլինի պարզել՝ մարդը կամավո՞ր չի աշխատում, թե՞ գործազուրկ է: Կամ համապատասխան աշխատանք չի գտնում: Նաեւ ուշագրավ է, որ պորտաբուծության համար քաղաքացիներին պատասխանատվության էին ենթարկում Խորհրդային Միությունում: Եվ հաճախ դատարանները մարդկանց պարտավորեցնում էին կատարել հարկադիր աշխատանք: «Պորտաբուծության հարկը», հավանաբար, նպատակ ունի քաղաքացիներին ներգրավել ցածր վարձատրվող աշխատանքներում: Ըստ երեւույթին, դրանով նաեւ ժողովրդագրական խնդիր կարող է լուծվել՝ սահմանափակելով ԱՊՀ երկրներից դեպի ՌԴ մարդկային հոսքերը:



Բացառված չէ, որ աշխատաշուկայի այդօրինակ կարգավորումը նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ենթատեքստ ունի: Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Բաքվում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կա Հյուսիսային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու վտանգ: Նույնն են ահազանգում եվրոպական երկրները, որտեղ փախստականի կամ աշխատանքային միգրանտի անվան տակ սկսել են թափանցել արմատական իսլամի հետեւորդներ: Իսկ Ռուսաստանն այս իմաստով ավելի խոցելի է, քանի որ ունի բազմամիլիոն իսլամադավան բնակչություն:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ