Վախենում եմ, որ նա արվեստագետների այս հսկայական շուկայում կուլ գնա

Վախենում եմ, որ նա արվեստագետների այս հսկայական շուկայում կուլ գնա

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին՝ նշելով, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են, եւ որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժեւորել այն: Ի դեպ, երեկվա տվյալներով, մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը դեռ չէր թարմացվել՝ նոր ինֆորմացիա մշակույթի նորանշանակ նախարարի մասին դեռեւս տեղադրված չէր։ Վերջին ինֆորմացիան՝ «Նախարարներ» բաժնում, մատնանշում էր Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման սկիզբը՝ 22.05.2006թ., որը, փաստորեն, պաշտոնավարելով 10 տարի, դարձավ նորանկախ Հայաստանի պատմության ամենաերկարակյաց մշակույթի նախարարը։ 



Թե անձերի փոփոխությունն ինչ կտա մեզ ու մեր մշակութային կյանքին, ինչ ակնկալիքներ ունեն մշակույթի նորանշանակ նախարարից մեր մտավորականներն ու մշակույթի գործիչները, փորձեցինք պարզել հենց իրենցից։



Արմեն Ամիրյանը բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի վրա միշտ լավ տպավորություն է թողել, ըստ այդմ՝ սպասելիքներն էլ նրանից միայն լավի ակնկալիքով են։ Թե ինչքանով է մշակույթի ոլորտի զարգացումը պայմանավորված անձերի փոփոխությամբ, եւ այդ փոփոխությունն ինչ կտա մեզ, ապա. «Ես չեմ կարծում, որ նախարարը վճռական ազդեցություն կունենա մշակութային կյանքի զարգացման վրա, բայց նպաստել կարող է։ Շատ մռայլ ուղղություններ կան, որոնց դեմը կարող է փակել եւ որոնց վրա կարող է ազդել, օրինակ, մեր հեռուստատեսությունը, որը մշակութային սխալ քաղաքականություն է վարում։ Անելիքներ կան նաեւ գրահրատարակչության ոլորտում։ Որոշ բաներ նա կարող է անել, իսկ որ փոխի երկրի մշակութային կյանքը, այդպես չի լինում, ժողովուրդն ինքը պետք է աշխատի փոխել մշակութային կյանքը, մշակույթի նախարարն էլ պետք է միայն լավ ու դրական իմպուլսներ հաղորդի»։



Հենրիկ Էդոյանն ընդգծում է, որ պետք է ընդհանուր մշակութային քաղաքականություն մշակվի երկրում, եւ նորանշանակ նախարարն էլ առաջին հերթին հենց այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է մի կողմից պետությունը պարգեւատրի, արժեւորի ոչ մշակութային դեմքերի, իսկ մյուս կողմից մշակույթի նախարարությունը մշակութային այլ ճաշակ թելադրի, եւ արդյոք մշակույթի նախարարությունը կարո՞ղ է թելադրող լինել մեր երկրում, Էդոյանը պատասխանեց. «Մշակույթի նախարարությունն ինքը պետք է նախաձեռնի ու այնպիսի մարդկանց վաստակավորի կոչումներ տա, որոնք իսկապես մշակույթ են ստեղծում եւ մշակութային երեւույթներ են։ Շատ հաճախ, երբ մի ռեստորանային երգչի վստակավորի կոչում են տալիս, դրանով արժեզրկվում է եւ այդ վաստակավորի կոչումը, եւ երաժշտությունը, եւ մշակույթն ընդհանրապես։ Ամեն դեպքում, նշաձողը պետք է շատ բարձրացնել»։ Էդոյանի կարծիքով, նախարարությունը եթե ուզենա, կարող է թելադրող լինել այդ հարցում. «Նա պետք է աշխատի մշակութային աշխարհում բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծել, որպեսզի տաղանդավոր մարդիկ դուրս չմնան, պատահական մարդիկ չգան առաջին պլան, չափանիշ պետք է լինի։ Հույս ունեմ, որ Արմենը կկարողանա այդ ամենն անել»։



Դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն էլ, անդրադառնալով Արմեն Ամիրյանի նշանակմանը, ասաց. «Նախ շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ հատկապես արվեստի աշխարհի ներկայացուցիչներին, վերջապես եկավ մի մարդ, որը ոչ միայն մշակույթի մարդ է, այլեւ, որքանով ես եմ ճանաչում Արմեն Ամիրյանին, նա միշտ աչքի է ընկել որպես կիրթ, բանիմաց, զարգացած մարդ, որն այս քաղաքի նվիրյալ է, կարողանում է իսկական ընկերություն անել Երեւանում»։ Ստեփանյանի կարծիքով, մարդը, որ ընդունում է նման պաշտոն, իրեն դնում է հսկայական լծի տակ, քանի որ, նորը կառուցելուց բացի, պետք է կարողանալ նաեւ ազատվել բոլոր հին թերություններից. «Իմ համոզմամբ՝ դա է ամենադժվարը, իսկ հինը բերել է իր հետ հսկայական թերություններ, չլուծված պրոբլեմներ, անարդարություններ, թեկուզ մեկը՝ այդ կոչումները։ Հրաչ Քեշիշյանն այս օրերին արձագանքել էր, որ Խորեն Լեւոնյանը նույնպես արժանի էր... իհարկե, Խորեն Լեւոնյանն արժանի է եւ վաղուց էր արժանի կոչումի, բայց նրանից առաջ արժանի է Ալեքսանդր Խաչատրյանը, որն այս տարի, կարծեմ, 70 տարեկան է դառնում, Սամվել Սարգսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, արտիստներ, որոնք իրենց դերակատարումներով ստեղծել են հայ կինոյի եւ թատրոնի պատմությունը։ Անպայման պետք է գնաս-ներկայանաս, դռան մոտ կանգնես, դառնաս սիրելի, որ քեզ հիշեն-անդրադառնա՞ն»։



Թե ինչքանով հնարավոր կլինի անցած տարիների բացթողումներն ու խնդիրները շտկել, ապա Ստեփանյանը կարծում է, որ Ամիրյանը ծանոթ է այդ վարչական համակարգին եւ դա անելու համար նախեւառաջ պետք է հավաքի լավ թիմ, ուր բոլորը կարողանան պարզ նայել իրար աչքերի։ «Ինքն էլ պարզ ու հասանելի պետք է լինի, ինչպիսին որ կա, ի դեպ, եւ յուրաքանչյուր քայլից հետո հարցականներ չդնի, այլ որ մարդիկ ասեն՝ ապրես։ Նրան սարսափելի ծանր աշխատանք է սպասվում թե հնից ազատվելու եւ թե նորը կառուցելու համար, ի վերջո, 10 տարին քիչ ժամանակահատված չէր»,-նշում է դերասանն ու նկատում, որ Երեւանի մշակութային մթնոլորտը պետք է փոխվի, ինչը կարեւորագույն խնդիր է։ Ինչ վերաբերում է թատրոնին ու այնտեղ առկա խնդիրներին, ապա, Վիգեն Ստեփանյանի կարծիքով, թատրոնում առաջնային խնդիրը մեկն է՝ այն պետք է ղեկավարի արվեստագետը, այլ ոչ թե տնօրեն չինովնիկը. «Այսօր շատ քիչ թատրոններ են ղեկավարում արվեստագետները, բայց բոլոր տեղերում առաջին մարդը տնօրենն է՝ թե աշխատավարձով, թե դիրքով։ Թատրոնները պետք է հանձնվեն գեղարվեստական ղեկավարների ձեռքը եւ իրենք ղեկավարեն թատրոնները»։



Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նույնպես ճանաչում է Արմեն Ամիրյանին, ասում է՝ մեղմ բնավորություն ունի. «Ես վախենում եմ, որ նա արվեստագետների այս հսկայական շուկայում կուլ գնա, բայց երեւի ինքն իր մեջ ուժ կգտնի։ Իմ ցանկությունն այն է, որ այս ընդհանուր շոուի մեջ, որտեղ երաժշտություն, գրականություն, կինո, կերպարվեստ խառնվել են իրար, քամին փրփուրը քշի, եւ ջրի տակից մարգարիտները վերեւ բարձրանան։ Ես այդ մարգարիտների վերեւ բարձրանալու մասին եմ շատ մտածում։ Եթե Ամիրյանը կարողանա մեր շնորհալի եւ տաղանդավոր արվեստագետներին հանի վերեւ եւ գնահատի, արժեքավորի նրանց արածը, եւ ոչ թե ծանոթ-բարեկամով շոուներ արվեն, ինչպես որ հիմա է արվում, շատ լավ կլինի։ Ինքը քանի որ հեռուստատեսության մարդ է, չգիտեմ՝ հեռուստատեսության համար ինչ կարող է անել, բայց հայկական որ ալիքը միացնում ես, այդ անդուր, անորակ կինոներն ես տեսնում ու մտածում՝ արդյոք պրոֆեսիոնալ դերասանություն գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Այսօր պրոֆեսիոնալիզմը կարծես թե արդեն խանգարում է մեզ։ Մենք՝ հայերս, շատ լուրջ արվեստ ենք ունեցել, լուրջ մշակույթ, բայց ամեն ինչ ջրվել է, իմ միակ ցանկությունն այն է, որ Արմեն Ամիրյանն այդքան ուժ գտնի իր մեջ, որպեսզի լուրջ արվեստը, իրական արժեքները կարողանա ասպարեզ բերել»։



Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանին ու նրա պաշտոնավարման 10 տարիներին, ապա Թոքմաջյանը չի ուզում գնացողին քարկոծել. «Հասմիկ Պողոսյանը մասնագետ չէր եւ չգիտեմ ինչ էր անում, ինչ չէր անում... այսինքն՝ շատ բան գիտեմ, բայց չեմ ուզում անդրադառնամ դրան։ Ես ուզում եմ այն բաները, որ չկատարվեց Հասմիկ Պողոսյանի կողմից, արժեքավորվի Արմեն Ամիրյանի կողմից։ Լուրջը պետք է ասպարեզ գա, չնայած բոլոր ժամանակներում էլ եղել են դարաշրջաններ, որ արվեստի դարաշրջաններ չեն եղել։ Դրա համար պետք է միջավայր ստեղծվի, եւ հուսով եմ՝ դա կարվի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ