«Խղճի բանտարկյալին» հաց հասցրին (ֆոտոշարք)

«Խղճի բանտարկյալին» հաց հասցրին (ֆոտոշարք)

«Արթուրն ուղղակի լուռ, առանց խոսելու մեզ պես, ուղղակի մարդն իր խղճի պարտքը կատարեց ու իր կյանքը, անվտանգությունը, առողջությունը վտանգեց, գիտեք, որ առողջական խնդիրներ ունի: Արթուրը հանցագործ չէ, նա խղճի բանտարկյալ է».- նշում է Դավիթ Սանասարյանը, ով կազմակերպել էր «Հէակցիան:
Այսօր Էրեբունի թանգարանի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր իրենց հետ սնունդ էին բերել: Այդ սնունդը նրանք փոխանցեցին Արթուր Սարգսյանին, ով գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ անազատության մեջ:



Լրագրողների հետ մի փոքրիկ զրույց ունեցավ Արթուր Սարգսյանի հայրը՝ Ռոբերտ Սարգսյանը, ով հազիվ էր թաքցնում հուզմունքը: Նա նշեց, որ այս պահին միայն իր որդու ազատությունն է ցանկանում. «Նա երեք հիվանդություն ունի ծանր, պատերազմի վիրավոր, հաշմանդամ է, պորտի գրիժա ունի, ողնաշարը փշրված է, օպերացիա արած: Այդպիսի մարդուն մի ժամ չի կարելի բռնել, մի ժամ: Պատերազմի ժամանակ զենքեր էր տանում մեքենաներով: Դեռ կինն էլ կռվում էր, ասում էր՝ մի տար, քեզ որ չեն տանում պատերազմ, ինչի՞ ես գնում: Էդ էլ եղավ պատճառ, որ ընտանիքը քայքայեց, հայրենիք էր պաշտպանում, ի՞նչ հայրենիք, պաշտպանում էր, որ սենց օրն ընկնե՞ր»:



Դավիթ Սանասարյանն էլ պատմեց, որ Արթուր Սարգսյանին բանտում շատ դրական են ընդունել, այնտեղ նա հարգանք է վայելում. «Որովհետև բոլոր սոցիումներում էլ խիղճ ունեցող մարդուն գնահատում են ու հարգում են: Սա մեր խղճի պարտքն է, որ Արթուրին... բազմաթիվ դռներ ծեծեցինք քաղաքացիներով՝ «Կարմիր խաչ» և այլն, ՄԻՊ, բոլորի միջոցով փորձեցինք «Սասնա ծռերին» հաց հասցնել, և որևիցե մեկը չկարողացավ այդ հարցում մեզ օգտակար լինել: Ի՞նչ է նշանակում մարդուն զրկել սնվելու իրավունքից, Արթուրն ուղղակի լուռ, առանց խոսելու մեզ պես, ուղղակի մարդն իր խղճի պարտքը կատարեց ու իր կյանքը, անվտանգությունը, առողջությունը վտանգեց: Արթուրը հանցագործ չէ, նա խղճի բանտարկյալ է, և մենք այս ամիս հատկապես մի շարք ակցիաներ ենք իրականացնելու և անելու ենք ամեն ինչ, որ Արթուրն ազատության մեջ լինի: Ես կրկնում եմ, որ խղճի համար մարդը պետք է բանտարկության մեջ չլինի: Արթուրն ունի շատ համակիրներ, շատերը իրենց աջակցությունը տարբեր ձևերով ցուցաբերում են»:



Էրեբունի թանգարանի մոտից թվով երեսուն մարդիկ քայլերթով շարժվեցին դեպի քրեակատարողական հիմնարկ` իրենց ձեռքին ունենալով «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է ու պիտի ազատ լինի» պաստառը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդիկ բաժանեցին սնունդն ու մի մասն էլ ուղարկեցին Հայկ Հովհաննիսյանին, Արման Մխիթարյանին, Նարեկ Սարգսյանին, Ալբերտ Ավագյանին, ովքեր նույնպես գտնվում են անազատության մեջ Սարի թաղի դեպքերից հետո:



Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին, ով օգոստոսի 2-ին ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այնուհետեւ նրա մեղադրանքը փոխվեց, այժմ նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու մեջ: