Սորոսի փողերն այս տարի էլ ստացան նույն մարդիկ

Սորոսի փողերն այս տարի էլ ստացան նույն մարդիկ

Բաց հասարակության հիմնադրամը, որը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդնում Հայաստանում քաղաքացիական սեկտորի զարգացման համար, օրերս հրապարակել է այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնց այս տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ Փաստաթղթին ծանոթանալով՝ արձանագրեցինք, որ Ջորջ Սորոսի «հաճախորդների» ցանկն այս տարի եւս չի փոխվել։ Ամենախոշոր գումարն ստացել է Արթուր Սաքունցի գլխավորած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ մոտ 200 հազար ԱՄՆ դոլար՝ տարբեր ծրագրերի համար։ Սրա մոտավորապես կեսի չափ ստացել է Հելսինկյան կոմիտեն՝ Ավետիք Իշխանյանի ղեկավարությամբ։ 160 հազար դոլար ստացել է «Հետաքննող լրագրողների» «Հետք» ՀԿ-ն։ Ավելի քան 100 հազար ստացել է «Ժուռնալիստական տանդեմը»՝ Գայանե Աբրահամյանի գլխավորությամբ։ Նա մամուլի ակումբ է ստեղծել, անունը դրել «Նոր պլատֆորմ»՝ հասարակության տարբեր խմբերի համար։ 63 հազար դոլար է ստացել Լուսինե Վասիլյանի ղեկավարած «Մանդատ» ՀԿ-ն։ Այդ գումարով կազմակերպության անդամներն ուսումնասիրում են պատգամավորների ակտիվությունը, ԱԺ արդյունավետությունը, թափանցիկությունը, էթիկայի կոմիտեի եւ ԱԺ ստեղծած մյուս մարմինների գործունեությունը։ Գորիսի մամուլի ակումբն է մոտ 18 հազար դոլար ստացել։ Այս կազմակերպության անդամներից մի անգամ փորձեցինք տեղեկություն ստանալ, թե ինչպես են Գորիսում ընդունել Սերժ Սարգսյանին, բայց պատասխանեցին, որ մանրամասների չեն տիրապետում։ Դանիել Իոանիսյանն է «Սորոսի» ցանկում, լրագրողների իրավունքների «անկոտրում» պաշտպան Աշոտ Մելիքյանը։