Ուսուցիչները տնօրենին մեղադրում են դրամահավաքության, կաշառակերության, գումարների շորթման մեջ

Ուսուցիչները տնօրենին մեղադրում են դրամահավաքության, կաշառակերության, գումարների շորթման մեջ

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակ են ուղղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, որտեղ մասնավորապես ասված է, որ դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանը ուսուցչական կազմը փոխել է՝ աշխատանքի դիմաց վերցնելով 800-ից 2000 ԱՄՆ դոլար. «Հարգարժան մարզպետ, 2008 թվականից Գեղամավան համայնքի դպրոցի տնօրենն է Շամամ Գրիգորյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հայտնվել է աղմկահարույց իրավիճակներում և աչքի ընկել բոլոր արատավոր երևույթներով: Դժվար է թվարկել Շ. Գրիգորյանի կատարած բոլոր հանցագործությունները, սակայն թվարկենք դրանցից մի քանիսը...Գեղամավան համայնքի շուրջ 45 - 50 աշակերտներ սովորում են Սևան քաղաքի դպրոցներում, չունենք 11-րդ դասարան, որի բոլոր աշակերտները դուրս եկան դպրոցից, քանի որ տնօրենը պահանջում է գումար ավարտական վկայական տալու համար 20 000 դրամ: Գրիգորյանը վերջերս յուրացրեց քառօրյա պատերազմի հետ կապված ուսուցիչների կողմից հանգանակված՝ ԼՂՀ ուղարկվելիք գումարի մի մասը, որի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ նաև համացանցում: Մարզպետարանի կողմից ուղարկված ֆինանսական բաժնի ղեկավար Մուշեղյանը դպրոցում կատարված ստուգումներից հետո ռեստորանում կազմակերպված խնջույքից հետո որոշեց կոծկել հայտնաբերված խախտումներ: Տնօրենի խաղամոլ բնավորությունը հանգեցրել է այն բանին, որ նա կուտակել է բազմաթիվ անձնական պարտքեր ու դպրոցի մոտ 20 ուսուցիչների և սպասարկող անձնակազմի անդամների անուններով ձևակերպել է վարկեր: Ամեն ուսումնական տարվա սկզբին և հունվար ամսին տնօրենը ուսուցիչներից գումարներ է հավաքում, իբր տալիս է մարզպետին, որպեսզի աշխատավարձերը չցածրացնեն: Բյուջեի գումարների մեծ մասը դրվում է այլ ծախսերի վրա, այն դեպքում, երբ դպրոցը վերջերս է վերանորոգվել և գտնվում է իդեալական վիճակում, իսկ այդ գումարները փոխանցելով Սևանի տարբեր խանութներ, իր սեփական կարիքների համար գնումներ է կատարում: 2015 թ. նոյեմբերին քամուց դպրոցի տանիքից պոկվել էր մի քանի թիթեղ, որի համար պետությունը հատկացրեց 300 հազար դրամ, ինչը տնօրենը գրպանեց, նույն թիթեղները որոշակի ուղղելով նորից ամրացվեց տանիքին: Քիչ համարելով այդ, Շ. Գրիգորյանը պարտադրեց աշակերտներին ի ուսուցիչներին նույնպես գումարներ հավաքել, ինչը ևս գրպանվեց: 2008թ.-ից մինչև այժմ տնօրենը գրպանել է պրոֆմիության ամբողջ գումարները, ստիպելով աշխատողներին ստորագրել ցուցակները, իբր թե նրանք արշավներ են կազմակերպել Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Չբավարարվելով դրանով՝ նա օրինակ 2016 թ-ին պրոֆմիությունից վերցնում է 2017 թ-ի գումարները և ուսուցիչները ամեն տարի հաջորդ տարվա գումարը պարտք են մնում: Պարոն մարզպետ, վերջերս Ձեր աշխատակից Կյուրեղյանը դպրոցում անցկացրեց աուդիտ: Շ. Գրիգորյանը կարողացավ տարբեր մարդկանց միջոցով ազդել Կյուրեղյանի վրա և այդ հետևանքով վերջինս Ձեզ չներկայացրեց դպրոցի ֆինանսական իրական պատկերը: Ունենալով հսկայական չափերի հասնող պարտքեր, տնօրենը տարբեր պատրվակներով՝ կաթսայատան վերանորոգում, իր և իր երեխաների ծննդյան տոներին, մարզպետարանի ֆինանսական և կրթության բաժնի աշխատողներին իբր թե «վերաբերմունք» ցույց տալու համար ուսուցիչների չնչին աշխատավարձից (նշենք, որ մարզում ամենացածր դրույքաչափերը սահմանված են Գեղամավանի դպրոցում), գումարներ է կորզում ու գրպանում: Շ. Գրիգորյանի բազմաթիվ հարազատներ աշխատում են դպրոցում՝ այդ թվում ոչ մի օր աշխատանքի չներկայացած որդին և եղբայրը: Հարգարժան մարզպետ, դժվար է թվարկել Շ. Գրիգորյանի տարբեր տարիներին կատարած հանցանքները, այն կարող է պարզել միայն անաչառ ստուգումը: Ուստի խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը, այլապես այլ ելք չունենալով, ստիպված ենք դիմելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը»:



Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գումարների յուրացման հետ կապված դրանք անլուրջ խոսակցություններ են. «Մանկավարժների փոփոխության խնդիրը մինչ չտեղեկացնեն, օրենքով սահմանված կարգով մրցույթ չհայտարարեն, ես խոսում եմ վերջին 3-4 տարիների մասին, չի կարող որևէ դպրոցի տնօրեն նման ինքնագործունեությամբ զբաղվել»:



Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ եթե նման դեպքեր լինեն, իրավապահ մարմինները կարձագանքեն. «Ցանկացած դպրոցում, ցանկացած խոսակցության մասին ես իհարկե տեղեկացված եմ և իմ կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվում են: Եթե կան նման դեպքեր, իրավապահ մարմիններ կզբաղվեն, եթե ոչ, մենք ենք զբաղվում»:
Մարզպետարանի ֆինանսական բաժնի պետ Մուշեղյանի կողմից դպրոցում հայտնաբերած խախտումների և դրանց կոծկման վերաբերյալ հարցին, մարզպետը պատասխանեց, որ նման բան չի կարող պատահած լինել, Գեղարքունիքի մարզում ոչ մի ուսումնասիրություն չի կոծկվում, համապատասխան քայլ է ձեռնարկվում:

-Պարոն, Գրիգորյան, ուսուցիչները նշել էին, որ ամեն ուսումնական տարվա սկզբին, նկատի ունեն ինչպես սեպտեմբեր, այնպես էլ հունվար ամիսը, տնօրենը իրենցից գումար է վերցնում, փոխանցում  մարզպետին, որպեսզի աշխատավարձերը չցածրացնի:



Գիտեք, արդեն կեղտոտ խոսակցություններ են, ես կխնդրեի Ձեզ, որ, եթե այդքան տիրապետում եք, որևէ մի դեպք ներկայացրեք, եթե ոչ ինձ, ապա իրավապահ մարմիններին: Անլուրջ խոսակցություններ են և նման բաների չեմ ուզում անդրադառնալ: Նման հարցերով մեր երկրում զբաղվում են իրավապահ մարմինները, և ես շնորհակալ կլինեմ, եթե նման մի դեպք հայտնաբերեք, 4 տարիների ընթացքում ես փորձել եմ հայտնաբերել: Իմ ուշադրության կենտրում է ցանկացած դպրոց և ես տիրապետում եմ ցանկացած դպրոցի իրավիճակին:



-Ասում եք՝ տիրապետում եք ցանկացած դպրոցի իրավիճակին, այս դպրոցում ի՞նչ իրավիճակ է տիրում:



Բոլոր 117 դպրոցի, այդ թվում նաև այդ դպրոցում, եթե մի կաշակեռության դեպք, որևէ մի թերթի խմբագրություն, մի իրավապահ մարմին կհայտնաբերեն, ես շնորհակալություն կհայտնեմ: Նման բան Գեղարքունիքի մարզում բացառված է:



-Կոնկրետ, այս դպրոցի վերաբերյալ ահազանգեր Ձեզ եղե՞լ են:



Ցանկացած դպրոցի վերաբերյալ ես ահազանգ ստացել եմ, ես իմ լիազորությունների վերաբերյալ քայլ իրականացրել եմ: 117 + 10 դպրոց, 127 դպրոց, հիմա դուք դեպք եք ասում, ես չեմ կարող հիշել, բայց ցանկացած դպրոցի վերաբերյալ ահազանգի մենք միջոցներ ձեռնարկել ենք:



Ավելի ուշ Գեղամավանի դպրոցի ուսուցիչներն արձագանքեցին հրապարակված բաց նամակին։ Նամակի տակ ստորագրված էր 27 ուսուցչի անուն։ Նրանց արձագանքին կարող եք ծանոթանալ այստեղ։