Մուկուչյան, ապացուցիր, որ 17-ն է բացարձակ մեծամասնությունը

Մուկուչյան, ապացուցիր, որ 17-ն է բացարձակ մեծամասնությունը

Գյումրու ավագանի ընտրված երեք ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «ԳԱԼԱ»-ն, երեկ հայտարարեցին, որ «եթե թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդունքներն ապօրինաբար կազմել եւ հրապարակել ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում եւ պայքարելու ենք արդար վճռի համար նաեւ այլ եղանակներով»։ Իսկ մինչ այդ նրանք կբոյկոտեն Գյումրու ավագանու նիստերը, ինչը խնդիրներ կառաջացնի «Բալասանյան դաշինքի» համար։ Նշենք, որ այս 3 ուժերի խնդիրն ու դժգոհությունն Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի հետ է կապված, որոնցից մեկով իրենք երեքով ստանում են 18 մանդատ, իսկ Բալասանյանը՝ 15, 5-րդ կետով էլ մանդատների վերաբաշխում է կատարվում՝ Բալասանյանի ձեւավորած դաշինքին տալով բոնուս՝ եւս 2 մանդատ, եւ նա ստանում է որակյալ մեծամասնություն՝ 17 մանդատ։ Իսկ իրենք՝ երեքը միասին, ունենում են 16։ Այս դրույթը նրանք համարում են հակասահմանադրական։



Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «ԳԱԼԱ»-ի ցուցակի երկրորդ համար Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ իրենց ստացած մանդատների ծավալով Բալասանյանին անվստահություն հայտնելու իմաստը չկա։ «Եվ էստեղ հարցն անվստահություն հայտնելը չէ, հարցն այն է, որ մանդատները բաշխվել են անարդար։ Այդ անարդար բաշխմամբ է Բալասանյանը դարձել քաղաքապետ։ Ոչ թե Բալասանյանը վատ է աշխատել կամ, չգիտենք՝ առաջիկա մեկ տարում ինչպես կաշխատի, դա ուրիշ հիմք է անվստահություն հայտնելու»,-ասաց նա։



Ըստ Բարսեղյանի՝ խնդիրը նախեւառաջ թիվ 34 ԸԸՀ-ի մեջ է, որը որոշում է կայացրել մի օրենքով, որով, ըստ նրա, մի կողմից որոշում կայացնել չէր կարող, մյուս կողմից՝ պետք է առաջնորդվեր մանդատները հստակ բաշխող դրույթով՝ 141-ի 4-րդ մասով։ «Բայց ինքն անցել է շատ կասկածելի եւ անորոշ 141-ի 5-րդ մասին, որով քանդել է նախորդ բաշխումը, մանդատները հավաքել է՝ պատկերավոր ասած, եւ վերաբաշխել է դրանք իր քմահաճությամբ»,-նկատեց պարոն Բարսեղյանը։



- Բայց 141-րդ հոդվածի 5-րդ մասը բխում է 4-րդ մասից, եւ դրանում հղում է արվում հենց չորրորդին, որով ասվում է, որ եթե ձայների հաշվարկի արդյունքում որեւէ ուժ ստանում է ընդհանուր մանդատների թվի 40 տոկոսից ավելին, ապա տվյալ ուժն ստանում է արդեն բացարձակ մեծամասնություն։



- Օրենքը գրված է այնպես, որ տարընթերցման տեղ է տալիս։ Չորրորդ մասը գրված է սպառիչ, դրանում վերապահում չկա 5-րդ մասի, չի ասում՝ բացառությամբ այն դեպքերի, եթե որեւէ քաղաքական ուժ ստանում է մանդատների 40 տոկոսից ավելին եւ այլն, եւ այլն։ Բաշխում-պրծնում է հանձնաժողովի նախագահը, վերեւով բաշխելով իջնում է, ստացվում է 15, 9, 5, 4 եւ ավարտվում է։ 5-րդ կետի ժամանակ հղում է անում 4-րդ կետով բաշխման վրա եւ սկսում է վերաբաշխել մանդատները։ Վերաբաշխման մեխանիզմը շատ անորոշ է։ Մի քանի անգամ ես բացատրել եմ. չկա սահմանած մանդատների բացարձակությունը։ Ասում է՝ բացարձակ մեծամասնությունը տուր «Բալասանյան դաշինքին»։ Մուկուչյանը չգիտեմ ինչ խելքով որոշել է, որ այդ բացարձակ մեծամասնությունը 17 մանդատն է։ Ես էլ ասում եմ՝ 30 մանդատն է բացարձակ մեծամասնությունը, սխա՞լ եմ ասում։ Ճիշտ եմ ասում։ Օրենքի մեջ չկա գրված, թե որն է բացարձակ մեծամասնությունը։ Այսինքն՝ Մուկուչյանը կամ որեւէ հանձնաժողով չէր կարող որոշել՝ տասնյո՞թ է, տասնո՞ւթ է, թե՞ քսան է։



- Այդ հասկացությունները, կարծեմ, հստակ սահմանված են՝ որն է պարզ մեծամասնությունը, որը՝ բացարձակ եւ այլն։



- Չկա։ Ես քիչ առաջ ասացի, որ բացարձակ մեծամասնություն հասկացությունն օրենքի մեջ սահմանված չէ։ Իսկ եթե 7-րդ դասարանի ցանկացած երեխայի հարցնեք՝ 33-ի բացարձակ մեծամասնությունը որն է, ինքը Ձեզ կասի՝ 17, 18, 19, 20, մինչեւ 32։ Երկրորդը. 5-րդ մասի վերջում գրվում է, որ մնացած մանդատները բաշխվում են մնացած կուսակցություններին։ Թե ինչպես է բաշխվում, օրենքի մեջ սահմանված չէ։ Իրենք որոշել են մնացածը բաշխել այսպես՝ 8-4-4։ Ես էլ ասում եմ՝ 1-1-14. «ԳԱԼԱ»-ին 14 հատ պիտի տայիր, մյուս երկուսին՝ մեկական։ Որտե՞ղ է գրված, որ այդպես չպիտի տայիր։ Հասկանո՞ւմ եք, էս տեսակ անորոշությամբ, երբ հաշվում եք, համոզվում եք, որ 5-րդ կետով մանդատների բաշխման տարբերակները 560 հատ են։ 560 տարբերակով բաշխելու փոխարեն դու մի տարբերակը դրանից ընտրել ես եւ հայտարարել ես օրինական։ Այսինքն՝ մնացած տարբերակները հայտարարել ես անօրինական։ Հիմնավորել չես կարող։



- Շատ լավ, բայց նկատենք, որ 2009 թ․ Երեւանի ավագանու ընտրություններում նույնպես նմանատիպ իրավիճակ էր առաջացել, եւ այս նույն սկզբունքով Գագիկ Բեգլարյանը դարձավ քաղաքապետ, ու որեւէ մեկը չվիճարկեց դա։



- Դա Երեւանի ավագանու գործն է, որ որոշել է չվիճարկել եւ գնալ նիստերին։ Գյումրու ավագանու այն անդամները եւ բնակչության կեսը համարում են, որ մանդատների բաշխումն այս օրենքով սխալ է։ Վերջը՝ բանական մարդիկ ենք, եթե որեւէ մեկը կգա-կբացատրի, թե 560 տարբերակներից ինչու ենք հատկապես այդ մեկը որոշել որպես օրինական տարբերակ, կասեմ՝ ներողություն։ Չկա բացատրող։ Ասում է՝ 17 մանդատն է բացարձակ մեծամասնությունը, ես էլ ասում եմ՝ 20-ն է։ Մուկուչյան, ապացուցիր, որ 17-ն է բացարձակ մեծամասնությունը։ Չես կարող ապացուցել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ