Ռուդիկ Ղուկասյանի բողոքի քննության դատական նիստը ավարտվեց

Ռուդիկ Ղուկասյանի բողոքի քննության դատական նիստը ավարտվեց

Այսօր Երևանի Վարչական դատարանում քննվում էր Սևանի քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի հայցը՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ: Ղուկասյանը պնդում է, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով։ Հայցի հիմքում դատարան են ներկայացվել «իրեղեն» ապացույց հանդիսացող տեսագրություններ, որոնք ֆիքսել են ընտրակաշառք բաժանելը։



Դատական նիստին ներկա էին հայցվոր կողմը՝ Ռուդիկ Ղուկասյանը, նրա փաստաբան Վրեժ Խաչիկյանը, իսկ մյուս կողմից ներկայացել էին Սևանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ ընտրված Սարգիս Մուրադյանի ներկայացուցիչները և մեղադրվող՝ թիվ 23 ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հայցվորը կողմը պահանջում էր անվավեր համարել Սևանի քաղաքապետի ընտրությունները՝ հիմնվելով այն տեսաձայնագրությունների վրա, որտեղ երևում է, որ կատարվել են ընտրակեղծիքներ։ Հակառակ կողմն էլ պնդում էր, որ դրանք բավարար հիմք չեն ընտրությունները անվավեր համարելու, քանի որ դրանք փաստական հիմք չեն։



Դատարանը ուսումնասիրեց գործի նյութերը, որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններում 6 հազար 671 ձայնով անցել է անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում էր ՀՀԿ-ն: Ըստ պաշտոնական վիճակագրության, Սեւանում 62 տոկոս մասնակցություն է գրանցվել, մինչդեռ Գյումրիում, օրինակ, մոտ 35 տոկոս է եղել։