Մարգարիտ Եսայանով պայմանավորված չէ Նարինե Մկրտչյանի դրույքաչափի փոփոխությունը

Մարգարիտ Եսայանով պայմանավորված չէ Նարինե Մկրտչյանի դրույքաչափի փոփոխությունը

Սեպտեմբերի սկզբին Մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին արդեն անդրադարձել ենք, գրել ենք, որ մի քանի ամբիոններում կրճատումներ եւ դրույքաչափի փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին բարձրաձայնել են հենց դասախոսները։ Հեռուստալրագրության ամբիոնի դասախոս Նարինե Մկրտչյանը, որի 0.5 դրույքը կրճատվել էր եւ դարձել 0.25, օրեր առաջ դիմում է գրել ԵՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին եւ հեռացել համալսարանից։ 



«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնի դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածության եւ դասաժամերի բաշխումն ընթանում է արատավոր կարգով եւ մեթոդներով՝ կամայականորեն, անարդարացիորեն, չպատճառաբանված, ինչի հետեւանքով իմ դասաժամերը կիսով չափ կրճատվել են՝ 0.5 հաստիքային դրույքից իջնելով 0.25-ի՝ անտեսելով դասախոսական աշխատանքի իմ փորձառությունը, 12 տարի ԵրՊՄՀ-ում դասավանդելու հանգամանքը եւ այլն, եւ որ այս իրավիճակին տեղյակ է ռեկտորատը, կարող եք ազատել ինձ աշխատանքից»,-դիմումի իր տեքստում գրել է Նարինե Մկրտչյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն առաջարկել են ստորագրել 0.25 դրույքով պայմանագիրը, ինչից հրաժարվել է։



Վերջերս նա առիթ է ունեցել խոսելու նաեւ ռեկտորի հետ, բայց քանի որ դա մասնավոր զրույց է եղել, չցանկացավ մանրամասներին անդրադառնալ։ «Ասեմ միայն, որ ամեն ինչ ամբիոնի գործունեությամբ պատճառաբանելը հիմնավոր չէ, քանի որ իրավիճակին տեղյակ է նաեւ ռեկտորատը, եւ չի կարելի ամբիոնի վարիչի կամայականությունների մասին բողոքներն անվերջ անտեսել: Առնվազն տարակուսելի է, որ իրավիճակին չարձագանքեց նաեւ ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: Այն դեպքում, երբ համանման իրավիճակի առջեւ կանգնել են մեծ թվով դասախոսներ նույն բուհից: Որքան էլ քննադատենք Արմեն Աշոտյանին, պետք է խոստովանեմ, որ ես չեմ հիշում կրթության ոլորտին վերաբերող որեւէ հրապարակային բողոք, որն անարձագանք թողներ նախկին նախարարը: Լեւոն Մկրտչյանը շատ փակ է աշխատում, ես կողմնակից եմ, որ կրթության համակարգը լինի բաց, թափանցիկ, արդարացի»,-ասաց Մկրտչյանն ու ընդգծեց, որ մանկավարժականում լուրջ խնդիրներ կան, եւ հարկ է, որ նախարարն առնվազն հետաքրքրվի դրանցով:



Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչ անհամաձայնություններ կան Նարինե Մկրտչյանի հետ, եւ ինչու է նրա դրույքաչափը կրճատվել, եւ ինչպես է, որ չեն կանխել փորձառու դասախոսի հեռանալը բուհից։ Լեւոն Գալստյանը նշեց, որ սա սովորական աշխատանքային ընթացք է, որը լինում է հանրապետության բոլոր բուհերի բոլոր ամբիոններում, իսկ մանկավարժականի դեպքում դիմորդների ընդհանուր թվի կրճատումով է պայմանավորված նաեւ դասախոսների զբաղվածության ժամաքանակների կրճատումը, եւ ոչ միայն Նարինե Մկրտչյանի, այլեւ մի քանի դասախոսների դրույքաչափեր ստիպված են եղել կրճատել 0.25-ով. «Ոչ ոք ոչ մեկի աշխատանքից ոչ միայն չի հեռացրել, այլեւ նման մտադրություն էլ մենք չունենք»։
Նշենք նաեւ, որ սեպտեմբերից նույն ամբիոնում լրագրություն է դասավանդում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որն ընդգրկված է 0.25 դրույքաչափով։ Այս առիթով Լեւոն Գալստյանը միայն նկատեց. «Ուզում եմ ասել, որ Մարգարիտ Եսայանով ընդհանրապես պայմանավորված չէ Նարինե Մկրտչյանի դրույքաչափի փոփոխությունը, անգամ հեռավոր կապ չկա։ Նրանք դասավանդում են տարբեր առարկաներ»։ Մենք տեղեկացանք, որ տիկին Եսայանը մանկավարժականում «Լրագրողական վարպետություն» առարկան է դասավանդում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ