Հանում եմ տաբատս, անդրավարտիքս և երեք անգամ նստում, վեր եմ կենում. Կարո Եղնուկյան (ֆոտո,վիդեո)

Հանում եմ տաբատս, անդրավարտիքս և երեք անգամ նստում, վեր եմ կենում. Կարո Եղնուկյան (ֆոտո,վիդեո)

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր քննվում էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ բողոքարկման միջնորդությունը: Դատական նիստին ներկա էր նաև Կարո Եղնուկյանը:



Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում ասաց, որ տեսակցությունների արգելանքը իրավաչափ չէ և հարկավոր է բեկանել այդ որոշումը. ««Սասնա ծռերի» տղաները բոլորը գտնվում են անազատության մեջ և նրանց հետ խորհրդակցել կամ գործին առնչվել իմ պաշտպանյալը չի կարող: Եղնուկյանին առաջադրված բոլոր մեղադրանքները անհիմն են:



Դատարանում ելույթ ունեցավ նաև Կարո Եղնուկյանը, վերջինս նշեց, որ իրեն այդ կերպ պատժում են՝ խախտելով անմեղության կանխավարկածը, նա դատարանից խնդրեց, որ թույլ տան գոնե մեկ անգամ հանդիպել արտերկիր մեկնող դստերը, եղբորն ու մորը. «Ցավոք, դատարանները կատարում են միայն նոտարի դեր: Այն, ինչ քննիչը կամ դատախազը գրում է, դատարանը վավերացնում է: Քննիչը սահմանափակել է ընտանիքիս հետ տեսակցությունը, դա չհիմնավորված մոտեցում է: Քանի որ ընտանիքիս անդամները չեն կարող ինձ տեսակցել, ամեն օր ինձ փաստաբանս է տեսակցում և ինչ- որ ցանկանայի փոխանցել ընտանիքիս անդամներին, կփոխանցեի փաստաբանիս միջոցով: Հսկիչը սենյակում է լինում, երբ ընտանիքիդ ես հանդիպում, հետևաբար՝ ես չեմ էլ կարող մի բան հանձնել: Մինչեւ փաստաբանին տեսակցելը, այդ սենյակ մտնելը, ինձ խուզարկում են, և ասեմ՝ նսեմացուցիչ ձեւով են դա անում։ Հանում եմ ես տաբատս, անդրավարտիքս և երեք անգամ նստում, վեր եմ կենում: Ես ի՞նչ կարող եմ հանձնել կնոջս, ես պետք է գրկախառնվեմ կնոջս, աղջիկներիս հետ, մի քանի համբույր պետք է տամ, սա է, մի քանի կենցաղային բան պետք է խոսենք՝ ո՞նց ես, դպրոցն ինչպե՞ս է, կյա՞նքը»:



Եղնուկյանը դատարանին խնդրեց թույլ տալ հանդիպել աղջկա հետ, որը մեկնելու է Հունաստան երկուշաբթի եւ իր 82-ամյա մոր հետ:



Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Մեկ ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Պետրոս Մակյանը ընթերցեց որոշումը՝ մերժել փաստաբանի միջնորդությունը, ինչն էլ առաջացրեց դահլիճում դժգոհություններ, ներկաները վանկարկեցին՝ «ամոթ»:



Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:



Մանրամասները՝ տեսանյութում: