«Հայկական ժամանակ». Մարզպետների փոփոխության գործընթացը սառեցվել է

«Հայկական ժամանակ». Մարզպետների փոփոխության գործընթացը սառեցվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանություններն առայժմ կանգնեցրել են մարզպետների փոփոխության գործընթացն ու առայժմ բավարարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով։ Որոշվել է այդ հարցին անդրադառնալ մի փոքր ավելի ուշ։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանության վերին օղակներում վերլուծում են 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքներն այն առումով, թե որ մարզպետն է կարողացել շատ ԱՅՈ-ներ ապահովել։ Պարզվում է, մարզային ամենաբարձր արդյունքներից մեկը ապահովել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Ընդ որում, վերջինս իր մարզում կարողացել է այդ արդյունքները ցույց տալ հնարավորինս անաղմուկ կերպով։

Եվ դրա արդյունքում ձեռք բերած վստահության շնորհիվ էլ նրան հաջողվել է Սևանում հանրապետական երեք թեկնածուների փոխարեն քաղաքապետ դարձնել Սարգիս Մուրադյանին։ Իսկ ընտրություններին իշխանությունների օգտին լավ արդյունքներ ապահովել չկարողացող մարզպետներից է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը. Կոտայքի մարզպետը` Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը։ Իշխանությունները քննարկում են հատկապես այս երեք մարզերում կամ մարզպետի փոփոխության, կամ ինչ-որ կերպ իրենց դիրքերն ուժեղացնելու հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։