«Ժողովուրդ». Դիվերսիոն ներթափանցումը հրադադարի խախտման սովորական դեպք չէ

«Ժողովուրդ». Դիվերսիոն ներթափանցումը հրադադարի խախտման սովորական դեպք չէ

«Ժողովուրդը» գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»: Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք: Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երեւույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Արդյոք այս անգամ եւս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է ահեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: