«ՀԺ». Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից

«ՀԺ». Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հրաժարվել  Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից

«Հայկական ժամանակը» գրում է.  «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչեւ 200 հազար դոլարի: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»:



Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ:



Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ և BMW 7-ը և «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը: Մամուլի հրապարակումներից հետո, սակայն նա վերադարձրեց այդ մեքենան»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: