«Ժամանակ». Ադրբեջանն ու Ռուսաստանն ըստ էության ցայտնոտընկերներ են

«Ժամանակ». Ադրբեջանն ու Ռուսաստանն ըստ էության ցայտնոտընկերներ են

«Ժամանակը» գրում է. «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որեւէ կորստի:



Ադրբեջանը վերջին շրջանում բավական տարօրինակ վարքագիծ է դրսեւորում՝ ռազմական ուղղությամբ ինտենսիվացնելով հրադադարի խախտումները եւ փաստորեն նաեւ ինչ-որ առումով՝ դրանց բնույթը, իսկ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ինտենսիվորեն դժգոհելով այն բանից, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին թույլ չի տալիս լուծել խնդիրը եւ աջակցում է հայերին:



Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետեւանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար՝ կարող են շատ սահուն կերպով հետեւանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի եւ արձագանքի:



Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետեւ ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է եւ օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար:



Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր եւ ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաեւ իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում: Այս առումով խիստ ուշագրավ է, եթե հետահայաց ուշադրության արժանացնենք այն, որ ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը բուռն դինամիկա արձանագրեց այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունում ռազմական դիվանագիտության դիմեց նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ Ադրբեջանն իր այդ վիճակում չմնաց մենակ, ըստ էության ստացավ անհրաժեշտ աշխարհաքաղաքական պարուրագիծը, ինչն էլ հանգեցրեց ավելի համարձակ ու ագրեսիվ գործողությունների: Եվ իրավիճակը էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Ադրբեջանի այդ «մենության» հաղթահարողը եւ մասշտաբային հաղթահարողը Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն էր:



Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաեւ Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլեւ նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը: Այժմ այդ սխալի կրկնությունը ոչ միայն կարող է հանգեցնել ադրբեջանական նոր ագրեսիայի խթանման, այլեւ դրանից հետո արդեն Հայաստանի համար ցայտնոտային իրավիճակի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: