Եկեք դադարենք մտածել, որ եթե հայ ենք, ուրեմն պիտի միայն տանջվենք. Երևանում նախապատրաստվում են Հելոուինին

Եկեք դադարենք մտածել, որ եթե հայ ենք, ուրեմն պիտի միայն տանջվենք. Երևանում նախապատրաստվում են Հելոուինին

Հոկտեմբերի 31-ին գրեթե ողջ Եվրոպայում նշվում է Հելոուինը: Տոնն ունի կելտական ծագում եւ կապված է հին կելտերի ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին 2 ժամանակահատվածի էին բաժանում՝ լուսավոր եւ մութ: Հելոուինը մութ ժամանակի խորհրդանիշն է, որի ընթացքում երկրային եւ անդրշիրիմյան աշխարհների սահմանները թուլանում են, եւ հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:



Վերջին տարիներին Հելոուինը մեծ տարածում է գտել նաեւ Հայաստանում: Հոկտեմբերի 31-ին գրեթե անհնար է քայլել մայրաքաղաքի փողոցներում եւ չտեսնել գունեղ դիմակներով, վամպիրների հանդերձանքով երիտասարդների: Տոնի՝ տարեցտարի ավելի լայն զանգվածներով տարածումը հանգեցնում է Հայ Առաքելական Եկեղեցու անհանգստությանը: «Ցավալի է, բայց ամեն տարի այս օրերին ականատես ենք լինում անցանկալի մի երևույթի, որի անունը Հելոուին է: Շատերի կողմից այն նկատվում է իբրև անմեղ և գեղեցիկ տոն, բայց իրականում լրիվ այլ բան է: Հելոուինն անմեղության քողի տակ թաքցնում է հեթանոսական մի տոն, որ կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ մեր հոգևոր, գիտակցական ընկալումների վրա: Զարմանալի է, թե ինչպես են մի շարք տեղեկատվական և քարոզչական հարթակներ մեծ եռանդով քարոզում և գովերգում այս օտարածին տոնը, որի միջոցով բազմաթիվ բիզնես ընկերություններ գումարներ են վաստակում»,- նշում է Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:



Տեր Համբարձում քահանան զարմանում է, թե ինչպիսի ջանք ու եռանդով ենք նշում մի տոն, որի արմատները գալիս են տարեմուտին կատարվող կելտական գիշերային խրախճանքներից, որոնք ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով` հավատալով, որ այդ կերպ վերանում է ողջերի և մեռյալների աշխարհը բաժանող սահմանը: «Այս տոնակատարությունը ուղեկցում է մեզ դեպի դիվապաշտություն: Տոնի համար պատրաստվում էին հատուկ զգեստներ՝ չարը խորհրդանշող տարբեր դիմակներով ու գազանների մորթիներով: Ստացվում է` մեր հոգիները զարդարելու և Աստծուն մերձենալու փոխարեն մենք մեծ ժամանակ ենք տրամադրում այդ դիվական տոնին նվիրված հագուստների ձևավորման և կերպարանափոխության համար: Վստահ եմ, որ այս տոնի խորհրդի կամ բովանդակության մասին տոնողների մեծ մասը, եթե չասենք բոլորը, չգիտեն, այլապես երբեք չէին տրվի նման գայթակղության և կմերժեին չարիք մարմնավորող այս երևույթը»:



«Մեր երիտասարդներին պետք է խնդրենք և հորդորենք հեռու մնալ օտարամուտ նման տոներից, որոնք վնասաբեր են և ամեն կերպ հարվածում են մեր հոգևոր արժեքներին: Այդ դիվական տոնի բովանդակությունը մեզ ոչ թե մերձեցնում է Աստծուն, այլ դառնում պատճառ՝ չարին սիրաշահելու»,- նշում է Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:



Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին հորդորում է չմասնակցել այս «սատանայապաշտ» տոնին, հայ երիտասարդներից շատերը արդեն իսկ սկսել են պատրաստվել տոնակատարությանը:



Կարեն Մնացականյանը, ով ամեն տարի մեծ ոգեւորությամբ է նախապատրաստվում Հելոուինին, նշում է, որ տոնը հնարավորություն է տալիս ունենալ այնպիսի զգացողություններ, որոնք որեւէ այլ տոնի ընթացքում չես կարող ունենալ: «Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր միջի սեւ մարդուն ազատ թողնել եւ դրանից հաճույք ստանալ»:



Կարենի կարծիքով՝ պետք է շատանան այն տոները, որոնք մարդուն ազատ լինելու հնարավորություն կտան:



Տիկին Սվետան, ով եւս ամեն տարի մասնակցում է Հելոուինին, այնքան էլ համամիտ չէ այն կարծիքին, որ տոնը միայն երիտասարդներին է հաճույք պատճառում: «Մեզնից որեւէ մեկը չպետք է բաց թողնի լիցքաթափվելու եւ կյանքից հաճույք ստանալու հնարավորությունը: Եկեք դադարենք մտածել, որ եթե հայ ենք, ուրեմն պիտի միայն տանջվենք»:



Նարե Գեւորգյան