Շենքի հարցում պատրաստ են քննարկել ալտերնատիվ տարբերակներ

Շենքի հարցում պատրաստ են քննարկել ալտերնատիվ տարբերակներ

Հոկտեմբերի 24-ին հայ թատրոնի երախտավոր Սոս Սարգսյանը կդառնար 87 տարեկան։ Չնայած վարպետին տրված բազմաթիվ խոստումներին, նրա երազանքը՝ տեսնել Համազգային թատրոնի շենքը կառուցված, իր կենդանության օրոք մնաց անկատար։ Այս տարիների ընթացքում թատրոնը շարունակել է բարձրաձայնել վարպետի երազանքի՝ սեփական թատրոն ունենալու անհրաժեշտության մասին։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դեռ ամիսներ առաջ նշել էր, որ բարձր ատյաններից իրեն վստահեցրել են, որ շենքի հարցը կլուծվի նոյեմբերին։ Թե դա ինչ ընթացքի մեջ է, Վարդան Մկրտչյանը նշեց, որ իրենք բանավոր պայմանավորվածություններ ունեին նախկին նախարարների հետ, եւ նոյեմբեր ամսին շենքի հարցը պետք է մտներ կառավարություն, բայց, ինչպես հայտնի է, փոփոխություններ տեղի ունեցան կառավարության կազմում, եւ գործընթացը կրկին դանդաղեց։ «Այսինքն՝ մենք դեռ թղթաբանության հարցի առաջ ենք կանգնած, շատ եմ ցավում, որ այս հարցն այսչափ դանդաղում է, բայց կարծում եմ՝ նոր նախարարի եւ նոր աշխատակազմի հետ կկարողանանք այս հարցին արագ տեմպով վերջնական լուծում տալ»,-ասաց նա ու նշեց, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ իր հանդիպումը լինելու է այսօր, որտեղ պատրաստվում է ամենայն մանրամասնությամբ քննարկել թատրոնի հարցը։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Մանկական երկաթուղու թունելների դիմաց՝ Արամի եւ Կողբացու փողոցների միջնամասում, թատրոնի կառուցման հարցը դուրս է եկել օրակարգից, այստեղ կառուցապատում կլինի, բայց թատրոն չի կառուցվի։



Վարդան Մկրտչյանը նկատում է, որ հենց թատրոնի թղթաբանության հարցը լուծվի, մյուս հարցերն ավելի հեշտ ու արագ են լուծվելու։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ թատրոնին օգնողների մեծ թիվ կա, եւ այդ թիվը գնալով ավելանում է. «Պարզապես այստեղ մարդիկ զգույշ են եւ սպասում են, այսպես ասած, առարկայական քայլերի, որից հետո իրենց ներդրումները վստահորեն կանեն։ Վերջին հաշվով՝ մեզ համար կարեւորագույն խնդիրն այն է, որ Համազգային թատրոնը, իբրեւ նորանկախ Հայաստանի առաջին թատրոն, ունենա իր շենքը, որովհետեւ թատրոնը ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ունի մեր երկրի համար, այլ նաեւ այսօր մեր իրականության ամենաակտիվ թատրոններից մեկն է, եւ սա որեւէ մեկը չի կարող ժխտել։ Թատրոնը, որպես միավոր, իրավունք ունի իր տանիքն ունենալ»։



Թատրոնի տնօրենը նշում է, որ եթե նույնիսկ չկարողանան նոր շենք կառուցել, պատրաստ են քննարկել եւ ընդունել ալտերնատիվ այլ տարբերակներ, որոնք դարձյալ մեծ ներդրումներ կպահանջեն։ «Այստեղ հարցն այն է, թե ինչ ճանապարհով կգնանք, մենք չենք ասում՝ մեզ համար զրոյից սարքեք շենք, որովհետեւ դա 5 մլն.-անոց պրոյեկտ է, եւ այսօր այդքան գումար ճարելը շատ բարդ է, բայց, բոլոր դեպքերում, բարդության հետ զուգահեռ կա լուրջ հարց, որը պետք է լուծվի, եւ որի մասին այդքան խոսվել է դեռ Սոս Սարգսյանի կենդանության օրոք։ Տարիներ շարունակ մեզ անընդհատ թվացել է, որ, այ, հիմա կլուծվի հարցը եւ զարմանալի կերպով չի լուծվում, որը, իհարկե, շատ տարօրինակ է, իսկ ավելի անկեղծ՝ շատ անարդար։ Եթե մենք լինեինք պորտաբույծ թատրոն եւ չունենայինք օգտակար գործողության գործակից, ես այս ամեն ինչն այդ իրավունքով չէի ասի։ Բայց, նայեք, միայն մեկ ամսվա մեջ 2 պրեմիերա ենք տալիս, քանի՞ այսպիսի թատրոն կա։ Եվ այս ամենն անում ենք՝ չունենալով պայմաններ, իսկ եթե պայմաններ ունենայինք, ինչեր կանեինք։ Ես ասել եմ եւ էլի եմ ասում, որ միջազգային արենայում մեր թատրոնը կփայլի եւ կդառնա թարմ օդ այս կարծրացած թատերական համակարգի մեջ, բայց դրա համար մի քիչ հնարավորություն է պետք»,-նշեց Վարդան Մկրտչյանն ու հավելեց, որ վարպետի ծննդյան օրը Համազգային թատրոնը խաղալու է «Համլետ» ներկայացումը՝ նվիրելով այն իր հիշատակին. «Խաղալու ենք այն գիտակցումով, որ ինքը մեզ հետ նայում է այդ ներկայացումը»։



Ինչ վերաբերում է նոր ներկայացումներին, ապա թատրոնն ամսի 30, 31-ին կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացումը, մինչ այդ՝ սեպտեմբրի 26-ին, որն էլ, ի դեպ, նրա մահվան օրն էր, ներկայացրել են Սաշա Գիթրի «Արի երազենք» ներկայացումը։ Մինչեւ Նոր տարի նախատեսված է եւս մեկ պրեմիերա, որը կլինի մանկական ներկայացում, մի պրեմիերա էլ նախատեսված է 2017թ. սկզբին։ Վարդան Մկրտչյանն այս առիթով կատակում է՝ հնարավորությունների պակասը լրացնում են ստեղծագործական ակտիվությամբ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ