Բոլորը գիտեն, թե որտեղից են կառավարվում «ձախ» փողերը

Բոլորը գիտեն, թե որտեղից են կառավարվում «ձախ» փողերը

ՀՀՇ-ական գործիչ, Հայաստանի մաքսային վարչության առաջին պետ Երջանիկ Աբգարյանը, որը ղեկավարել է այդ կառույցը 1992-1997 թվականներին, ճիշտ է համարում մաքսային սահմանին հսկիչ գների կիրառումից հրաժարվելու գործընթացը։ «Դա ճիշտ քայլ է,- ասում է նա,- մեր ժամանակ դրությունն այլ էր, ժողովուրդը նոր էր ընտելանում, սովորում այդ գործը, բայց դա ճիշտ չէր»։ Այն ժամանակ բյուջեն լցնելու նկատառումո՞վ էին հսկիչ գներ կիրառվում։ «Բյուջեն սուղ էր, բայց բոլոր տարիներին մենք համարյա երկու անգամ ավելի նախատեսված էր բյուջեով, եւ ոչ մեկն ինձնից չի լսել ելույթներ, թե բյուջե կատարենք եւ այլն»,- խոստովանում է Երջանիկ Աբգարյանը։ Այն ժամանակ՝ 1992-1997 թվականներին, կային անցքեր, որոնցով պտտվում էր առեւտուրը՝ շրջանցելով պետական բյուջեն։ «Ես այդ անցքերը փակելու խնդիր դրեցի, եւ դրա հաշվին գերկատարում էինք բյուջեն»։ Մաքսային վարչությունն այն տարիներին ամենաբարձր բյուջետային ցուցանիշներ ապահովողն էր։ Մաքսայինի առաջին պետը հիշում է, որ հարկահավաք մարմինների միջեւ մշտապես ներքին հակամարտություն կար։ «1994 թվականին ֆինանսների նախարարությունը մեր ամբողջ գերակատարումները տվեց հարկային տեսչությանը, որն ամեն տարի թերակատարումներով էր աշխատում եւ չէր կարողանում կատարել պետբյուջեն»,- պատմում է Երջանիկ Աբգարյանը, մի բան, որը նա պաշտոնավարման շրջանում, իհարկե, երբեք չէր հայտարարի։ 



- Պարոն Աբգարյան, Դուք հետեւել եք կառավարության ծրագրի քննարկմանն ԱԺ-ում։ Ի՞նչ տպավորություն ստացաք։



- Հետեւել եմ եւ արձանագրել, որ ընդդիմության հիմնարար առաջարկությունները տեղ չգտան կառավարության կողմից ԱԺ-ի հաստատմանը ներկայացրած տարբերակում: Սա, իհարկե, վատ է, բայց ոչ այնքան, որքան այդ ծրագրի իրականացման անհնարինության արձանագրումն ԱԺ-ի մեծամասնության կողմից: Կարծում եմ, որ կառավարության ներկայացրած ծրագիրն իրագործման ենթակա չէ, քանի որ դրանում արտացոլված չեն առկա կոռուպցիոն բուրգն իրենց ուսերին տանող ոստիկանության, քննչական, դատախազության, արդարադատության, նախագահականի, ԱԱԾ-ի,ՊՆ եւ ԱԳՆ կառույցների գործունեության գնահատականները:



- Վարչապետի մասին ի՞նչ կասեք։



- Չեմ կարող վստահաբար ասել, որ նա անկեղծ չի ուզում փոսից դուրս հանել մեր տնտեսությունը։ Բայց ես չգիտեմ, թե արդյոք նրա գրագիտությունը նրան բավարա՞ր է հասկանալու, ընկալելու Հայաստանի իրական դրությունը։ Բոլորն էլ նկատած կլինեն, որ ստվերային հարաբերություններ կան, որոնք արտաքինից չեն երեւում։ Գիտեն նաեւ, թե որտեղից են կառավարվում ձախ փողերը։ Այս երկու խնդիրներն ինչպե՞ս է նա հաղթահարելու։ Նա առաջին անգամը չի կառավարում։ Առաջին անգամ էլ քաղաքապետի պաշտոնին էր, եւ չթողեցին, որ աշխատի այդ պաշտոնին։ Հիմա կթողնե՞ն, չգիտեմ։ Կամ՝ ժողովրդի համար անհասկանալի բացատրություններ են տալիս։ Օրինակ՝ որպես ապացույց, որ ԵԱՏՄ մտնելը լավ բան է, ասում են՝ մենք մտել ենք 170 միլիոնանոց շուկա։ Ներողություն, բայց եվրոպական շուկան 500 մլն.-անոց է։



- Գուցե նկատի ունեն այն, որ Հայաստանի ապրանքներն ավելի՞ հեշտ կնվաճեն ռուսական շուկան, քան եվրոպականը։



- Սուտ է, ԵՄ բոլոր պայմանները Հայաստանն իր մասով կատարել է։ Եվրոպական պայմանները մեր մասով կատարել են։ Դա այն համակարգն է, որում հայաստանյան տնտեսությունը կաշխատի, ինչպես աշխատեցին Ալբանիայի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Բուլղարիայի տնտեսությունները։ Ո՞նց այս երկրները կարողացան վերաձեւվել, իսկ մենք չենք կարողանում։ Դեռ հարց է՝ դրա՞նք ավելի լավ մեկնարկային պայմաններ ունեին, թե՞ Հայաստանը։ Դա ռուսական ահավոր չկամությունն է հայերի նկատմամբ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ