Իշխան Բարսեղյանը ոչ թե կաշառք է վերցրել, այլ ստացել է իր պա՞րտքը

Իշխան Բարսեղյանը ոչ թե կաշառք է վերցրել, այլ ստացել է իր պա՞րտքը

ԱԱԾ քննիչները որոշում են կայացրել Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Իշխան Բարսեղյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Վարդուհի Էլբակյանն ու Կարեն Հովհաննիսյանը։ Նրանք հանդիպել են Բարսեղյանի հետ և այս պահին դատարանում են։ «Հիմա դատարանը գնցել է խորհրդակցական սենյակ, որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորման մասին միջնորդությունը քննարկելու», - ասաց Վարդուհի Էլբակյանը։



Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին ձերբակալել է ԱԱԾ-ն՝ «ենթադրյալ կաշառք ստանալու պահին»։ «Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո», - գրված է հաղորդագրության մեջ։



Պաշտոնական հաղորդումից առաջ կաշառքի մասին տեղեկությունները տարածվեցին մի քան ԶԼՄ-ներով։ Տպավորություն կա, որ դրանք հատուկ են գցվել «մամուլի բերանը»։



Իշխան Բարսեղյանի ձերբակալությունը անակնկալ էր թերևս նրանց համար, ովքեր տեղյակ չէին, որ վերջին մեկ տարում վարկաբեկման իսկական կամպանիա էին սկսել։ Լուրեր էին տարածվում, որ դատավորը խաղատներ է այցելում, որ 2014 թվականին հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան` պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած Իշխան Բարսեղյանից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ: Սա ևս կարող է վկայել, որ դատավորի հետևից են ընկել։ Քանի որ մեր դատական վերնախավում այնքան էլ շատ չեն դեպքերը, երբ դատավորներին տուգանում են, կամ այնպիսի «քավարանով» են անցկացնում, ինչպիսին է Արդարադատության խորհուրդը։ Անցյալ տարի այն կարգապահական վարույթ իրականացրեց, ընդ որում, դռնբաց, որը կարճվեց։ Բարսեղյանի մերձավորները «Հրապարակի» հետ զրույցում հայտնեցին, որ դատավորը ոչ թե կաշառք է վերցրել, այլ ստացել է իր պարտքը։