Վարչապետերն ու ավիաընկերությունները

Վարչապետերն ու ավիաընկերությունները

Հայաստանի վարչապետերը, պաշտոնի գալով, ինչ-որ նոր ավիաընկերություն են բերում ասպարեզ, որի շուրջ հասարակությունն ինչ-որ ժամանակ աղմկում է, բայց անցնում է ժամանակ, եւ կրկին ակնհայտ է դառնում այն, ինչ բոլորն ի սկզբանե գիտեին՝ հայկական երկնքում հրաշքներ չեն կատարվում, համենայնդեպս այն պահից, երբ այն բացվեց բոլորի առաջ։



Երեւանից Գյումրի՝ տաքսով, ինչպես Գյումրուց Մոսկվա՝ ինքնաթիռով



«Արմավիան» ժամանակին ձեւավորվեց Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ կապիտալով ու հովանավորչությամբ։ Արսեն Ավետիսյանի «Էյր Արմենիան» ուղեւորափոխադրումների լիցենզիա ստացավ Տիգրան Սարգսյանի վարչապետության ծաղկուն շրջանում։ Բայց «բաց երկնքի» քաղաքականության պայմաններում բացարձակ անպաշտպան գտնվեց ռուսական ավիաընկերությունների առաջ եւ նրանց իրագործած դեմպինգի արդյունքում շատ արագ սնանկացավ ու խեղդվեց պարտատերերի կողմից։ Հովիկ Աբրահամյանի օրոք ի հայտ եկավ նոր հայկական ավիաընկերություն, որը սարեր էր խոստանում՝ «Արմենիա» ավիաընկերությունը։ Անգամ լուրեր պտտվեցին, թե դրա հետեւում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Այս ավիաընկերությունը գովազդային տրյուկ բանեցրեց՝ հայտարարելով, որ 49 դոլարով Մոսկվա է թռչելու։ Ապա ընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հավաքեց լրագրողներին ու հայտարարեց, որ այդ գնով կթռչեն միայն նրանք, ովքեր 2 ամիս առաջ տոմս կգնեն, իսկ վերադարձնել չեն կարողանա։ «Արմենիա» ընկերությունը, որն այնուամենայնիվ որպես հայկական այդպես էլ չընկալվեց, թռչում է վրացական դրոշի տակ, օգտագործում վրացական «Airzena» ընկերության ինքնաթիռները, հիմնական բաժնետերն էլ՝ Գաիաշվիլին, «Airzena»-ի հիմնադիրն է։ Բայց լավ թե վատ, վրացական, թե հայկական, «Արմենիային» հաջողվեց մտնել հայկական շուկա եւ ամսեամիս ընդլայնում է աշխարհագրությունը։ Հուլիսին սկսեց թռչել Մինվոդի, իսկ հոկտեմբերի կեսից՝ Վորոնեժ։ Չնայած գների հետ կապված խոստումները, պարզվեց, չափազանցություն են։ Կարեն Կարապետյանի նորամուծությունն էլ, նրա առաջին փոփոխությունն ավիացիայի ոլորտում ռուսական «Պոբեդա» լոուքոսթերի թռիչքներն էին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից գրեթե տաքսու գնով՝ 10 հազար դրամ դեպի Մոսկվա, «Վնուկովո»։



Ցածր գները «բլեֆ» են



Ըստ նախնական հայտարարությունների, «Աէրոֆլոտի» խմբին պատկանող այս ընկերությունը շաբաթը 3 թռիչք է իրականացնելու 180 ուղեւորի համար նախատեսված Boeing-737-800 տիպի ինքնաթիռներով, 58 ուղղություններով, այդ թվում` 8 միջազգային ուղղություն։ Երեկ կառավարությունում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հաստատեց հեքիաթային այս հայտարարությունները. «Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը եւ տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերի գներն սկսվում են 999 ռուբլուց: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7 հազար 500 դրամ»: Ըստ Ավետիսյանի, դեր է խաղացել այն, որ պետությունը բյուջետային արտոնություն է տալիս ավիաընկերություններին, հանում է նրանց համար «օդի վարձը»։ Կառավարությունը սրանով նախատեսում է զարգացնել «Շիրակ» օդանավակայանը, որը նաեւ Գյումրու զարգացման համար խթան կլինի։ «Պետությունը հանել է օդի վարձը՝ 10 հազար դրամը, բայց մյուս ծառայությունների գները նույնն են,- մեկնաբանում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։- Այս գնի մեջ չկան ռեգիստրացիայի, անվտանգության ծառայության, բորտսննդի գները, վառելիքի։ «Բոինգը» կարող է իր վառելիքով գալ-գնալ, չլիցքավորվել այստեղ։ 4000 կմ է Գյումրուց Մոսկվա թռչելու եւ հակառակը, եւ նրա վառելիքը կհերիքի, բայց մյուս ծառայությունները պետք է մեջը հաշվի առնեն»։ Նա 20 դոլարանոց տոմսին չի հավատում։ «Դա գովազդային բլեֆ է։ Մի ամիս այդպես կթռչեն, հետո կվերադառնան նույն գներին։ Մի քանի տոմս կծախեն 10 հազար դրամով, հետո կասեն՝ վայ, էժան տոմսերը պրծան։ Սուտը ստի վրա է։ «Արմենիան» էլ իրենից ոչինչ չի ներկայացնում։ Նա այստեղից թռչում է Թբիլիսի, Թբիլիսիից էլ «Էյր Ջորջիայի» դրոշով է թռչում։ Փոխանակ ասեն՝ «էստի համեցեք», պետք է ունենան սեփական ավիաընկերություն։ Այ, դա կլիներ ծրագիր»,- համոզված է Շահեն Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ «Շիրակ» օդանավակայանի գործարկումը դրական քայլ է։ Նրա օրոք այս օդանավակայանը միջազգային ստանդարտների էր հասցվել, թռիչքուղիները նորոգվել էին, մեծ գումարներ էին ծախսվել, պատրաստվում էին Գյումրուց Ստամբուլ, Կարս, Անթալիա, Աթենք թռչել։ «Բայց հայկական ավիաուղիներ կային այն ժամանակ, եւ մենք օդանավեր ունեինք, ամեն ինչ ունեինք»։ Ըստ Շահեն Պետրոսյանի, ռազմական եւ քաղաքացիական օդանավերի՝ նույն օդանավակայանից թռչելը որոշակի ռիսկ է պարունակում։ ««Շիրակից» ռուսական ռազմաբազան է օգտվում։ Այնտեղ, որտեղ ռազմական եւ քաղաքացիական օդանավեր են, վտանգը միշտ կա, որովհետեւ դիսպետչերները տարբեր են, կարող են իրար չհասկանալ, կամ, ասենք, դիտավորություն լինի»։ Փետրվարից Գյումրու «Շիրակ» օդանավակայանը չի գործել։ Մինչ այդ էլ դրանից օգտվում էր «Աէրոֆլոտի» մյուս դուստրը՝ ռուսական «Դոնավիա» ընկերությունը, որը 100-200 դոլարով հիմնականում խոպանչիների ելումուտն էր ապահովում Մոսկվա։ Ինչո՞ւ է «Աէրոֆլոտը» մրցակցություն ստեղծում ինքն իր հետ։



«Պոբեդայի» միջոցով դուրս են մղում Գաիաշվիլո՞ւն



Ի՞նչ է շահում «Աէրոֆլոտը» «Պոբեդայի» էժան թռիչքներից, որոնց հիմնական ուղեւորը նույնպես խոպանչին է լինելու՝ Հայաստանից եւ Ջավախքից։ Ըստ «Ռեգնումի» տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրդզելյանի, «Պոբեդայի» միջոցով նպատակ կա խաղից դուրս բերել Գաիաշվիլու ընկերությունը՝ «Արմենիան»։ ««Պոբեդան» հայտարարեց, որ դեկտեմբերից պատրաստվում է Վորոնեժ թռչել, հայտեր է ներկայացրել Մինվոդիի եւ Վորոնեժի ուղղություններով, այն նույն քաղաքներ, ուր սկսել է թռչել «Արմենիան»։ Մինչեւ «Արմենիան», Մինվոդի ոչ ոք չէր թռչում։ Սոչի, օրինակ, որը մեծ պահանջարկ ունի, քանի որ Կրասնոդարի մարզը հայաշատ է, երկու ռեյս էր թողել, սրանք ոսկի ռեյսեր են «Աէրոֆլոտի» համար, եւ այս ուղղությամբ արհեստական սով էին ստեղծում։ Հիմա հենց «Արմենիան» թռավ Մինվոդի, սա եկել-ասում է՝ Մինվոդի եմ թռչում։ Այսինքն՝ հնարավոր է, որ «Պոբեդային» ակտիվացնելով, «Աէրոֆլոտը» նպատակ ունի «Արմենիայի» հետ անել նույնը, ինչ ռուսական ավիաընկերություններն արեցին «Էյր Արմենիայի» հետ»,- ասում է Գրդզելյանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ