Գործարար կնոջ նամակին պատասխանել է մեկ պետական այր՝ Վլադիմիր Պուտինը

Գործարար կնոջ նամակին պատասխանել է մեկ պետական այր՝ Վլադիմիր Պուտինը

Մեր զրուցակիցը փոքր բիզնեսի ներկայացուցիչ է, տարիքն առած կին, նախկին բարեխիղճ հարկատու։ Այնքան բարեխիղճ, որ ոչ միայն օրենքով հասանելիք գումարներն է վճարել տեսուչներին, այլեւ դրանից վեր «պլանով» սահմանված գումարները, որի արդյունքում սնանկացել է։ «58 տարի աշխատում եմ առեւտրի սիստեմում, մեծ սննդի խանութ ունեի քաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում, բայց խանութիցս միայն մեդալներս են մնացել,- պատմում է կինը՝ խնդրելով անունը չհրապարակել, քանի որ դեռ հույս ունի նոր խանութ բացել։- 2007-ին մոտ 200 հազար մնացորդ ունեի, բայց հարկայինը պահանջում էր 1 մլն. 500 հազար դրամ։ Ես էլ տոկոսով փող վերցրեցի, տվեցի։ Դա ընտրությունների նախօրեին էր, Սերժի ընտրության, 1,5 մլն. ուզեցին, ասացին՝ եթե չտաս, չես աշխատի։ Հավաքում էին ընտրություններից առաջ։ Չգիտեմ, թե ինչ էին անում։ 1,5 մլն. 10 տոկոսով վերցրի ու այդտեղից սկսեցի խրվել։ Հսկայական պարտքերի տակ ընկա, տոկոսների, խանութի մի մասը վաճառեցի, բայց նորից չպրծա։



Մյուս մասը վաճառեցի, նորից չպրծա։ Դատարաններ ընկա, վարկեր վերցրի։ 1,5 մլն. դոլարի կապիտալս դարձավ զրո։ Իրենք միլիոնուկես դրամ ուզեցին, ես միլիոնուկես դոլար կապիտալ կորցրի»,- գանգատվում է գործարար կինը։ Նա թոշակառու է եւ վարկ վերցնել չի կարող։ Մասնավորի տոկոսներն էլ այնքան բարձր են, որ ավելի է խրվում։ Ի՞նչ անել։ Մի քանի հարց տվեցինք տիկնոջը, փորձելով ներթափանցել գործարար-հարկային տեսուչ՝ լրագրողների համար փակ, գրեթե «ինտիմ» այս ոլորտը։



- Ձեր եկամուտն այնքան ցածր էր, որ 1,5 մլն. դրամ անգամ չունեիք եւ դրա պատճառով սնանկացա՞ք։ Էլ ի՞նչ բիզնես է դա որ։



- Այո, իմ անհաջողությունն այդտեղից սկսվեց։ Հիմա ես բանկերին պարտք չունեմ, բայց մասնավորին եմ պարտք։



- Բա ինչո՞ւ էիք օրենքով սահմանված չափից մեծ գումարներ տալիս հարկայինին։



- Ասում էին՝ չես տա, չես աշխատի։ Մենք պետք է պլան տանք, ինչ է, ուզում ես իմ երեխու հացին վայի՞ս լինես։ Չտաս՝ չես աշխատի։ Սա բողոքի կարգով չեմ ասում, անցած էտապ է։ Հիմա այսպես չեն անում, հիմա չգիտեմ ոնց են անում, մի տարի է՝ չեմ էլ աշխատում։



- Իսկ դա միայն Ձեզ հե՞տ էր կատարվում։



- Ոչ։ Ես այստեղ դատարաններ եմ դիմել, անօգուտ է։ Բոլոր դատարաններն ի օգուտ իրենց են որոշումներ կայացնում՝ հարկայինի, տոկոսով փող տվողների. սիստեմ է։



- Բա ի՞նչ եք անելու։



- Ինձ գումար է պետք փոքր բիզնեսի համար, իմ աղջիկը փոքր գումար է վերցրել, որ խանութ վարձակալեմ, հիմա ինձ մի փոքր կապիտալ է պետք։ Եթե մի երկու մլն. մի տեղից գտնեմ, կաշխատեմ, էլի ոտքի կկանգնեմ, բայց թոշակառուին վարկ չեն տալիս։



- Ի՞նչ պետք է անել, որ կոռուպցիան վերանա։ Վարչապետը ոնց որ թե ուզում է մի բան անել։ 



- Իմ կարծիքով՝ պիտի վերացնի կանխավճարները, մեկ էլ՝ պլանը, որ փոքր բիզնեսի վրա են դնում։



- Իսկ հարկայինի աշխատողներին՝ բոլորին պե՞տք է հանել։



- Եղած կազմով դժվար է, բայց մեջները կան մարդիկ, որոնք ազնիվ են, իրենք էլ են ուզում աշխատել օրենքով, բայց վրաները պլան են դրել։ Վատը նա է, որ միշտ մեզ են ճնշել։ Գալիս տեսնում էին, որ խանութում մի 100 հազարի ապրանք կա ընդամենը, բայց ասում էին՝ դու 300 հազար պետք է մուծես, նա՝ 400։ Եթե մի 5 սմ էս կողմ ապրանք ցուցադրեի, ամբողջ քաղաքապետարանը գալիս էր խանութս, տուգանում էին։ Հին շորե «մեշոքներով» տույժ-տուգանքների նամակներ ունեմ, անհնար էր աշխատել։



- Եթե Դուք ճիշտ շրջանառություն գրեք, աշխատողների թիվը ճիշտ ներկայացնեք ու զրոյից պետության հետ պայմանավորվեք, ձեռնտու կլինի՞ օրենքով աշխատելը։



- Ես չեմ թաքցրել աշխատողներին, մենք չենք էլ կարող նման բաներ անել։ Բայց, այո, ինձ կոնկրետ ձեռք է տալիս։



Մեր զրուցակիցը դիմել է բոլոր մարմիններին՝ քաղաքապետարանից սկսած, որ օգնություն ստանա, մեկ միլիոն-միլիոնուկես դրամ։ Պատասխանել է միայն... ՌԴ նախագահ Պուտինի աշխատակազմը։ Գրել են՝ քանի որ նա օտարերկրյա քաղաքացի է, նրան չեն կարող օգնել, որ բիզնես անի։ «Սա մերժում էր, բայց ես այս մերժումն ստանալով, անչափ երջանիկ էի, որ ինձ գոնե պատասխանեցին,- պատմում է տիկինը։- Մեր մարմինները ոչ մի պատասխան չէին տալիս, մարդատեղ չէին դնում»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ