Վարդենիսի քաղաքապետի վրա հարձակվողը «գիժ» էր

Վարդենիսի քաղաքապետի վրա հարձակվողը «գիժ» էր

«Հրապարակը» շարունակում է հետևել Վարդենիսի քաղաքապետի շուրջ ծավալվող աղմուկին։ Գրել էինք, որ համայնքի 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ վերջին ամսում տհաճ միջադեպեր են տեղի ունեցել, ընդ որում, հենց քաղաքապետի աշխատասենյակում, և դրանցով այժմ զբաղվում է ոստիկանությունը։ Մեր տեղեկություններով, որոնք պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քաղաքապետին ապտակողը նրա տեղակալ Աշոտ Դավթյանն է եղել, որին Խլոյանը առաջարկել է ազատվել պաշտոնից։ Նա «ռազբորկա» է ունեցել տեղի «Հայոց արծիվ» կուսակցության ներկայացուցիչների՝ Արման և Արամ Արշակյանների հետ՝ կուսակցության ղեկավարին բողոքելու համար։ Խլոյանի վրա հարձակվել է Վանյա անունով մեկը, մեր տվյալով, նրա Սոնիկ քարտուղարուհու որդին, որին քաղաքապետը խոստացել է տարածք հատկացնել թանգարան սարքելու համար, ու չի կատարել խոստումը։ Վոլոդյա Խլոյանը դիմել է ոստիկանութուն։ «Նա հայտնել է, որ մի քաղաքացի մտել է իր աշխատասենյակ, իրեն հարվածել է և դուրս է եկել», - պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ասացին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Սակայն չհայտնեցին քաղաքացու անունը՝ պատճառաբանելով, որ հետաքննություն է գնում և այս պահին անուն չեն կարող նշել։ Հասկանալու համար, թե այս երեքից որ մեկի դեմ է «ոստիկան բերել» Խլոյանը, զանգեցինք նրան, ինչը այնքան էլ հեշտ չէր, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում ոչ քաղաքապետարանի հեռախոսներին պատասխանող կար, ոչ էլ քաղաքապետի բջջայինին։ «Էս ի՞նչ ես գրել, չհասկացա», - հարձակվեց նա, «Հրապարակի» անունը լսելով։



-Երեկ ամբողջ օրը ձեզ զանգել ենք, ձեր քաղաքապետարան զանգել ենք, դուք չե՞ք աշխատում, չեմ հասկանում։



- Դուք լսու՞մ եք ինձ։ Մենք աշխատում ենք։ Երբ որ մարդ է մահանում, բարեկամ, հարազատ, կարո՞ղ ենք գնալ բարեկամի տուն։



- Ամբողջ օրո՞վ։



- Մինչև մեկը գործի եմ եղել, մեկից հետո գնացել եմ թաղման։ Ի՞նչ է եղել։ Որ էս բաները գրել ես անհիմն, որտեղի՞ց ես գրել, ուզում եմ իմանամ։



- Առաջինը՝ անհիմն չի, երկրորդը՝ ես ձեզ զանգել էի, որ ասեք, թե ինչ է եղել իրականում։



- Մի րոպե, իրար լսենք հասկանանք, քարտուղարուհու տղա, եսիմ ինչ, քաղաքապետի տեղակալը ապտակել ա, էդ ինչե՞ր եք գրել։



- Ի՞նչ է պատահել, որ ոստիկանություն եք դիմել, հիմա ասեք։



- Եկեք մի հատ իրար հասկանանք, լրագրողը ծնված է, որ միայն գր՞ի, հ՞ա։



- Ոչ, լրագրողը 100 անգամ ձեզ զանգել է, նամակ է գրել, մի հատ բացեք ձեր հեռախոսը։



- Հաջողություն, ընկերուհի ջան, երևում ա, լավ էլ ստեղծագործող ես, գնա հորդ մասին գրի։



Սա նորընտիր քաղաքապետի վերջին խոսքն էր, որը հարգելով, գրում եմ հորս մասին։ Ուրեմն, հայրս, նրա երկրացի է, արմատներով Գեղարքունիքի մարզից, ինժեներ մեխանիկ, խորհրդային տարիների «ինտելլիգենցիայի» տիպիկ ներկայացուցիչ։ Իր ողջ՝ 50 աշխատանքային տարիների ընթացքում պարտաճանաչ կերպով, առավոտվա 8.30-ից մինչև 18.00 գնացել է աշխատանքի, առաջատար մասնագետ է եղել, ատոմակայանի, ինքնաթիռների շարժիչներ է նախագծել, գործարկել և նորոգել, իսկ նորանկախ շրջանում՝ զենք մեր բանակի համար։ Կռիվների, քաշքշուկների մեջ պատահել է, որ ընկել է։ Տղամարդ է, ու՞մ հետ չի պատահում։ Բայց միլիցիայի, ոստիկանության հետ ոչ գործ է ունեցել, ոչ էլ համաքաղաքացիների դեմ «գործ է տվել» սույն մարմիններին։



Մեր զրույցից քիչ անց քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը կրկին կապվեց մեզ հետ և ներկայացրեց իր պարզաբանումները, որոնք ամբողջացրեցին պատկերը։
«Գրել եք, որ Արշակյան եղբայրները մտել են իմ աշխատասենյակ, իմ դոշերը հավաքել են, նման բան, նման խոսակցություն չկա, ես նրանց հետ հաշտ եմ։ Մի աննորմալ կա, որի գործերը ոստիկանությունը արդեն գրանցել է։ Նա եկել է իմ աշխատասենյակ, ոտքով դուռը բացել է, հարձակվել է ինձ վրա, ես էլ էդ մարդուն իմ աշխատակազմի հետ ճանապարհ եմ դրել։ Ներքին գործերի համակարգը ամեն ինչ արձանագրել է։ Նա ասում է՝ ինձ թանգարան պետք է տաք, աշխատեմ։ Ես էլ ասում եմ՝ ընկեր ջան, ձեր թանգարանի գույքը ինչ- որ կա, թող ուսումնասիրեն։ Գնացել են մարզպետարանից, տեսել են, նորմալ բան չկա, գողացած ժամացույցներ են, իրենք էլ են ծիծաղել։ Դա ի՞նչ թանգարանի բան է։ Երևի, քաղաքական գործունեության մարդիկ են սովորեցրել, եսիմ ով, սա էլ գիժ է։ Եթե գիժ չլիներ, ինչ՞ու պետք է գար, հարձակվեր»։



-Իսկ ձեր տեղակալի հետ ի՞նչ պատմություն է։



-Հարց չկա իմ տեղակալի հետ։



- Դուք չե՞ք ասել, որ ինքը գործից դուրս գա։



- Այ ցավդ տանեմ, դրա պաշտոնավարման ժամկենը լրանում է ամսի երեքին։ Երեքին ես նոր հրմանանը կարձակեմ։



- Հիմա դուք ու՞մ եք նշանակելու տեղակալ։



- Ես հաշվետու չեմ ընդհանրապես որևէ մեկին, ինձ հասկացա՞ք։ Որ օրը գա, ամեն ինչ կիմանաք։



- Դուք ո՞նց հաշվետու չեք, հաշվետու եք հասարակությանը, կարող եք չասել, դա դուք եք որոշում, բայց դուք հաշվետու եք։



- Ես հաշվետու եմ իմ ժողովրդին, բայց դուք զանգել եք, ասում եք՝ ում եք նշանակում։ Դեռ չեմ որոշել, ով է լինելու։ Հենց որոշեմ, ձեզ կզանգեմ, կասեմ։



Քաղաքապետը ճշտեց նաև, որ «գիժ» Վանյայի մայրը՝ Սոնիկը, իր քարտուղարուհին չի և որ իր քարտուղարուհու անունը Սաթիկ է, ոչ թե Սոնիկ։



Սյուզան Սիմոնյան