Արման Մկրտումյանը Նալբանդյանների գործը չի ուղարկում դատարան

Արման Մկրտումյանը Նալբանդյանների գործը չի ուղարկում դատարան

Վճռաբեկ քրեական դատարանը ոչ մի կերպ չի ցանկանում զբաղվել Վարդենիսի բնակիչ Նարինե Նալբանդյանի գործով, որը 14 տարի անմեղ նստած է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ երկու տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլին արձանագրել է, որ պետությունը խախտել է նրանց արդար դատաքննության եւ դատական մարմիններում պաշտպանության իրավունքը, եւ 62 հազար եվրո փոխհատուցում է սահմանել: Հիշեցնենք, որ Նարինե Նալբանդյանը մեղավոր է ճանաչվել 2004 թվականին՝ իր դստեր դասընկերուհու սպանության համար, եւ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Դեռահաս աղջկան տանջել էին, սպանել եւ նետել հորը, իսկ Նալբանդյանների ամբողջ ընտանիքին` Նարինեին, նրա ամուսնուն եւ աղջկան, Գեղարքունիքի ոստիկանության աշխատակիցները խոշտանգումների էին ենթարկել՝ խոստովանական ցուցմունքներ կորզելով: Հունիսին վճռաբեկ դատարանը բեկանել է դատարանների կայացրած ակտերը Նալբանդյանների գործով եւ որոշում է ընդունել գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, իսկ բռնությունների վերաբերյալ` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որտեղից էլ այն պետք է ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն, որը պետք է քննություն իրականացնի ոստիկանների մասով: Սակայն վճռաբեկ դատարանը մինչ օրս նյութերը չի ուղարկել դատարաններ: 



«Գումարները պարտաճանաչ ձեւով տվեցին,- ասում է Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանը,- վճռաբեկ բողոքները, որոնք ներկայացրել էի հունիսին, բավարարել են, բայց վճռաբեկ դատարանը պետք է գործն ուղարկի նախաքննության, սակայն արդեն 4 ամիս է՝ ձգում է եւ այդ խնդիրը համառորեն չի լուծում»: Փաստաբանի վճռաբեկ բողոքն Արման Մկրտումյանի դարակներում մուշ-մուշ քնած է, եւ ոչ ոք չգիտի, թե ինչու: Տպավորություն է, որ վճռաբեկ դատարանի նախագահը հատուկ տակտիկա է մշակել` ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացիները զզվեն սպասելուց, հոգնեն, հուսալքվեն եւ հնարավորինս քիչ դիմեն եվրոպական արդարադատության գերագույն ատյան: Սեդա Սաֆարյանը բողոք է ուղարկել Եվրոպայի խորհուրդ, որում իրազեկում է այս իրավիճակի մասին: «Մի օրինակն էլ մեր նախարարին ենք ուղարկել՝ արդարադատության, որ նա տեղեկացվի, որ վիճակն այսպիսին է: Մենք չենք կարող համառորեն նստել եւ սպասել, թե Նալբանդյան Նարինեն ոնց է 14 տարի անմեղ նստելու»,- ասում է Սեդա Սաֆարյանը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ