Էթիկայի հանձնաժողովը կարող էր պարզել, թե մեծ եկամուտներն ինչպես են առաջացել

Էթիկայի հանձնաժողովը կարող էր պարզել, թե մեծ եկամուտներն ինչպես են առաջացել

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր ընդհանուր տպավորությունը վարչապետի երեկվա հակակոռուպցիոն ելույթից այսպես արտահայտեց. «Երբ որ ես կառավարության ծրագիրն էի կարդում, այնտեղ հիմնականում ասվում էր, թե ինչ պետք է անի, իսկ ինչպես պետք է անի՝ չկար։ Նույնն էլ այստեղ է։ Չնայած սա կառավարության նիստի ֆորմատ էր, եւ այդ «ինչպես անելն» արդարադատության նախարարության վրա է լինելու»։



- Արդարադատության նախարարին հանձնարարական է տրված լսել քաղհասարակության ներկայացուցիչներին եւ ներկայացնել առաջարկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման վերաբերյալ:



- Լավ գաղափար է, բայց չի հասկացվում, թե որոնք են ներկա սկզբունքները, որոնք ինքն ուզում է վերանայել։



- Ապօրինի հարստացման քրեականացման ծրագրերը Ձեզ՝ որպես կոռուպցիայի հարցերով երկար տարիներ «զբաղվող» մասնագետի, լավատեսություն ներշնչո՞ւմ են։



- Ապօրինի հարստացման քրեականացում է առաջարկվում։ Առաջինը՝ կա շատ երկրների ոչ միայն դրական, այլեւ բացասական փորձ։ Քրեականացնում են ապօրինի հարստացումը, եւ հետո տարիներով որեւէ քրեական գործ, ապօրինի հարստացման հետ կապված, չի հարուցվում։ Պետք է տեսնել, թե իրավակիրառ պրակտիկան ինչպիսին կլինի։ Կամ ասվում է. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Նախ, Հայաստանում հայտարարագրումը նոր չէ, եղել է 2003 թվականից։ Երբ այն մտցվեց, այդ մի քանի տարին ուղղակի ծիծաղելի էր կարդալ նախարարների հայտարարագրերը, մարդիկ իրենց չոր աշխատավարձով ապրում էին։ Եթե պաշտոնատար անձը ցույց է տալիս քիչ եկամուտ, որը չի գերազանցի իր օրինական եկամուտները, դա ինչպե՞ս պետք է բացահայտվի։ Հետո, արդեն կան ակտիվներ, եւ օրենքն էլ հետադարձ ուժ չունի։ Այս ընթացքում արդեն չեմ զարմանա, որ նույն մարդկանց եկամուտները շատ մեծ չլինեն։ Հետո՝ ի՞նչ մեխանիզմներով են ստուգվելու հայտարարագրերը եւ ո՞ր մարմնի կողմից։ Կարելի է ֆորմալ մեխանիզմ օգտագործել, որը չի բերի իրական բացահայտման։ Օրինակ, որոշ երկրներում նայում են, եթե տվյալ պաշտոնատար անձը չի հայտարարագրել ընկերությունները, որտեղ նա հիմնադիր է եղել, նրան ուղղակի հիշեցնում են այդ մասին։ Այդ տեսանկյունից վստահ ենք, որ նույն էթիկայի հանձնաժողովն իր վրա կվերցնի այդ գործառույթները։ Որովհետեւ մենք տեսանք՝ եղան մեծ հայտարարագրումների դեպքեր, եւ էթիկայի հանձնաժողովը հայտարարում էր, որ այդքան լիազորություններ չուներ, որ վարույթ սկսեր։ Բայց կարծում եմ՝ կարելի էր պարզել, թե մեծ եկամուտներն ինչպես են առաջացել։



- Ինձ հետաքրքրեց կարմիր գծերի, արագաչափերի եւ տեսախցիկների «ապասեփականացումը»։



- «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, «Փարքինգ սիթի սերվիսին» ու «Լոկատոր» ՓԲԸ-ին վերաբերող հանձնարարականները դե ֆակտո ազգայնացում են նշանակում։ Նորմալ երկրներում, որտեղ բիզնեսն ու իշխանությունը, քաղաքականությունը սերտաճած չեն, պետությունը, եթե բիզնեսը վերցնում է սեփականատիրոջից, նրանց ինչ-որ փոխհատուցում է տալիս։ Իսկ այս ընկերությունները պատկանում են, որքան գիտեմ, իշխանության հետ կապ ունեցող մարդկանց։ Մյուս հարցը՝ եթե ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնում են պետական կառույցներին, ապա այդ ընկերության հետ ի՞նչ է լինում։ Գուցե դրանք դառնում են դե ֆակտո պետական հիմնարկ եւ աշխատավա՞րձ են տալու այդ մարդկանց։ Երեկվա խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի մոտ խոսվեց այս մասին, եւ հաջորդ օրն ի կատար է ածվում։



- Փաստորեն, ընդամենը Սերժ Սարգսյանի կամքն էր պետք, որ այսքան ժամանակ չկար։



- Դե, մեզ մոտ քաղաքական կամքի արտահայտության ձեւն այս է, բայց այս հարցը հակակոռուպցիոն բլոկի մեջ չի մտնում։



- Հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործման մասին է խոսվում։ Ո՞րն է դա։



- Ներկա դրությամբ մենք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին չունենք։ Շատերը դա կառավարությանը կից հակակոռուպցիոն խորհուրդն են համարում։ Ես չեմ համարում, որովհետեւ այդ խորհրդի անդամներն այլ պաշտոններ են զբաղեցնում՝ նախարարներ, վարչապետներ, որոնք եռամսյակը մեկ հանդիպում են, ինչ-որ հարցեր են քննարկում, բայց, որպես հակակոռուպցիոն մարմին, նրանք հենց այդ գործի համար պետք է վարձատրվեին։



- Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը չի՞ կարող ներկա պահին այդպիսի մարմին կոչվել։



- Ոչ։ Բայց այդ մարմնի համար, ինչպես երեւում է այս հանձնարարականից, սահմանելու են կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են կրթական ֆունկցիան դնում այս հանձնաժողովի վրա։ Կամ պետք է լինի համակարգային մոտեցում, մի ունիվերսալ մարմին ստեղծվի՝ իրավական ֆունկցիաներով օժտված։ Սակայն, որքան հասկանում եմ, գործող իրավապահ մարմիններն են լինելու, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի որոշ լիազորություններ ունեն՝ ՀՔԾ-ն, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն։ Ուղղակի պահանջ է դրվելու հանրային հաշվետվություններ ներկայացնել։ Բայց ո՛չ դառնալ մասնագիտացված իրավական մարմին։



- Այդ դեպքում հայտնի չէ, թե ինչ է փոխվել, դա ինքնըստինքյան պետք է անեին՝ հանրային հաշվետվություն ներկայացնելը։



- Կարող է նույնիսկ ասեն, որ ներկայացնում են, ի՞նչ իմանաս։ Էթիկայի հանձնաժողովին կանխարգելման գործառույթներ տալը կարեւոր է, բայց պետք է հասկանալ, թե ինչքանով է ներկայիս մարմինն իր կարողություններով եւ ռեսուրսով պատրաստ այդպիսին լինել։ Ինչքան գիտեմ, նրանք նույնիսկ իրենց շենքը չունեն եւ քանի հոգով են, ինչ աշխատակազմ ունեն։ Եթե դու այդ մարմնին դարձնում ես մասնագիտացված կանխարգելող մարմին, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դրանք հզոր կառույցներ պետք է լինեն։ Այսօր այդ հանձնաժողովը չունի ռեսուրսներ եւ բավարար անկախություն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ