Անկախ մամուլ Հայաստանում չկա, ու դա նաեւ լրագրողներից է

Անկախ մամուլ Հայաստանում չկա, ու դա նաեւ լրագրողներից է

Լրագրող Վահան Իշխանյանի հետ հանդիպման առիթը նրա հեռանալն էր tert.am պարբերականից, բայց զրույցն ավելի լայն ստացվեց: Tert.am-ի ղեկավարությունը Իշխանյանին եւ մյուս սյունակագիրներին նամակով տեղեկացրել էր, որ իրենց հետ պայմանագրերը խզվում են ֆինանսական խնդիրների պատճառով: Իշխանյանը չի բացառում, որ հարցը ոչ թե ֆինանսական է, այլ՝ քաղաքական: Մինչդեռ 2008-ին ստեղծված պարբերականը մինչեւ վերջին շրջանը շատ ազատ էր, իսկ 2008-2009 թթ. ինչ-որ չափով հարում էր ՀԱԿ-ին, ուր գրում էին ՀԱԿ անդամներ Տիգրան Պասկեւիչյանն ու Հրանտ Տեր-Աբրահամյանը, ապա նաեւ՝ Մարինե Պետրոսյանը: 



- Կարծում ես, որ քո եւ մյուսների բլոգները քաղաքական պատճառներո՞վ հանվեցին:



- 2008-ին Յուրան Մովսեսյան եւ Արմեն Մելիքբեկյանն ինձ հրավիրեցին tert.am բլոգ վարելու: Ես նրանց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանք յուրահատուկ ազատ հնարավորություն տվեցին ստեղծագործելու համար, դու տնից գրում ես նյութը, ինքդ դնում առցանց, խմբագիրների հետ երբեք չես առնչվում, բացարձակ ազատություն ունես: Նրանցից հետո այլ խմբագիրներ են եկել, բայց մինչեւ այս տարի երբեք գրաքննություն չի եղել: Իսկ անցյալ տարի փոխվեց իրավիճակը, մեզ` բլոգերներիս, հրավիրեցին խմբագրություն եւ ասացին, որ այլեւս մենք ոչ թե բլոգեր ենք, այլ սյունակագիր, մենք չենք տեղադրելու նյութերը, ուղարկելու ենք խմբագրություն՝ իրենք տեղադրեն: Ասում էին, որ սա տեխնիկական հարց է, եւ նույնկերպ, առանց մեր թեմաներին միջամտելու, կշարունակվի աշխատանքը: Սակայն այդպես չեղավ, 8 տարվա մեջ առաջին անգամ նյութս մերժեցին քաղաքական պատճառով: Այն կոչվում է «Հինգ շրջանները. Մամեդովն ու Սերժ Սարգսյանը նույն բանն են ասում», հրապարակվեց «Հետք»-ում: Արդեն զգացողություն ունեի, որ «Թերթն» այլ ուղղությամբ է գնում: Իսկ թե ինչու մեզ հանեցին, դժվարանում եմ պատասխանել, գուցե համարում են, որ ավելորդ գումար են ծախսում, գուցե ավելի վերահսկելի են ուզում դարձնել մամուլը:



- Ի՞նչ ես կարծում, սա ընդհանուր մամուլի պրոբլեմը չէ՞:



- Վերջին 7-8 տարիներին Հայաստանում մամուլն ահագին ազատ էր: Ինչ ուզում ես՝ գրի: Իհարկե, խոսքը հեռուստատեսություններին չի վերաբերում, թեեւ այնտեղ էլ որոշակի ազատություն կար, մի պահ «Կենտրոնն» ու «Երկիր մեդիան» ավելի ազատ էին: Իշխանությունն այնքան ամուր է, որ կարիք չունի խոսքի ազատությունը խեղդելու, ինչ ուզում է՝ թող գրեն, մեկ է՝ իրենց իշխանությանը դա չի սպառնում: Իշխանությունն է նույնիսկ թերթեր ստեղծում, ուր նախագահի դեմ այնպես են գրում, որ անտեղյակ մարդը կկարծի, թե ընդդիմադիր թերթ է: Բայց շատ կոնկրետ հանգամանքներում, երբ իշխանությանը պետք է ինչ-որ մեկի դեմ կոնկրետ կոմպրոմատ աշխատեցնել, այդ թերթերը կատարում են իրենց դերը: Հայաստանում մամուլը հիմնականում իշխանության վերահսկողության տակ է, միեւնույն ժամանակ, կան թերթեր, որոնք ծառայում են նրան, ով այդ պահին վճարում է, եւ վճարողը կարող է մի որեւէ օլիգարխ կամ պաշտոնյա լինել, ու նաեւ հնարավորություն կա թերթեր բացել, որոնց չեն ճնշի:



- Ինչի՞ հետ ես կապում ազատության պակասը: Հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո ԶԼՄ-ների նոր մշակում է գնում:



- «Սասնա ծռերը» գուցե դեր ունեցան, բայց ո՛չ վճռական, որովհետեւ ինչ-որ էական բան է փոխվում: Օրինակ, 2013 թ. ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է որ մամուլից ահավոր դժգոհ լիներ: Այդ ժամանակ մամուլը շատ ազատ էր եւ ներկայացնում էր, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հետընտրական ցույցերը հիմնականում անաչառ լուսաբանվում էին:



- 2017-ին ընտրություններ են, եւ իշխանությունը չեմ կարծում, թե կուզեր, որ մամուլն այդքան ազատ լիներ, պետք է սեղմել: Մանավանդ՝ եթե պատկերացնենք, որ այս ընտրությունները թեեւ Ազգային ժողովի են, բայց նաեւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցն են որոշում:



- Նույն իրավիճակն էր 2002-ին, երբ «Ա1+»-ը հենց ընտրություններից առաջ փակեցին: Այն ժամանակ ես թղթակցում էի Armenian Week թերթին: Իմ խմբագիրներն էին Ջոն Հյուզը եւ Թոնի Հելփին։ Մի օր, հուլիսի վերջերին, նրանք մեզ հավաքեցին եւ ասացին, որ թերթի տնօրինությունը մտցնում է ցենզուրա, ովքե՞ր են կողմ նման պայմաններում աշխատել: Տարօրինակ էր, որ լրագրողներից շատերը կարծես առարկություն չունեին: Վերջում Ջոնն ու Թոնին ասացին՝ մենք սովոր չենք, երբ մեր թիկունքից նայում են, թե ինչ ենք գրում, մենք դուրս ենք գալիս եւ ստեղծում ենք նոր թերթ, ով կուզի, թող միանա մեզ: Մեծ մասը նրանց հետեւից գնաց, ու ստեղծվեց ArmeniaNow-ն: Armenian Week-ը Վարդան Օսկանյանի թերթն էր, գիտես:



- Իսկ «Անկախի» ժամանակ ի՞նչ իրավիճակ էր, որը դու հիմնեցիր, ազատության իմաստով:



- 2009-ին էր, շատ սահմանափակումներ կային, ես դրանցից նեղվում էի: Ի վերջո՝ դուրս եկա: Կոնկրետ նյութի հետ կապված վեճ եղավ, ինձ ասացին, որ սրանից հետո պետք է կարդան իմ նյութերը: Ես էլ չուզեցի խմբագիր լինել, որի խմբագրած նյութերը պիտի գրաքննվեն:



- Ես շատ լրագրողներից եմ լսել, որ դաշտը նրանց համար աստիճանաբար փակվել է: Ի՞նչ ես անելու հետո:



- Չգիտեմ:



- 90-ականներից մամուլում ես, ամենալավ ժամանակը ո՞րն էր քեզ համար:



- Ես բազմաթիվ խմբագիրների հետ եմ աշխատել, բայց համարում եմ, որ միակ խմբագիրս եղել է Ջոն Հյուզը՝ ArmeniaNow-ում: 6 տարի այնտեղ եմ աշխատել` 2002- 2008-ը, ու դա համարում եմ լրագրային գործունեության լավագույն ժամանակս: Իմ ընտրած թեմաները կամ գրելու ոճն ուրախացնում էր խմբագրին, նույնիսկ, երբ նյութը շատ էր դուրը գալիս, այնպես էր ոգեւորվում, որ նվեր էր առնում: Հայաստանում այդ չափանիշներով չեն շարժվում, լրագրության շատ նեղ պատկերացումներ են` ինտրիգային: Ջոն Հյուզը գնաց Ամերիկա: Ափսոս, «ArmeniaNow»-ն էլ փակվեց: Ես դուրս եկա ավելի շուտ, որովհետեւ ուզում էի ուրիշ տիպի ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Բայց եթե Հայաստանի մասշտաբով նայենք, ապա կարծում եմ, որ ամենաազատը մեկ անկախության սկիզբն էր՝ 1991-1992 թվերը, ապա նաեւ՝ վերջին ութ տարիները, հենց tert.am-ի օրինակով է երեւում` պատգամավորը, որն իշխանության հետ էր, ազատ թերթ էր ստեղծել: Իհարկե, այլեւս նա չէ tert.am-ի տերը:



- Այսօր ցենզուրա մտցնելն այնքան էլ հեշտ չի լինելու, չէ՞, կա ինտերնետ: Ի վերջո, մարդը կարող է սոցցանցի իր էջից լուրեր տարածել:



- Այն պրոցեսը, որը Հայաստանում եղավ, Արեւմուտքում էլ է եղել: Երբ իշխող դասակարգը հասարակական կարծիքը ձեւավորող այնպիսի հզոր մեդիաներ է ստեղծում ու այլեւս չի վախենում խոսքի ազատությունից, կարող են բազմաթիվ ալտերնատիվ թերթեր ստեղծվել, որոնք, մեկ է՝ այն ազդեցությունը չեն կարող ունենալ, ինչպես խոշոր մեդիաները: Սակայն հենց իշխանության շահերին ինչ-որ թերթ սպառնա, անպայման կլռեցնեն, ինչպես ԱՄՆ-ն Ասանժին ու Վիքիլիքսն է լռեցնում:



Այսօր կարդում եմ ամերիկյան ալտերնատիվ մամուլը, որն ասում է ճշմարտություններ, որոնք չեն երեւա երբեք խոշոր մեդիաներում, բայց դրանք շատ քիչ մարդ է կարդում, որովհետեւ միջոցներ չունեն ավելի տարածվելու: Հայաստանը Լուսնի վրա չէ, եւ նույն պրոցեսն այստեղ է: Սկզբից ճնշում են մամուլը, հետո կապիտալի իշխանությունն այնքան է ամրանում, որ թույլ է տալիս արդեն ազատ տարածքներ լինեն, բայց հենց որեւէ լրատվամիջոցից իրենց իշխանությանը ռեալ սպառնալիք նկատեն, տեղում կփակեն կամ ինչ-որ ձեւով հարցերը կլուծեն, ասենք՝ կառնեն, ինչպես ընդունված է Հայաստանում անել: Իսկ եթե առանց ֆինանսական աջակցության ինչ-որ մեկը հանուն որակյալ լրագրության անձնական միջոցներով կայք բացի, դժվար թե իշխանությանն սպառնալիք դառնա, առավել եւս՝ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենա, քանի որ միջոցներ չի ունենա գրասենյակ վարձել կամ լրագրողներին վճարել ու նաեւ այլ ծախսեր անել: Օրինակ, հեռուստատեսություն ո՞նց կարող ես պահել: Ինչքան էլ ինտերնետը զարգացել է, մեկ է՝ մեծ մասը տանը նստած՝ հեռուստացույց է նայում:



- Բա վերջը ո՞րն է:



- Վերջ չկա, ոնց որ երկրի վիճակն է, տենց էլ մամուլի վիճակն է: Հայաստանում չի առաջանում այլընտրանքային, անկախ լրատվամիջոց: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն իշխանության տարբեր շրջանակների ձեռքին են: Իշխանությունը լայն առումով եմ ասում՝ օլիգարխ, նախկին ղեկավար, որոնք բոլորը նույն իշխանության գաղափարախոսությունն ունեն՝ անձնական շահ, սեփականացում, ինչպես արանք գտնեն թալանելու ու հարստանալու:



- Գրանտները չե՞ն կարող աջակցել ազատ մամուլին:



- Գրանտը որոշակի շահերի է ծառայում, սիրուն աչքերի համար չեն տալիս, մեծ-մեծ խոսքերի տակ՝ մարդու իրավունքներ, ազատություններ, թաքնված են շատ որոշակի շահեր: Դա ավելի հստակ երեւում է վերջին տարիներին, երբ սրվել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն տարբեր երկրներում հասարակությունները Ռուսաստանի դեմ գրգռելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսում: Այստեղ էլ գրանտային բազմաթիվ ակտիվիստներ ու թերթեր, մարդու իրավունքների պաշտպանության ֆոնը պահելով, հստակ հակառուսական քարոզչություն են անում: Անկախ մամուլ Հայաստանում չկա, կամ որեւէ մեկին չվիրավորելու համար ասեմ՝ գրեթե չկա: Բայց դա նաեւ լրագրողներից է, չկա լրագրողական այնպիսի մթնոլորտ, որտեղ գնահատվի անկաշառ լինելն ու պրոֆեսիոնալիզմը, եւ անընդունելի լինեն կլանային կամ այլ ներգրավվածությունները: Ի վերջո, ինչպես մյուս ոլորտներում է, քաղաքականության մեջ եւ այլն, այնպես էլ լրագրության մեջ է, ուր նվիրված են ոչ թե մասնագիտությանը, այլ փողին: Բայց այս նվիրվածությունն էլ մի գաղափարախոսություն է, որն իշխում է Հայաստանում 25 տարի:



Սյուզան Սիմոնյան