Գիտպետկոմն ուզում է կուլ տալ ԲՈՀ-ը

Գիտպետկոմն ուզում է կուլ տալ ԲՈՀ-ը

Գիտական շրջանակներում տարօրինակ լուրեր են տարածվում։ Ասում են՝ գիտական աստիճաններ շնորհող կառույցը՝ ԲՈՀ-ը, վերացնում են։ Մինչդեռ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերջին շրջանում բուռն գործընթացների մեջ է։ Օգոստոսի սկզբից, երբ մյուսները դեռ արձակուրդում էին, այս մարմինը գիտական աստիճանավորման համակարգում փոփոխություններ է իրականացնում, թարմացնում եւ կրճատում է խորհրդային համակարգից ժառանգած մասնագիտությունների անվանացանկը, վերակազմավորում ու վերանայում է մասնագիտական խորհուրդների կազմը, կարճ ասած՝ ամենեւին նման չէ լուծարվող մարմնի։ Եվ, ուրեմն, որտեղի՞ց են հոսում կամ արտահոսում ԲՈՀ-ի լուծարման մասին խոսակցությունները։ Դրանց ֆոնին մեզ հետաքրքրեց գիտության ոլորտում գործող մեկ այլ պետական մարմնի ակտիվացումը՝ Գիտության պետական կոմիտեի, որի բուն գործը գիտնականներին աջակցելն է, գիտության թեմատիկ ֆինանսավորումը, միջազգային եւ այլ մրցույթներ հայտարարելը եւ այլն։ Սակայն, թողած այս ամենը, կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալներն զբաղված են ԲՈՀ-ի գործառույթներով։ Տպավորություն է ստեղծվում, որ ԲՈՀ-ն իրոք լուծարում են եւ տալիս են Գիտպետկոմին։ 



Նոյեմբերի 2-ին, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը news.am կայքին տված հարցազրույցում խոսել էր գիտական աստիճանների համակարգի մոդեռնիզացման մասին, հայտարարել, որ նախատեսվում է 2 գիտական աստիճանից՝ գիտությունների թեկնածու եւ դոկտոր, անցում կատարել մեկ աստիճանի՝ դոկտորի, ինչպես ընդունված է արտասահմանում: Նույն օրը նույն թեմայով՝ գիտական աստիճանավորման համակարգի բարեփոխման մասին ասուլիս է տալիս նաեւ ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանը, սակայն միաստիճան համակարգի մասին ոչինչ չի ասում։ Եվ, ահա, այս իրարամերժ հայտարարություններից հետո գիտնականները, դոկտորանտները, բուհերի աշխատակիցները, որոնք ատենախոսությունների վրա են աշխատում, միմյանց եւ այս ոլորտների վարչական մարմինների ղեկավարներին տարակուսած հարցնում են, թե հիմա ինչ է լինելու, ճի՞շտ է, որ գիտության թեկնածուներ էլ չեն լինելու, եւ բոլորը դոկտոր են դառնալու։ ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանը պատասխանում է. «Նախ՝ նման որոշման մասին ինձ հայտնի չէ։ Երկրորդը՝ ես կատեգորիկ դեմ եմ դրան։ Սա նշանակում է քանդել համակարգը։ Երկաստիճան համակարգի փոփոխությունը պետք է պատճառաբանված լինի, հիմնավորել է պետք։



Տրամաբանական շեշտադրում պետք է լինի։ Եթե ասենք՝ եվրոպական չափանիշներն են դա պահանջում, սխալ կլինի։ Եվրոպական 8 երկրներում, ներառյալ զարգացած գիտություն ունեցող Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, երկաստիճան գիտական համակարգ է։ Ռուսաստանում երկաստիճան համակարգ է։ Եթե ասենք՝ Բոլոնիայի հռչակագրի պահանջն է, սա եւս սխալ է։ Երրորդն էլ, իմ ստույգ տվյալներով, գիտական հանրությունը կատեգորիկ դեմ է նման նորամուծությանը»։ Մենք զանգահարեցինք նաեւ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին։ Ի դեպ, նա վերջերս իր ոլորտում իրականացվող միջոցառումների ցանկում ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգի վերաբերյալ մի դրույթ՝ 2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ պարոն Հարությունյանը որոշել է իր ձեռքը վերցնել նաեւ ԲՈՀ-ը՝ միացնելով Գիտության պետական կոմիտեին։ Գուցե արդեն որոշված է, եւ նրան հանձնարարել են գիտական աստիճանավորման համակարգի վերաբերյալ ծրագրե՞ր ներկայացնել։ «Միաստիճան համակարգին անցնելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Կա կառավարության ծրագիր, որը վերջերս առաջարկվեց, եւ որում գիտությանը վերաբերող երեք կետ կա, որոնցից մեկը գիտության աստիճանավորման համակարգի արմատական բարեփոխումն է։ Ես չգիտեմ, թե ինչ են խոսում, ինչ լուրեր են տարածվում, բայց ես դա անում եմ վարչապետի հանձնարարությամբ»։ Չշփոթե՛լ Կարեն Կարապետյանի հանձնարարականների հետ։ Սամվել Հարությունյանը նկատի ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը։



- Պարոն Հարությունյան, բայց գիտության աստիճանավորումը ԲՈՀ-ի գործն է, ԲՈՀ-ի պատասխանատվությամբ է կատարվում։ Հնարավո՞ր է, որ ԲՈՀ-ը միացնեն Ձեր կոմիտեին, եւ նման որոշում կա՞։



- Չգիտեմ ինչ է լինելու, կարող եմ ասել, որ այդ տարբերակը քննարկվում է։ Այդ խոսակցությունները ԲՈՀ-ի մասին վաղուց կան։ Որ կառույցն ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց գիտական աստիճանավորման համակարգի արդիականացման վերաբերյալ այդ փաստաթուղթը մյուս տարվա առաջին եռամսյակում պատրաստ կլինի եւ կդրվի Ակադեմիայի քննարկմանը։



- Հիմա բոլոր թեկնածուները, փաստորեն, դառնալու են դոկտո՞ր։ Շատ չե՞ն լինի դոկտորները։



- Թեկնածու, դոկտոր՝ մեր այսօրվա պատկերացումներով տարբեր բաներ են։ Մեխանիզմները որ գրվեն, կհասկանաք, որ սկզբունքային տարբերություն չկա։ Ես դոկտոր եմ եւ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում գիտության թեկնածու։



- Իսկ ինչո՞ւ աստիճանավորման համակարգով ԲՈՀ-ն առաջարկներ չի ներկայացնում, այլ՝ դուք։



- ԲՈՀ-ը գործակալություն է, իսկ մենք կառավարչական հիմնարկ ենք, ԲՈՀ-ը չի կարող նման բաներ ներկայացնել։ Բայց ԲՈՀ-ը, բնականաբար, մասնակցելու է այդ աշխատանքներին։



Անցյալ շաբաթ, սակայն, համոզվեցինք, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ԲՈՀ-ն ու Գիտպետկոմն ամենեւին էլ համատեղ չեն զբաղվել, այլ առանձին-առանձին, եւ այս ամենից ներգերատեսչական ինտրիգի հոտ է փչում։ Մեր տեղեկություններով, այս ինտրիգն սկիզբ էր առել ամռանը, երբ վարչապետը որոշեց հանձնարարել երկու գերատեսչությունների ղեկավարներին՝ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին եւ Գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, համատեղ ներկայացնել գիտության աստիճանավորման համակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկներ։Հանձնարարականն ստորագրել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը Սամվել Հարությունյանին հանձնարարեց այլ գերատեսչությանը վերաբերող նախագիծ մշակել։ Պատճառը պրիմիտիվ է։ Չի բացառվում, որ դեր է խաղացել ԲՈՀ-ի նախագահի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ տարաձայնությունը մի խոտանված ատենախոսության հարցով։ Դավիթ Հարությունյանը միջնորդել է, որ ԲՈՀ-ը փոխի բացասական կարծիքը եւ ընդունի հիշյալ ատենախոսությունը, սակայն Արզումանյանը մերժել է միջնորդությունը՝ դիտարկելով սա որպես ճնշում իր վրա։ Լիլիթ Արզումանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ, սակայն ավելի վաղ մամուլում ասել էր, որ վերջերս Դավիթ Հարությունյանի կողմից ԲՈՀ-ի վրա ճնշման դեպք է եղել։ Մի կողմ դնելով, սակայն, միջգերատեսչական ինտրիգը, հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այս հարցին անհաղորդ կրթության նախարարը, ինչո՞ւ է հանդուրժում, որ ներգերատեսչական ինտրիգներն այսչափ խորանան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ