Շիրխանյանի հարազատները վստահ են՝ նրան ուզում են սպանել

Շիրխանյանի հարազատները վստահ են՝ նրան ուզում են սպանել

Հանրությունն սպասում էր, թե ինչ է հայտարարելու պաշտպանության նախկին փոխնախարար, Արթուր Վարդանյանի խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանը։ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարությունը բանավոր համաձայնություն էր տվել, որ չի խոչընդոտի լրագրողների հետ նրա հանդիպմանը, բայց նախօրեին ապօրինի պատճառաբանություններով արգելեցին 10 լրագրողների մուտքը կալանավայր։ Լրագրողներն ստիպված էին զրուցել Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ, որը հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է։



Երեկ 2 կառույց արձագանքեց այս հայտարարությանը՝ ՔԿ վարչությունը եւ ՄԻՊ գրասենյակը։ Առաջինը հայտնեց, որ «հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը եւ բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները: Ըստ այդմ` 2016 թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանն «Աղաբեկյան» ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության: Նույն օրը, պաշտպանի դիմումի համաձայն, տեղափոխվել է իր իսկ նախընտրած Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն․․․07.10.2016 թ. նույն կենտրոնում բժիշկ-անոթաբան Ս. Սուլթանյանի կողմից տրվել է խորհրդատվություն. նշանակվել է համապատասխան բուժում: 17.10.2016 թ. կրկին ենթարկվել է թոքերի ռենտգեն եւ որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունների: Անցկացված հետազոտությունները փաստել են, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, եւ վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո»: Բայց ԱԱԾ «պադվալի» բժիշկների «դինամիկ» հսկողությունը ոչ մի կերպ չի լավացնում կալանավորի վիճակը։ Նա մի քանի րոպե է կարողանում կանգնած կամ նստած մնալ, ոտքերն անմիջապես ծանրանում են, քանի որ տրոմբոզ ունի, նրա համար միայն պառկած վիճակն է գերադասելի։



Մյուս արձագանքն օմբուդսմենինն է։ Երեկ նա 2 նամակ է ուղարկել։ Մեկը՝ Վահան Շիրխանյանին, մյուսը՝ Արփինե Հովհաննիսյանին։ Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել Շիրխանյանի իրավունքների խախտում: «Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարին՝ անհապաղ տեղափոխել Վահան Շիրխանյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն եւ կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը»: Թաթոյանն առաջարկել է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնց գործողություններով կամ անգործությամբ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, «ձեռնարկել արդյունավետ եւ բավարար միջոցներ հետագայում նույնանման վիճակում հայտնված անձանց նկատմամբ նույնանման խախտումները բացառելու ուղղությամբ»: Հայկ Ալումյանը ՄԻՊ որոշումը բնորոշեց որպես շատ լուրջ քայլ։



«Պաշտպանն իր լիազորությունների շրջանակում որոշում է կայացրել՝ իր նախաձեռնությամբ։ Ես չեմ հիշում երկրորդ նման դեպք, երբ այս աստիճանի կտրուկ հիմնավորված որոշում կայացված լինի ՄԻ պաշտպանի կողմից, որ մարդու նկատմամբ առկա է վատ վերաբերմունք»։ Վատ վերաբերմունքի փաստը գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են, երբ այցելել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ Վահան Շիրխանյանին։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպմանը եւս փորձել են խոչընդոտել։ Ի՞նչ կանեք, եթե Շիրխանյանին չտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Ալումյանը վստահեցնում է, որ դա ավելի վատ հետեւանքներ կունենա․ «Մենք շատ լուրջ միջոցների կդիմենք»։ Շիրխանյանը եւ հարազատները վստահ են, որ սա արվում է նրան սպանելու նպատակով, որ հետագայում ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, բայց կալանավորին փրկել չհաջողվեց։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ