«Սուտ.am»-ը ստեր է «բռնելու» եւ տեղեկացնելու է ապատեղեկատվությունների մասին

«Սուտ.am»-ը ստեր է «բռնելու» եւ տեղեկացնելու է ապատեղեկատվությունների մասին

«Sut.am», ահա նոր կայքի անվանումը, որի նպատակն է՝ բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Կայքն էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության հիմնած անկախ զանգվածային լրատվության միջոցն է: Կայքն այսօր է բացվել, բայց արդեն մի քանի «ստեր» հասցրել է «բռնել»: Այն արդեն անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող ժամացույցին, որի գինը՝ իրենց մեկնաբանությամբ՝ կազմում է 8700 ԱՄՆ դոլար. «Պետական բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած գույք, որը գերազանցում է 8.000.000 ՀՀ դրամը, համարվում է թանկարժեք և ենթակա է հայտարարագրման: Հետևապես, ՀՀ ոստիկանության պետի թանկարժեք ժամացույցը ենթակա չէ պարտադիր հայտարարագրման և առկա չէ Վլադիմիր Գասպարյանի հայտարարագրում»: Անդրարադարձ է կատարվել նաև ոստիկանապետի  56 և 10 միլիոն դրամ արժողությամբ 2 MERCEDES-BENZ G500 («Գելենտվագեն») ավտոմեքենաներին,և հարց բարձրացրել՝ որտեղից գեներալ Գասպարյանին այդքան գումար:



«Թրամփը Հայաստանի մասին ոչինչ չի ասել» նյութում էլ խոսվում է այն  մասին, որ բազմաթիվ հայկական լրատվական կայքերում գրվում էր այն մասին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրմափը լրագրողներին ասել է՝  ամեն ինչ անելու եմ Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու համար, սակայն դա իրականությանը չի համապատասխանում,  Հայաստանի կամ հայերի մասին արված հայտարարության որևէ հետք անգամ չկա:



Եվ, այսպես ևս մի քանի նյութեր տեղ են գտել կայքում:



«Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության մեջ, որոնք «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մինչեւ օրս, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա եւ կատարելով հետազոտություն, բացահայտում է: Ուստի այսպես մենք ավելի ընդարձակում են մեր գործը եւ նրան տալիս ավելի համակարգված բնույթ»,- այս մասին այսօր կայքի շնորհանդեսի ժամանակ նշել էր Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:



«Սուտ.am» կայքի խմբագիրը Վահե Ղուկասյանն է, ով իր խոսքում նշեց, որ չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: Վերջինիս խոսքով՝ «Սուտ.am»-ը չի հրապարակում այնպիսի նյութեր, որոնք խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, կամ արժանապատվության իրավունքը: Դասական առումով կայքը լրատվամիջոց չէ, այն ուղղված է ապատեղեկատվության բացահայտմանն ու կանխարգելմանը:



Կայքը հնարավորություն է տալիս մարդկանց մասնակցել ապատեղեկատվության բացահայտման գործին: «Տեղեկացնել ստի մասին» բաժնում քաղաքացիները կարող են տեղեկացնել տարբեր ապատեղեկատվությունների մասին, որոնք իրենք կփորձեն պաշտոնական հարցումների եւ հետազոտությունների միջոցով բացահայտել: Ոչ միայն քաղաքացիները, այլև պաշտոնատար անձիք այդ կերպ կարող են նույնպես ապատեղեկատվության մասին հայտնել, ի դեպ, աղբյուրի գաղտնիությունը խոստանում են ապահովել: