«Մարտիկ» հիմնադրամը թափանցիկ չէր, իսկ նոր ֆոնդը կլինի՞ թափանցիկ

«Մարտիկ» հիմնադրամը թափանցիկ չէր, իսկ նոր ֆոնդը կլինի՞ թափանցիկ

«Բանակի աջակցության ՊՆ նոր նախագիծ. հասարակության բեւեռացման եւ անվստահության պատճառները» թեմայով բանավեճի ժամանակ այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու նպատակով ամսական 1000 դրամ հավաքելը յուրաքանչյուր աշխատողից ապօրինի գաղափար է։



«Աշխատավարձը մարդու մասնավոր սեփականությունն է, եւ նրանից բացի ոչ ոք իրավունք չունի այն տնօրինել։ Եվ այստեղ գումարի չափը կապ չունի։ Եթե պետությունը կարիք ուներ, ապա կարող էր դիմել հանրությանը, բայց ոչ թե այն տնօրինելու համար»,- ասաց ազգագրագետը։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն էլ հակադարձեց Հրանուշ Խառատյանին, որ այդտեղ օրենքի որեւէ խախտում չկա, այն ապահովագրական ֆոնդ է, եւ գումար հավաքելը չի վերաբերում նվազագույն աշխատավարձին։ Ըստ նրա՝ սա ուղղակի «ազգ-բանակ» գաղափարի առաջին քայլերն են, քանի որ մեր ժողովուրդը կատարել է, կատարում է եւ կատարելու է նման հատկացումներ։



Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Ւշխանյանն էլ, հիշելով ապրիլյան պատերազմը, ասաց, որ սա շատ զգայուն թեմա է, եւ կարող է այդ հողի վրա հայրենասիրական արշավ սկսվել։ 1000 դրամ հավաքելը հանուն զինծառայողների Ավետիք Ւշխանյանին հիշեցրել են ԽՍՀՄ օրոք ինչ-որ թերթերի բաժանորդագրություն պարտադրելը։ Ըստ իրավապաշտպանի՝ եթե ուզում են ինչ-որ հարց լուծեն, ապա թող բարձրացնեն հարկերը, որովհետեւ մենք ոչ թե համայնք ենք, այլ՝ պետություն։
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ բանավեճի ժամանակ հիշեց ԱՄՆ-ի օրինակը, որտեղ նույնպես նման հատկացումներ են արվում։ Ավետիք Իշխանյանն էլ հակադարձեց, որ այնտեղ պետության նկատմամբ կա վստահություն։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի հաշվարկներով՝ մեր ՀՆԱ-ում կա 1,5 մլրդ դոլարի հասնող ստվեր։ Նա սոցհարցումներն անվանեց մանիպուլյացիոն գործիք։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չկա մեկ այլ պետություն, որ մեր երկրի նման ունենա անվտանգության խնդիրներ։ Գագիկ Մելիքյանը համաձայնեց իր ընդդիմախոսների այն դիտարկմանը, որ կա վստահության խնդիր, իսկ առաջարկվող գաղափարով, ըստ նրա, ազգ-պետություն սկզբունքը չի խաթարվում։ Բանավեճի ժամանակ հիշեցին նաեւ «Մարտիկ» հիմնադրամին, եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այդ հիմնադրամի նկատմամբ չկար վերահսկողություն։



Ավետիք Իշխանյանը նկատեց, որ ազգ-բանակ գաղափարի նկատմամբ վստահությունը չի առաջանում օրենք պարտադրելով։ Արտակ Մանուկյանն ասաց, որ ճիշտ կլինի ավելացնել հարկային դրույքաչափերը, իսկ հասարակության վստահությունը չափելու համար կա մի ինդիկատոր՝ պատժելիությունը։ Նա հիշեց, որ ճիշտ է, ՊՆ համակարգի որոշ պատասխանատուներ պաշտոնանկ արվեցին, սակայն նրանք մնացին անպատիժ։ Գագիկ Մելիքյանն էլ, արձագանքելով օրինագծի շուրջ բարձրացված աղմուկին, որի ժամանակ ինքը տականք էր անվանել ոմանց, ասաց, որ ինքն այդպես չի անվանել իր ընդդիմախոսներին, այլ՝ նրանց, որոնք հակազգային, հակահայկական հայտարարություններ են անում։ Ավետիք Ւշխանյանը հիշեց հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերը եւ ասաց, որ այն հանրային մեծ աջակցություն վայելեց եւ ցույց տվեց, որ իշխանությունն ունի վստահության ճգնաժամ։ Նույնը, ըստ նրա, վերաբերում է այս օրինագծին։ Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձեց գովել նախագիծն՝ ասելով, որ այն շատ լավ տարբերակ է, վերահսկողությունը թափանցիկ է, այն կներկայացվի էլեկտրոնային մատչելիությամբ, կլինի նաեւ հանրային վերահսկողություն, ուրիշ է՞լ ինչ է պետք։ Հրանուշ Խառատյանն էլ լուրջ կասկածներ ունի, որ կարող է մի զինծառայող վնասվել ոչ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, բայց այդ հիմնադրամից փող ստանալ, հետո այդ գործը կգնա դատարան։ Նա հիշեց, թե Արծրուն Հովհաննիսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ թվեր էր հայտնում, եւ դրանք մարտավարական ինչ նշանակություն ունեին։



«Դուք Ձեր պաշտոնի բերումով թույլ չեք տալիս հավատալ, պարոն Հովհաննիսյան։ Դուք հարկադրված եք Ձեր պաշտոնի բերումով խոսքեր ասել, ոչ թե Ձեր անձնական զգացմունքների»,- Արծրուն Հովհաննիսյանին դիմեց Հրանուշ Խառատյանը։
Իսկ Գագիկ Մելիքյանն առաջարկում է, որ զինծառայողների համար հավաքվող գումարը վերահսկելու համար ստեղծվող հիմնադրամում ընդգրկեն նաեւ ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։



Թագուհի Հակոբյան