Հաշվիչները խաբում են, համ քիչ գազ են լցնում, համ շատ փող է գրում. վարորդները փակել էին ճանապարհը

Հաշվիչները խաբում են, համ քիչ գազ են լցնում, համ շատ փող է գրում. վարորդները փակել էին ճանապարհը

Այսօր՝ նոյեմբերի 14–ին տասնյակից ավելի վարորդներ փակել էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ Կամոյի անվան փողոցը: Բանն այն է, որ Մարտունի քաղաքում գործում է 6 ԱԳԼՃԿ, որոնց սեփականատերերը որոշել են տարբերվել մյուս քաղաքներում գազալցակայանների տերերից և ավելի շատ գումար աշխատել՝ 1 խորանարդ գազը վաճառելով 200 դրամ:



«Մարտունիում ու մյուս գյուղերում գործող վեց գազալցակայաններում 1 խորանարդ գազը վաճառելով 200 դրամ է, իսկ Գավառում, Սևանում 160 դրամ է, անգամ Վարդենիսում 170-180 դրամ է, բայց ոչ 200 դրամ», – բողոքում էին վարորդները։ Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ հարցը միայն սակագինը չէ․ այլ այն, որ վճարում են 1000 դր գազի համար, բայց լցնում են 650-700 դրամի գազ. «Հաշվիչներն էլ են խաբում, համ քիչ գազ են լցնում, համ շատ փող է գրում, որ տենց հաշվենք մենք 1 խորանարդի համար 200 դրամից էլ ենք շատ տալիս։ 1000 դր–ի գազ ենք լցնում հասնում Սևան, նոր Սեւանում նորմալ գազ ենք լցնում, նույն գումարի դիմաց ավելի շատ ենք քշում»։



Բողոքող վարորդներին մոտեցավ Մարտունու ոստիկանապետը՝ Կարեն Սերոբյանը և հրահանգեց բացել ճանապարհը: Վարորդները չհամաձայնվեցին, փոխարենը առաջարկեցին լսել իրենց պահանջը և միջնորդել խնդրի լուծման հարցում։ Սերոբյանը վարորդներին լսելուց հետո առաջարկեց խումբ ձևավորել և այցելել գազալցակայանների տնօրեններին և հարցը տեղում ուղղել պատասխանատուներին, որպեսզի իջեցնեն գազի սակագինը։



Վարորդները այդքանով չբավարարվեցին: Նրանք առաջարկեցին հանձնաժողով ստեղծել, ստուգել հաշվիչները և գազալցակայանների տերերին անբարեխիղճ աշխատանքի համար տույժի ենթարկել, որ այլևս չփորձեն նման մեթոդով գումար աշխատել։



Մարտոնու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ է եւ վաղը կխոսի գազալցակայանների սեփականատերերի հետ. «Վարորդների բողոքն արդարացի է, Մարտունիում բոլոր գազալցակայանները գազը վաճառում են 200 դրամով, այն դեպքում, որ հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում 160-170 դրամ է: Ես վաղը կհանդիպեմ ԱԳԼՃԿ-ների տնօրենների հետ և կփորձեմ հարցը կարգավորել»:



Նելլի Կարապետյան