Ժարիտ Գրիշը նեղվում է իր մականունից եւ տնավարի խոսքից. մի հարցազրույցի պատմություն

Ժարիտ Գրիշը նեղվում է իր մականունից եւ տնավարի խոսքից. մի հարցազրույցի պատմություն

ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ, 2017 թ ԱԺ ընտրություններին մասնակցելու, առաջիկա ծրագրերի մասին երեկ զրուցել էինք Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանի, նույն ինքը՝ Ժարիտ Գրիշի հետ:



Պարոն Սարգսյանը, իր ոճին հավատարիմ, հարցերին պատասխանում էր երկար ու թույլ չէր տալիս, որ ինքս հարց տամ: Առավոտյան արված հարցազրույցը նախատեսվում էր հրապարակել երեկոյան, քանի որ իրենից հրատապություն չէր ներկայացնում: Հարցազրույցի ավարտից հետո Գրիշա Սարգսյանը խնդրեց, որպեսզի իր մականունը նյութի մեջ չգրվի, նա անգամ մեզ ասաց՝ «էդ մականունը իմը չի»: Մինչ նյութի հրապարակումը, Ժարիտ Գրիշն իր տեղը չէր գտնում, մեկ անգամ էլ զանգեց խմբագրություն, այս անգամ խնդրեց հեռախոսը փոխանցել գլխավոր խմբագրին եւ կրկին խնդրեց՝ «Կլիչկան» չդնել:



Եւ թեեւ նրան բոլորն այդ մականունով են ճանաչում ու այն հազար անգամ գրվել է մամուլում, սակայն անսացինք նրա խնդրանքներին` հարցազրույցը հրապարակվեց առանց մականուն նշելու: Բայց առավոտյան մեզ անակնկալ էր սպասվում: Պարզվում է՝ Ժարիտ Գրիշին այդքան էլ դուր չէր եկել մեր կայքում հրապարակված իր խոսքը, նա այն դարձրել էր գրական-գեղարվեստական, անգամ վերնագիրը փոխել և ուղարկել լրատվամիջոցներին՝ որպես մամուլի հաղորդագրություն: Մեր հեղինակային նյութը, որտեղ հարցերը տրվել էին «Հրապարակի» լրագրողի կողմից, մեր տեքստն ամբողջությամբ հայտնվել էր տարբեր ԶԼՄ-ներում՝ որպես Ժարիտ Գրիշի կազմած հարցազրույց:



Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչու է այդպես վարվել Գրիշա Սարգսյանը սկսեց մեզ մեղադրել իր խոսքը բառացի տալու մեջ։ Թե այդ հարցազրույցող փորձել ենք «փչացնել» իրեն՝ ինչ ասել է բառացի տվել ենք։ Մինչդեռ պարտավոր էինք դա դարձնել գրական հայերեն, ասենք՝ ինչու չենք «բոչկա» բառը թարգմանել տակառ եւ այլն։ Նրա կարծիքով «լրատվամիջոցը այդպես չպետք է աշխատի». «Պրյամո խոսք կարա լինի վիդեոյի դեպքում, ես գյուղից եմ, տենց եմ խոսում, էդ խոսքը իմ արժանապատվությանն ա կպնում»: Ապա ավելացրեց՝ «մյուսներին նենց հզոր բաներ կասեմ, էլ ձեզ ոչ մի բան չեմ ասի»:



Հ.Գ. Այստեղ են ասել՝ սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում: Պարոն Սարգսյանը երևի չի էլ հասկացել, որ նման քայլով խախտում է մեր հեղինակային իրավունքը, լրագրողի պարտականությունը չէ իր խոսքը գրական դարձնելը: Մեր խնդիրը մարդու խոսքն առանց աղավաղելու, առանց «սիրունացնելու» կամ «տգեղացնելու» ընթերցողին ներկայացնելն է, քանզի այդպես է բացահայտվում մերօրա գործիչների մտածողությունը, կրթական մակարդակն ու ինտելեկտը։ Այս պատմությունն էլ ընթերցողին ներկայացրինք միայն մի նպատակով, որ պարզ դառնա, թե ինչ պայմաններում են աշխատում լրագրողները եւ ինչպիսին են մեր հասարակության ակտիվ անդամները, որոնց դիմում ենք հարցազրույցներ անելու առաջարկներով։