Հարուստների համար պոլիկլինիկան կդառնա վճարովի

Հարուստների համար պոլիկլինիկան կդառնա վճարովի

Պոլիկլինիկաները միշտ եղել են մեր առողջապահության համակարգի աքիլեսյան գարշապարը: Բոլոր նախարարներն էլ գիտակցել են, որ պետք է բարելավել բուժսպասարկման այս ստորին օղակի աշխատանքը, բայց կոսմետիկ փոփոխություններից այն կողմ չեն գնացել: Արմեն Մուրադյանի օրոք պոլիկլինիկայի աշխատողների առաջ պահանջ դրվեց, որ վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ վերապատրաստում անցած լինեն: Նաեւ վերանայվեցին սարքավորումների տեխնիկական պահանջները: Նախարար Դերենիկ Դումանյանի օրոք պոլիկլինիկաներում վճարովի ծառայություններ մտցվեցին, յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար` 500-1000 դրամ, բացառություն արվեց միայն սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների համար: Ամեն նոր նախարար իր ծրագիրն է մշակում: Ըստ վերջին հետազոտությունների, որն անցկացրել է «Օքսֆամ» կազմակերպությունը, բնակչության 20 տոկոսն է օգտվում ամբուլատոր ծառայություններից, եւ դրանք հիմնականում մինչեւ 7 տարեկան երեխաներն են ու ծերերը` 75-ն անց անձինք: Թվերն ակնհայտորեն ցածր են իրականից: Միայն «սոցփաթեթի» շրջանակում սպասարկում ստացող 100 հազար մարդ կա, բացի դա` 0-7 տարեկան երեխաների հիմնական մասին ծնողները պարտադիր տանում են պոլիկլինիկա: 16-ը բոլորած տղաներն են պարտադիր նախնական հաշվառում եւ զննություն ստանում հենց պոլիկլինիկաներում: 



Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ 20 տոկոսն իրոք չափազանց ցածր թիվ է, պաշտոնական տվյալներից շատ հեռու: «Վերջին 10 տարվա ընթացքում մեր պոլիկլինիկաների համակարգում հաճախելիությունը 4-5 անգամ ավելացել է: Հաշվարկներն արվում են բժիշկների հաշվետվությունների հիման վրա, եւ միջին հաշվով ստացվում է, որ տարեկան յուրաքանչյուր քաղաքացի 5 անգամ հաճախում է պոլիկլինիկա: Եվրոպական միջինը կազմում է 8 անգամ, այնպես որ, մենք այնքան էլ հեռու չենք եվրոպական ցուցանիշից: Կրկնում եմ՝ սրանք միջինացված թվեր են, եւ կան բնակչության խավեր, որոնք առհասարակ չեն օգտվում ամբուլատոր ծառայություններից, եւ խավեր, որոնք ավելի հաճախ են օգտվում դրանցից»,- ասում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակը: Ինչպե՞ս է նոր նախարարը որոշել բարեփոխել պոլիկլինիկաները, եւ ճի՞շտ է, որ դրանք վճարովի են դառնալու, ինչպես հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցներից մեկում: «Նախ, խոսքը միայն բարձր եկամուտներ ունեցող խավի մասին է: Քանի որ բյուջեն անցյալ տարվանից էլ փոքր է, որպեսզի պետպատվերի շրջանակներում ավելի բարձրակարգ ու լայն ծառայություններ մատուցվեն, դիտարկվում է, որ միջինից շատ բարձր եկամուտներ ունեցողների համար պոլիկլինիկայի ծառայությունները վճարովի դառնան: Երկրորդ. այս հարցը դեռ վերջնականապես որոշված չէ»,- ասաց նախարարի խոսնակը: «Բարձր» խավն իրոք չի աղքատանա, եթե մի 5-10 հազար դրամ վճարի պոլիկլինիկայում, այլ հարց է, որ շատ փող ստացողները պոլիկլինիկա չեն գնում: Տվյալ դեպքում նախարարության հույսն այն է, որ բարձր եկամուտ ունեցողներին պետությունը կկարողանա «ջնջել» իր շահառուների ցուցակից, եւ բյուջեի առանց այն էլ սուղ միջոցները, որոնք ուղղվում են պոլիկլինիկաներին, կբաժանվեն միայն կարիքավոր եւ միջին եկամուտ ունեցող անձանց վրա:



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ
syuzan.simonyan
@hraparak.am