Փոքրիկ զինվորների դարբնոցում բունտ է

Փոքրիկ զինվորների դարբնոցում բունտ է

Երկուշաբթի «Փոքր Մհեր» կրթահամալիրի բարձր դասարանների սաները հրաժարվեցին հացից, դասասենյակներ նույնպես չեն մտել եւ բողոքի երթ են կատարել հրապարակում: Տղաները պահանջել են տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը, որովհետեւ նա վատ է վերաբերվում իրենց` կոպտում է, վիրավորում, փորձում է վախեցնել, զրկում է տուն գնալու իրավունքից: Ծնողներից մեկը պատմեց. «Ամսի 1-ից նա տնօրեն է եկել, երեխեքի հետ ահավոր է վերաբերվում, երեխեքն էլ բունտ են արել: Սպաներին ուզում է հեռացնել, իր բարեկամներին բերել-լցնել: Էլի՛ թող խիստ լինի, բայց կարգեր չփոխի: Օրինակ, երեխեքից մեկին խփել է: Ասում է` բոմժեր, կծեփեմ պատին, էսպես կանեմ ձեզ, էնպես կանեմ: Էն օրն ինձ զանգել է, ասում է՝ արի դպրոց: Ասում եմ` ի՞նչ է եղել: Բա` կգաս-կիմանաս: Էստեղից Քանաքեռավան ջրի ճամփա չէ, որ րոպեն մեկ վազենք ծնողական ժողովի: Երեխեքն ասացին` մեր դպրոցին մի կպի: «Ժուչոկներ» է դրել դասարաններում, որ լսի, թե ինչ են երեխեքն անում: Մի ամիս չկա, ինչ եկել է, կերավ երեխեքին: Ասում է` ինստիտուտ չեմ թողնի գնաք, կխանգարեմ: Սպաները երեխեքի կողմն են, բայց չեն կարող հրապարակային միանալ, ուզում է դրանց հեռացնել»:



Երեկ «Փոքր Մհերում» լարվածությունը դեռ չէր թուլացել: Դպրոց են այցելել կրթության նախարարության չինովնիկները, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, լրագրողներ: Բայց համընդհանուր ուշադրությունը, կարծես, ավելի է սրել լարվածությունը: Նախարարությունից տղաներին ասել են` ներեք նրան: Տղաները չեն համաձայնել, մինչեւ հինգշաբթի ժամանակ են տվել․ եթե տնօրենին չհանեն, դուրս են գալու: Այս վերջնագիրը վշտացրել է «Փոքր Մհերի» «հորը»` վարչապետի խորհրդական, արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանին, որը, տարիներ առաջ ստեղծելով ռազմականացված այս կրթարանը, իր բոլոր պաշտոններն ու կապերը ծառայեցնում էր դրա բարգավաճմանը: Հիմա Մալխասյանը խոստովանում է. «Տխրեցրեց ինձ իմ «երեխան»: 15 տարի ինչ-որ ձեւով փորձել եմ պահել այս դպրոցը, բայց հիմա կոտրեցին իմ հոգին: Իրենք ինձ համար միշտ եղել են իմ երեխաներին հավասար, ու հիմա ինձ դավաճանեցին իմ երեխաները»: Գեւորգ Մալխասյանը կրթական խորհրդի նախագահն է եւ վստահեցնում է, որ տնօրենն իրոք խստացումներ է մտցրել, սակայն դա արել է խորհրդի պահանջով: «Երբ նրան տնօրեն էին նշանակում, այդտեղ եղել են պաշտպանության փոխնախարար, սոցապփոխնախարար, եղել են ԿԳ նախարարի ներկայացուցիչները, որոնք իսկապես լուրջ հարցադրումներ են արել: Կարո՞ղ ես խնդիրները լուծել, թե՞ ոչ, ուսման որակը կբարձրացնե՞ք, թե՞ չեք բարձրացնի: Այն ժամանակ առաջադիմությունը շատ ցածր էր` 9-12 տոկոս: Բացակայությունների թիվը՝ անհարգելի, մեծ էր, ու այդ բոլոր թերությունները նա պետք է վերացներ: Գիշերը երեխաներն զբաղված են հեռախոսներով, առավոտյան տեսնում ես` դասի ժամանակ բոլորը քնած են: Սա բերում էր նրան, որ ուսման մակարդակն ընկնում էր: Մեկ շաբաթ առաջ տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, եւ բոլորը միանշանակ ասում էին, որ շատ գոհ են, որովհետեւ արդեն խստացում կա, կարգապահություն կա, բոլոր այն երեխաները, որոնք ազդեցության տակ էին ընկել, հիմա արդեն սկսել են սովորել, հենց ծնողներն էին ասում»,- վստահեցնում է Մալխասյանը: Երեխաները դժգոհ են տուն չթողնելը որպես պատիժ կիրառելուց: Բայց այս պատժամիջոցը միշտ է կիրառվել եւ գերադասելի է դպրոցից հեռացնելուց: «Տնօրենն ինքնուրույն չի որոշել դա, տեղակալները, սպաները զեկուցագիր են բերում, եւ նոր դրա հիման վրա կիրառվում է, տնօրենը տեղեկություն չունի, թե ով ինչ խախտում կատարեց: Իրենք բերում են զեկուցագիր, որ, ասենք, այս երեխան արդեն երրորդ օրն է՝ ուշացումով է դասի գալիս, կարո՞ղ ենք տուն չթողնել»: Այն օրերին, երբ երեխաները զրկված են եղել տանն անցկացնելու իրավունքից, նրանց հետ աշխատել են ուսուցիչները` հատուկ «տոնական» դասընթացներ են անցկացրել, որ «պատիժը» նաեւ կրթական էֆեկտ ունենա: Գ․ Մալխասյանը հիմնավոր կասկածներ ունի, որ բունտը կազմակերպել են կրթահամալիրում աշխատող սպաները: Նոր տնօրենը նրանց դուր չի գալիս: Մեկ էլ տեսար` կգա գիշերով, գարեջուր խմելիս կբռնացնի: Դաստիարակներից մեկին էլ Յաղմուրյանն արգելել էր կրթահամալիրում գիշերել, նա խոստացել էր, բայց տնօրենը եկել էր գիշերով ու խեղճին քնած բռնացրել:



- Լավ, պարոն Մալխասյան, բայց երեխեքին ասել է «բոմժեր», «պատին կծեփեմ» եւ այլն։



- Ես բոլորի փոխարեն ներողություն եմ խնդրում: Նա իրեն վատ է պահել, եւ ես ինձ մեղավոր զգում եմ դրանում: Բայց խնդիրն այն է, որ իրենք իրար հետ, նաեւ սպաների հետ այնպիսի վատ, հայհոյախառն լեզվով են խոսում, եւ մենք պայքարում էինք նաեւ դրա դեմ, որ վերադասն ու աշակերտն իրար հետ չգան գրկախառնվեն, համբուրվեն, «ցավդ տանեմ», ջան-ջիգյարով խոսեն: Եթե սկսում են այդ սկզբունքով աշխատել, երեխաները վերադասների համար դառնում են անկառավարելի: Խնդիրն այն է, որ սպան մնա իր դիրքում, սովորողը` իր: Ես սպասում էի սրան, առաջին դեպքը չէր ինձ համար: 2010 թվականին, երբ տնօրեն փոխեցինք, եւ ՊՆ ներկայացուցիչը նորից եկավ, նույն պրոցեսը՝ մի քիչ փոփոխություններով, եղավ այն ժամանակ եւս: Նախորդ տնօրենը երբ եկավ՝ Մուրադյան Արան, սկսվեց բունտային մի վիճակ, եւ մի երկու տարի պետք եղավ, մինչեւ որ մենք կարողացանք հանդարտեցնել իրավիճակը:



- Հիմա ի՞նչ է լինելու:



- Չգիտեմ, առայժմ խաղաղվել են, նախարարության ներկայացուցիչները եկել են, ես բոլորի հետ քննարկել եմ, բանակցել եմ, պատրաստ եմ գնալ զիջումների, խստություններն իջեցնենք, հարցնենք, թե ինչն իրենց չի բավարարում, մեղմացնենք, վերացնենք, ու եթե ես` Մալխասյան Գեւորգս, հանկարծ խախտեցի, ես դիմում եմ տալիս՝ դուրս եմ գալիս, ու նույնն անում է տնօրենը:



- Բայց իրենք վերջնագիր են ներկայացրել:



- Այո, իրենք վերջնագրով են խոսում, որն ընդունելի չէ: Եթե սա կուլ տվեցինք, վաղը-մյուս օրը տնօրենի հետ էլ են վերջնագրով խոսելու: Սա ընդունելի տարբերակ չէ, երբ երեխան բոլորի հետ խոսում է վերջնագրով:



- Ասում են, որ տնօրենը հարվածել է երեխաներից մեկին: Երեկ, կարծեմ:



- Երեկ չի եղել, դա շատ վաղուց է եղել: Ինքը վատ արտահայտություններ է արել: Հետաքրքիր է, որ 9-րդ դասարանը չի բողոքում, որովհետեւ եկել է Նուբարաշենից, եւ այստեղ ինչ-որ խմբավորման խնդիր կա: Բոլոր դասարաններում, որտեղ ես շրջել եմ, անգիր արած՝ նույն արտահայտությունն են ասում` կխփեմ, կծեփվես պատին, դիշովկա:



- Բոմժ:



- Բոմժ չի ասել, ինձ դա չեն ասել, չի հայհոյել, չի վիրավորել, ծեծել-ջարդել: Ես չգիտեմ, դասարան առ դասարան շրջել եմ, հատիկ-հատիկ զրուցել եմ, ու այս երկու բանն են ասել. «Դիշովկեք, ի՞նչ եք եկել ստեղ կանգնել», ու պատերի մասին: Մեկի ուսին էլ մի 15 օր առաջ ձեռքով հարվածել է: Նա էլ ասել է` էլ ինձ չդիպչես:



ՀԳ. «Փոքր Մհերը» փակ հաստատություն է, որտեղ ուսում են ստանում հիմնականում միակողմանի ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաները, որոնց ապագան հաճախ մեկն է` ռազմական ուսումնարան եւ հայոց բանակ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ