«Նաիրիտի» հետ կապված՝ կառավարությունը նոր գաղտնի պլան ունի

«Նաիրիտի» հետ կապված՝ կառավարությունը նոր գաղտնի պլան ունի

Երեկ Շենգավիթ համայնքի դատարանը բավարարեց ՀԷՑ պահանջը «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու մասին։ Այս դատը երկու ամիս հետո էր նշանակված՝ հունվարի 25-ին, բայց, չգիտես ինչու, առաջ գցվեց։ Դատարանը գտել է, որ «Նաիրիտն» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող «անվիճելի վճարային պարտավորություններ» ունի, որոնք չի կատարել, ուստի ՀԷՑ պահանջն արդարացի է եւ ենթակա է բավարարման։ Այն դատարան էր ներկայացվել 2015 թվականի հուլիսին։ Այն ժամանակ «Նաիրիտը» ՀԷՑ-ին մի քանի տարվա հոսանքի պարտք ուներ՝ 1,2 միլիոն դոլարի չափով, ինչը չաշխատող ձեռնարկության դեպքում զարմանալի չէ։ Տարօրինակն այն է, որ ՀԷՑ-ը «Նաիրիտից» ոչ թե իր փողն էր ուզել, այլ պահանջել էր, որ գործարանը սնանկ ճանաչեն։ Սա համընկավ նաեւ Համաշխարհային բանկի կազմակերպած աուդիտի հետ, որի արդյունքներով «Նաիրիտի» վերագործարկումը համարեցին աննպատակահարմար։ Սա նշանակում է, որ իշխանությունները հատուկ նպատակ ունեին «Նաիրիտը» սնանկ ճանաչելու եւ այս մեծ գլխացավանքից ազատվելու, եւ այն ժամանակ հենց այդպես էլ մեկնաբանվեց։ Մյուս բոլոր քայլերը, գործարանը փրկելու ճիգերը զուտ ձեւական բնույթի էին եւ ընդամենը մեր քիմիական գիգանտի «ֆանատներին» հանգստացնելու համար էին՝ նրանց, ովքեր չեն ցանկանում հանձնվել, ովքեր վստահ են, որ դեռ կարելի է ինչ-որ բան անել։ Օրինակ, նոր նախարարի օրոք ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մրցույթ հայտարարեց մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։



Նախարարությունից, նաեւ «Նաիրիտից» վստահեցնում են, որ գործարանով հետաքրքրվողներ կան։ Մեկ էլ հանկարծ՝ սնանկության որոշում, այն էլ՝ ընդամենը 1,2 մլն. դոլարի համար։ Արդյո՞ք այս երկու պրոցեսները չեն խանգարի իրար, եւ ո՞վ կցանկանա սնանկ ճանաչված գործարանի վրա փող դնել։ Կարծիքները տրամագծորեն տարբեր են։ 



«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը վստահեցնում է. «Կարծում եմ՝ կառավարությունը որոշակի քայլեր է մտածել, որպեսզի սնանկ ճանաչելուց հետո առողջացման ծրագիր ներկայացնի։ Ես պաշտոնապես դա չեմ կարող պնդել, բայց, ինչքան ինֆորմացիա ունեմ, կան նման պլաններ»։ Ըստ նրա՝ սնանկ ճանաչելը ներդրողին չի խանգարելու։ «Ինչքան ես եմ հասկանում, մի անգամ մենք այդ ճանապարհով անցել ենք։ Բաժանել ենք գործարանը, պարտքերը թողել մի մասի վրա, որ հետո մրցույթի մասնակիցները գործարանի արտադրական մասը, առանց պարտքերի, վերցնեն։ Ես կարծում եմ, որ գործարանը վերագործարկելու ռեալ ճանապարհներից մեկը դա է»։ «Նաիրիտ» համակարգող խմբի անդամները ոգեւորված չեն սնանկության որոշմամբ եւ բարդությունների են սպասում։ «Եթե ամեն ինչ ճիշտ է, ապա ինչո՞ւ դատը կայացավ ոչ թե հունվարի 25-ին, ինչպես նշանակված էր, այլ՝ արտահերթ։ Ամեն դեպքում՝ կասկածելի, անհասկանալի գործելակերպ է, մութ բան կա այստեղ, եւ ինչո՞ւ են Սամվել Կարապետյանի ձեռքով անում»,- ասաց նրանցից մեկը։ Չի բացառվում, որ սա արվում է պոտենցիալ ներդրողներից մեկի հետ, որը, հավանաբար, պայման է դրել գնելու գործարանի արտադրական մասը միայն։ Այդ դեպքում ինչո՞ւ մյուս ներդրողներին այս նույն հնարավորությունը չընձեռել, եթե ամեն ինչ բաց է ու օրինական։ Եթե սկսվի սնանկության գործընթացն օրենքով սահմանված կարգով, նշանակում է՝ պետք է սնանկության մասին հայտարարություն տրվի, պետք է հավաքվեն գործարանի բոլոր պարտատերերը, ամեն մեկն իր պահանջը ներկայացնի, ու այդ դեպքում արդեն 100 մլն. դոլարից անցնող գումարի մասին է խոսքը լինելու։ Սա նշանակում է, որ այն ներդրումային հայտը, որը տրվել է, ուղղակի չի կատարվի։ Ոչ մի ներդրող, պատկերավոր ասած, չի ցանկանա գալ եւ ընկնել կատաղած պարտատերերի ձեռքը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ