Ոչ մեկին չենք կախելու

Ոչ մեկին չենք կախելու

Մոտ մեկ ամիս առաջ մեր թերթին ճարտարապետ Կարեն Բալյանի տված հարցազրույցը՝ «Մեղավոր են ճարտարապետները՝ իրենց իմպոտենցիայով», մեծ կրքեր է բորբոքել մասնագիտական շրջանակում: Բալյանն իր խոսքում անդրադարձել էր վերջին տարիների քաղաքաշինական թերացումներին, հուշարձանների ոչնչացմանը, ճարտարապետների սխալներին եւ ի պատասխան մեր հարցադրմանը, թե ով է մեղավոր դրանում, նշել էր. «Բոլորս էլ մեղավոր ենք, մեղավոր են ճարտարապետները՝ իրենց իմպոտենցիայով եւ իրենց ոչ բարոյական մոտեցմամբ քաղաքին, գործին, մասնագիտությանը, որն իջավ շատ ցածր մակարդակի»։ Ահա, այս մտքից, իսկ ավելի ճիշտ՝ մի բառից են վիրավորվել ճարտարապետները։ Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը բաց նամակով դիմել է միության նախագահ Մկրտիչ Մինասյանին՝ պահանջելով քննարկել Կարեն Բալյանի վարքագիծը եւ տալ Բալյանի, որպես ճարտարապետի եւ հայի, բարոյական գնահատականը, որից հետո նաեւ պատասխանատվության ենթարկել հրապարակային վիրավորանքի համար։ 



Թե որքանով է ճիշտ մարդուն մեղադրել իր կարծիքն ունենալու եւ այն արտահայտելու մեջ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսել է երկու ճարտարապետների հետ էլ, մի քանի օր հետո վարչության նիստ կանեն, բայց այդպես լուրջ հարցը չեն դնի, քանի որ, ինչպես ինքն է նկատում, «եւ այնտեղ ճշմարտություն կա, եւ այնտեղ մի քիչ անհասկացվածություն... ես ուղղակի նրան ասացի՝ ինչո՞ւ ես ամեն ինչ քո վրա ընդունել։ Բոլորս էլ ինչ-որ չափով մեղավոր ենք, եւ մենք էլ այդքան չէ, ինչքան որ պետական քաղաքականությունը, որպես այդպիսին, չի եղել, թե ընդհանրապես ինչ պետք է արվեր՝ դա է խնդիրը, թե չէ ճարտարապետներն ի՞նչ մեղք ունեն»։ Մինասյանը նշում է, որ ինքը բավականին սթափ է նայում, եւ սա այն հարցը չէ, որ վիճաբանության առիթ դարձնեն ու սրեն իրենց հարաբերությունները. «Մենք այս հարցը դեռ կքննարկենք, բայց կարծում եմ՝ մեր վարչության անդամները նույնպես այս կարծիքին կլինեն, հիմա որեւիցե մեկին ոչ կախելու ենք, ոչ էլ։ Ուղղակի երկու կողմի կարծիքն էլ շատ հասկանալի է»։