Որոշում կկայացվի բուժումներն ավարտվելուն պես

Որոշում կկայացվի բուժումներն ավարտվելուն պես

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտի եւ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի՝ աշխատանքից ազատման հարցի առնչությամբ նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով պատասխանել էր մեզ՝ նշելով, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտը հայտնաբերել է ֆինանսական խախտումներ, ինչը հիմք է հանդիսացել քննարկելու ՊՈԱԿ-ի տնօրեն Պողոսյանի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը. «Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Վլադիմիր Պողոսյանն աուդիտի արդյունքների քննարկման օրերին բուժումներ է սկսել ստանալ նախ պոլիկլինիկայում, ապա այլ բուժհաստատությունում։ Շատ հստակ է՝ բուժումները (ժամանակավոր անաշխատունակությունը) ավարտվելուն պես կկայացվի որոշում»։ 



Նշենք, որ մշակույթի նախարարի հրամանով աուդիտը նախանշված է եղել նոյեմբերի 9-30-ը, եւ մինչ օրս այն չի ավարտվել, քանի որ այսօրվա դրությամբ նախարարությունից որոշակի տեղեկանքներ, փաստաթղթեր են պահանջել: Աուդիտի քննարկում դեռ չի անցկացվել մի պարզ պատճառով, որ այն դեռ ընթացքի մեջ է, ավարտից հետո պետք է ամփոփվի, կազմվի նախնական հաշվետվություն եւ ուղարկվի ՊՈԱԿ` 5-օրյա ժամկետում առարկություն, կարծիք, դիրքորոշում ներկայացնելու համար:



ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեր զրույցի պահին էլ հիվանդանոցում էր եւ բուժումներ էր ստանում։ Նա նշեց, որ երբ ստանան աուդիտի արդյունքները, այդ ժամանակ էլ կտա իր պարզաբանումները։ Նախարարությունը, ամեն դեպքում, թեկուզ աուդիտը չավարտած, օգտագործել էր «ֆինանսական չարաշահումներ» արտահայտությունը, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը։ «Ընդհանրապես, օրենքը թույլ չի տալիս պաշտոնական անձին նման հայտարարություն անել, այդքան բան»,-նշեց Պողոսյանը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ