Կառաջադրեն՝ լավ, չեն առաջադրի՝ էլի լավ

Կառաջադրեն՝ լավ, չեն առաջադրի՝ էլի լավ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ հաջորդ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Գրիգորյանը, հիշեցնենք, ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, ծնունդով՝ Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղից։ Պատգամավոր է ընտրվել թիվ 20 ընտրատարածքից՝ մեծամասնական ընտրակարգով։ Գրիգորյան պատգամավորները, սակայն, այնքան էլ մտերիմ հարաբերությունների մեջ չեն՝ որպես բարեկամներ, ավելի շուտ, կարելի է ասել, ոխերիմ «բարեկամներ են»։ Եվ հիմա, եթե որոշվի, որ Գրիգորյաններից երկուսն էլ կրկին առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով նույն ընտրատարածքում, դե յուրե բարեկամների միջեւ թեժ մրցակցություն է գնալու։ Բայց Հրանտ Գրիգորյանը դեռ տեղյակ չէ, թե ինչ որոշում կկայացվի իր մասով։ Թեեւ, եթե մի փոքր ողջամտություն կա ՀՀԿ-ում, ոչ գեներալը պետք է առաջադրվի, ոչ նրա եղբորորդին՝ խորհրդարանը նրանց տեղը չէ։



«Իմ մասնակցելով չէ, ես կուսակցական մարդ եմ, կուսակցությունը պիտի առաջադրի, իմ մասնակցելո՞վ է»,-մեր հարցին ի պատասխան՝ զարմացավ նա։



- Իսկ Դուք ուզո՞ւմ եք։



- Որ ասեմ՝ չեմ ուզում, կհավատա՞ս։



- Դե, մարդ կա, օրինակ, հոգնել է, չի ուզում, հասկանում է՝ ծանր բեռ է կրում իր ուսերին այդ մանդատով, որի տակից դժվարանում է դուրս գալ․․․



- Չէ․․․ երեւի անելու բան կա, որ առաջադրեն, կաշխատենք։



- Ի՞նչ եք արել այս չորս տարիների ընթացքում՝ որպես պատգամավոր։



- Ինչ կարողացել, արել եմ, ուժս ինչքան որ պատել է։



- Դժվար չի՞ լինի ռեյտինգային կարգով ընտրապայքարը Ձեզ համար, քանզի շատ են դժգոհում այդ համակարգից։



- Օրը կգա, բարին՝ հետը։ Չորս անգամ ընտրվել եմ, օրը կգա, բարին՝ հետը, ի՞նչ ասեմ։



- Այսինքն՝ վստահություն ունե՞ք, որ նորից կընտրվեք։



- Կարող է։ Եթե կառաջադրի կուսակցությունը, կփորձեմ։



- Ձեր տարածքում նաեւ Ձեր հարազատներն են լինելու (Մանվել Գրիգորյանի ու նրա զավակների մասին է խոսքը), որոնք մրցակցության մեջ կմտնեն Ձեզ հետ․․․



- Չեմ կարող ասել՝ ով որտեղ կլինի, ժամանակից առաջ չընկնենք։



- Եթե Սերժ Սարգսյանը չցանկանա, որ առաջադրվեք, ի՞նչ եք անելու, ինչո՞վ կզբաղվեք։



- Ոչ մի բան, ի՞նչ պիտի անենք։ Իսկ զբաղվելու շատ բան կա։ Էլի եմ ասում՝ օրը կգա, բարին՝ հետը։



- Բարին ո՞րը կլինի, որ Ձեզ նորի՞ց առաջադրեն։



- Չէ, էդ իմաստով չեմ ասում։ Կառաջադրեն՝ լավ, չեն առաջադրի՝ էլի լավ, խնդիր չկա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ