Հանրապետականը նորանում է, բայց նոր որակներ ձեռք չի բերում

Հանրապետականը նորանում է, բայց նոր որակներ ձեռք չի բերում

Հինգշաբթի օրվա ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրեթե վստահ հայտարարեց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում կնշանակվի ՀՀԿ ԳՄ նորաթուխ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սա, հիշեցնենք, ՀՀԿ վերջին համագումարի նորամուծություններից է՝ Սերժ Սարգսյանից հետո ունենալ կուսակցության երկրորդ դեմք՝ առաջին փոխնախագահ, մյուս փոխնախագահների կողքին։ Կարեն Կարապետյանին այս պաշտոնում նշանակելը նրա քաղաքական հարգը մեծացնելու ձեւ է՝ ԳՄ անդամ դարձնելուց բացի։ Բայց եթե առաջին տեղակալի մասով արդեն հստակ է, ապա անհայտ է մյուս փոխնախագահների հարցը, թե ովքեր կլինեն, կպահպանե՞ն նախկին փոխնախագահներն իրենց կարգավիճակը, թե՞ նրանք եւս կթարմացվեն նոր դեմքերով։ Հիշեցնենք, որ ՀՀԿ ղեկավար մարմնի՝ ԳՄ կազմը ՀՀԿ վերջին՝ 16-րդ համագումարով համալրվեց եւ որոշակի փոփոխության ենթարկվեց։



Նախկին 19 անդամները դարձան 21, արդյունքում՝ երկու նախկին ԳՄ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Դերենիկ Դումանյանը, դուրս եկան գործադիրի կազմից, փոխարենն ավելացան երկու նորաթուխ եւ երկու հին, բայց երիտասարդ ՀՀԿ-ականներ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոնք նոր են անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես նաեւ արդարադատության մեկ տարվա նախարար Արփինե Հովհաննիսյանն ու նախկին ՕԵԿ-ական, նախկին ՄԻԱԿ-ական, այժմ ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը։ Այս պահի դրությամբ ՀՀԿ փոխնախագահները չորսն են՝ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Մուշեղ Լալայանն ու Գալուստ Սահակյանը։



Շարմազանովը նախօրեին ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այս չորս փոխնախագահները կպահպանեն իրենց դիրքերը, միայն առաջին տեղակալ կնշանակվի Կարեն Կարապետյանը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կունենա արդեն հի՞նգ տեղակալ, ասել է թե՝ Կարեն Կարապետյանի համար առանձին հաստի՞ք է ստեղծվում, թե՞ այդ չորսից մեկն իր տեղը կզիջի Կարապետյանին։ Շարմազանովը դժվարացավ պատասխանել՝ երկու տարբերակն էլ չբացառելով։ Ի դեպ, երբ հարցրինք՝ եթե որոշվի այդ չորս փոխնախագահների կազմում փոփոխություն մտցնել, ովքե՞ր կփոխարինեն նրանց, Շարմազանովն ասաց՝ ով էլ որ փոխարինի, մեկ է, ԳՄ անդամներից է լինելու։ Հնարավո՞ր է՝ նորաթուխ ԳՄ-ականներից, օրինակ՝ Սամվել Ֆարմանյանը կամ Արփինե Հովհաննիսյանը նաեւ փոխնախագահ դառնան։ Դժվար է ասել։ Նկատենք, որ այս չորս փոխնախագահներից հանրությանն ամենաանհայտը Մուշեղ Լալայանն է։ Նա ՀՀԿ ներսում՝ որպես կուսակցական, հին եւ հայտնի դեմք է, ՀՀԿ լոկոմոտիվներից կամ գաղափարախոսներից մեկը, բայց քանի որ մշտապես կուլիսների հետեւում է եւ Աշոտյանի, Աբրահամյանի կամ Գալուստ Սահակյանի նման ամբողջ կյանքում պաշտոն չի զբաղեցրել, ուստի հանրությանն անհայտ է։ Ամեն դեպքում, հազիվ թե ՀՀԿ-ում որոշեն նսեմացնել նրա տարիների ավանդը եւ փոխնախագահից ուղարկեն շարքային ԳՄ-ականների շարքերը։ Հովիկ Աբրահամյանին ու Գալուստ Սահակյանին էլ դժվար թե «գահընկեց» անեն, եթե իրենք չցանկանան, իհարկե։ Հատկապես Աբրահամյանի մասով, փոխնախագահի կարգավիճակից զրկելն էական հարված կլինի նրան նախընտրական այս շրջանում ու նաեւ ակնարկ, որ նա դադարում է առանցքային ֆիգուր լինել ՀՀԿ-ում, իսկ նրա տիրապետած ռեսուրսներն այսօր ավելի քան պետք են ՀՀԿ-ին։ Նշենք, որ խոսակցություն կա, թե Հ․ Աբրահամյանը նեղսրտած է հարազատ կուսակցությունից, եւ որ եթե նախկինում խոսվում էր, որ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը, ապա հիմա այդ խոսակցություններն էլ չկան։ Մնաց Աշոտյանը, ով ԿԳ նախարարի պաշտոնը թողնելուց հետո մնացել է անպաշտոն, ու թերեւս նրա բախտը որոշվի ընտրություններից հետո։ Սակայն եթե անգամ Աշոտյանին կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում չեն արժեւորում, ապա զուտ ՀՀԿ-ի համար նա շատ բան է արել, եւ դա գնահատվում է։ Նա իր վրա վերցրեց Բաղրամյանի հայտնի դեպքերի թուքումուրը, նախարարի պոստը թողնելուց հետո էլ ակտիվորեն լծվեց կուսակցական աշխատանքի՝ պատասխանելով իրենց ուղղված քննադատություններին, ՀՀԿ-ին առնչվող հարցերին, ոչ մի նեղացածություն ցույց չտալով։



Բայց ՀՀԿ-ի ներսում վերջին շրջանում հատկապես սկսել են խոսել Արփինե Հովհաննիսյանի քաղաքական կշիռը բարձրացնելու մասին։ Նա, լինելով Հովիկ Աբրահամյանի պրոտեժեն, սահուն անցում կատարեց առավել ինտելեկտուալ թիմ՝ արժանանալով Դավիթ Հարությունյանի, հիմա էլ, ասում են՝ Կարեն Կարապետյանի հովանավորությանը։ Եվ չնայած թե՛ պատգամավոր եղած տարիներին, թե՛ նախարարի պաշտոնում նա առանձնապես ակտիվ չի եղել որպես կուսակցական եւ քաղաքական գործիչ, եթե չասենք՝ անգամ խուսափել է քաղաքական հարցադրումներից ու քաղաքական բեռի տակ մտնելուց, սակայն թիմի նորացման, երկարոտն, համակրելի կանանցով ՀՀԿ-ն համալրելու կոնցեպցիայի մեջ լիովին տեղավորվում է։ Չմոռանանք, որ նա նաեւ մասնագիտությամբ իրավաբան է, շատ ավելի հաջող օրենսդիր, քան գործադիր պաշտոնյա, եւ թղթի հետ աշխատելը նրա մոտ ավելի լավ է ստացվում, քան մարդկանց հետ աշխատանքը։ Դառնալով ՀՀԿ ԳՄ անդամ, սակայն, նա ակամա արդեն ստիպված է նաեւ քաղաքական լուրջ բեռ կրել ուսերին։ Եվ չի բացառվում, որ եթե ՀՀԿ փոխնախագահների ռոտացիայի հարց առաջ քաշվի, ապա հենց նրա թեկնածությունն առաջադրվի։ Այլ հարց է, թե երիտասարդ ՀՀԿ-ականը որքանով կարդարացնի իրեն՝ որպես ի պաշտոնե ՀՀԿ քաշող ուժերից մեկը, եւ ինչպես դրան կվերաբերվեն ՀՀԿ հնաբնակները։ Եվ հայտնի չէ, թե աշխատանքից դուրս ժամերին նա ում հրահանգները կլսի եւ ում համար կդառնա ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ