Ներքին խնդիրները չի կարելի դուրս գրել ղարաբաղյան հարցի վրա

Ներքին խնդիրները չի կարելի դուրս գրել ղարաբաղյան հարցի վրա

Հայաստանի առաջին եւ, ինչպես սիրում են նշել «կոնգրեսականները», հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀԱԿ համագումարում հանդես եկավ մի ծավալուն խաղաղասիրական ելույթով։ 2008-ի մարտի 1-ից սկսած միայն «Սերժիկ, հեռացիր», «ռեժիմը խուճապի մեջ է», «ավազակապետությունը պետք է հեռանա», «գնացինք Բաղրամյան 26-ը գրավելու» եւ այսօրինակ այլ բնույթի կոչերով հանդես եկող Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ելույթ ունեցավ աննախադեպ համերաշխություն, խաղաղություն եւ բարիդրացիություն քարոզողի դիրքերից։ Եվ այդ ամենը նա բացատրեց երկրի առջեւ ծառացած թիվ մեկ խնդրի՝ ղարաբաղյան հարցի լուծման առաջնահերթությամբ։ Ասել է թե՝ Հայաստանի ամենահայտնի «Լեւոն պապին» որոշեց ներկայանալ գրեթե խաղաղության ջատագով Հռոմի պապի կերպարով։ «Անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով»,-իր ծավալուն ելույթի վերջին մասում հայտարարեց ՀԱԿ առաջնորդը՝ ըստ էության վերջնականապես հրաժարվելով «ռեժիմի հեռացման» հռետորաբանությունից։



Առաջին նախագահը նաեւ հանդես եկավ իշխանության որդեգրած «ազգ-բանակ» գաղափարախոսության մանրամասն քննադատությամբ եւ ղարաբաղյան հարցի կարգավորման իր տեսլականով, որը հիմնականում նորություն չէր։ Նա հերթական անգամ ի ցույց դրեց իր ինտելեկտուալ ողջ ներուժը, պատմական հարուստ գիտելիքներն ու քաղաքագիտական հզոր պոտենցիալը։ Պատմական էքսկուրս կատարեց մինչեւ միջնադար՝ հիշեցնելով «ազգ-բանակի» ստեղծման Մոնղոլիայի, Շվեյցարիայի եւ Իսրայելի փորձերը։ Ապա բացատրեց, թե ինչու մենք չենք կարող այս երեք երկրների, այդ թվում՝ որպես դրոշակ դարձրած Իսրայելի օրինակով ստեղծել «ազգ-բանակ»՝ դրա հիմքում դնելով բնակչությունից «1000 դրամ մուրալու խայտառակ օրենքը», որը, ըստ նրա, վերջնականապես վարկաբեկում է «ազգ-բանակ» գաղափարը։ Տեր-Պետրոսյանն այնպիսի փաստարկներով է ներկայացնում այս գաղափարի սին ու պսեւդոհայրենասիրական, նախընտրաքարոզչական լինելը, որ ուղղակի զրոյացնում է գործող իշխանությունների, նորաթուխ նախարար Վիգեն Սարգսյանի երկնած այդ հնչեղ մտահղացումը։ Ի դեպ, նախկինում կիրառված «ռեժիմ» եզրույթը Տեր-Պետրոսյանն այս ելույթով փոխարինում է նոր՝ ավելի «քնքուշ» մի հասկացությամբ՝ «վարչախումբ»։ Այս ամենով հանդերձ՝ Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանում արտագաղթի հիմնական պատճառը պատերազմն է։ Ստացվում է՝ հայ ժողովուրդը պատերազմի ժամանակ ունակ է սեփական երկիրը թողնել ու փախչել՝ կաշին փրկելու, հայրենիքը հանձնելու գնով։ Նրա այս միտքը քննադատության արժանացավ սոցցանցերում։



Ամեն դեպքում, առաջին նախագահի ելույթի՝ կարմիր թելով անցնող գլխավոր միտքը հետեւյալն է․ ժողովրդին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Եվ այստեղ նա կրկին անդրադառնում է փոխզիջումային իր մոտեցումներին, որը հայտնել էր 18 տարի առաջ։ Եվ իրեն քննադատողներին համարում է «ոչմիթիզհողականներ»։ Ըստ նրա՝ «վարչախումբը, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը»։ Եվ հստակորեն մատնանշում է, որ ղարաբաղյան հարցի լուծման մեկ ճանապարհ կա՝ փուլային տարբերակը, որը, բնականաբար, իրենից փոխզիջում է ներկայացնում՝ Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց։ Բայց առաջին նախագահն այս հարցի վերջնական լուծումը որեւէ կերպ չի մատնանշում։ Նրա խոսքից չի հասկացվում, թե որոնք են այն մեխանիզմներն ու երաշխիքները, որոնք փուլային ճանապարհով լուծման վերջին էտապում կապահովեն Արցախի անկախությունը։



ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի համար եւս անհասկանալի է մնում, թե ինչպես պետք է հասնենք Ղարաբաղի անկախության ճանաչմանը Տեր-Պետրոսյանի այս տեսլականով։ «Այդ թեզն ինձ ծանոթ է, դա նորություն չէ, այսինքն՝ ինքը հավատարիմ է իր քաղաքական գծին, 97 թվից հետո չի շեղվել դրանից, բայց էսպես ասեմ՝ ինձ համար, մեղմ ասած, ընդունելի չեն այդ մոտեցումները։ Ի՞նչ է նշանակում՝ մենք զիջենք տարածքներ, դրա արդյունքում լինի Ղարաբաղի ժամանակավոր, անհայտ կարգավիճակ, խաղաղապահներ տեղադրենք, հետո նոր կճշտենք, թե ինչ է լինելու։ Բայց էստեղ կարեւոր մեսիջը դա չէ, այլ այն, որ եթե իշխանությունները չեն կարողանում վարել արդյունավետ քաղաքականություն, եւ միայն պիտի լինի ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի խնդիր կամ ուրիշ մի սթրեսային իրավիճակ, որ նոր ուշքի գանք ու ասենք՝ պետք է կոռուպցիայի դեմ պայքարենք, ազգովի համախմբվենք եւ այլն, այսինքն՝ եթե երկրում լավ չի կառավարվում տնտեսությունը, արտաքին մարտահրավերներին չենք կարողանում համարժեք դիմակայել, դա արգումենտ չէ, որ պետք է անպայման գնանք փոխզիջումների»,- ասաց Մելքումյանը՝ նշելով, որ ներքին խնդիրները չի կարելի դուրս գրել ղարաբաղյան հարցի վրա։ Ըստ նրա՝ մինչեւ ամբողջ շփման գծի երկայնքով չդնենք հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հետաքննություններ անցկացնելու գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ օպտիկամանրաթելային մալուխը, չենք կարող նստել բանակցության սեղանի շուրջ։



ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ այժմ «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ մոտավորապես նույն տրամաբանությամբ կարծիք հայտնեց, ինչ Մելքումյանը։ «Ղարաբաղի հետ կապված մեր պատկերացումները մի քիչ այլ են այն իմաստով, որ անընդհատ ասել՝ փոխզիջում եւ հաշվի չառնել, թե այսօր ինչպիսին է Ադրբեջանի լեքսիկոնը, որովհետեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ հիմա տալիս ենք կես մասը՝ Ղարաբաղով-բանով, իսկ հետո Երեւանն ու Զանգեզուրը, մի քիչ չի բռնում, էլի։ Մենք ի՞նչ փոխզիջում ենք անում, երբ որ հայտնի չէ՝ դիմացինն ինչի է պատրաստ, եւ դիմացինը որեւէ բան զիջման մասին իր կողմից չի ասել, ինձ համար անհասկանալի է դառնում փոխզիջումը»,-ասաց նա։ Մարգարյանը նաեւ կարծում է, որ ճիշտ չէ Ղարաբաղի հարցի լուծված կամ չլուծված լինելը կապել Հայաստանի զարգացման հետ։ Ըստ նրա՝ իշխանությունը նրա համար է, որ այնպիսի զարգացման ծրագիր ներկայացնի, որը կապված չլինի այդ հարցի լուծման հետ։



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, մինչեւ բուն թեզերին անցնելը, նախ բացասական գնահատեց Սերժ Սարգսյանի հետ համերաշխության, բարիդրացիության կոչ-ակնարկները՝ հիշեցնելով, որ դրանք նոր երեւույթ չեն։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի լուծմանն ու հողերը զիջելու թեզին, Մարտիրոսյանը դա անընդունելի է համարում։ «Պատմությունը ցույց է տվել, որ այդ թեզը, ինչպես նախկինում, հիմա էլ հասարակության մեծամասնության, նաեւ զինվորականների կողմից անընդունելի է։ Եվ դրա լավագույն ապացույցն ապրիլյան պատերազմն էր, որ մեր զինվորները բացարձակ ցանկություն չունեն հող տալու, այլ հակառակը՝ հող պահող զինվորներ են»,-ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանն իր այդ թեզը հիմնավորում է անվերջ առճակատման չգնալու եւ խաղաղության հասնելու գաղափարով, Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 1918-ին էլ հայերի մի մասը չէր ցանկանում առճակատում թուրքերի հետ, եւ Կարսի ամրոցն առանց դիմադրության հանձնեցին։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ առաջին նախագահի այս առաջարկություններն ուղղակի դավաճանություն է համարում։ Մարտիրոսյանն ասաց, որ ինքը նման որակում չէր տա, բայց կարող է ասել, որ այդ թեզն իր համար, միանշանակ, անընդունելի է։



Բայց, անկախ ամեն ինչից, Մարտիրոսյանի համար ընդունելի են Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական մեխերը՝ կոռուպցիայի, խաղաղության հատվածը եւ այլն, սակայն կարծում է, որ խաղաղության համար պետք է ունենալ ամուր դիրքեր։



«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որը հայտնել է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական լսարանի համար։ Ինքը համաձա՞յն է այդ պատկերացումների հետ, Մարգարյանն ասաց․ «Ես մնում եմ այն համոզմանը, որ Ղարաբաղի խնդիրը, իհարկե, պետք է, միանշանակ, փոխզիջումային տարբերակով լուծվի։ Բայց ոչ թե փուլային, այլ փաթեթային տարբերակով՝ հօգուտ, բնականաբար, Ղարաբաղի ժողովրդի։ Եվ, ամենակարեւորը, այստեղ պետք է որոշումը կայացնի հենց ժողովուրդը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ